Загрузка...
14:18
Զորամա՞ս, թե սադոմազոխիստական դժոխք. սպանության մեջ մեղադրվող զինվորի կալանքը չեն երկարացրել

Տավուշի մարզի փոքրիկ գյուղակը, որտեղ մեզ բերեց երկար, ոլորապտույտ ճանապարհը, Հայաստանի հեռավոր սահմանային կետերից է, Վերին Կարմիր Աղբյուր, Մովսես, Չինարի գյուղերի հարևանն է: Այստեղ գտանք «Եղնիկներում» ծառայող այն զինվորի տունը, որը մոտ կես տարի  փակված է Շուշիի բերդում: Նրան մեղադրում են իր ծառայակից ընկերոջը՝ Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար /Քր. Օր-ի  104-րդ հոդված, մաս առաջին/: 

 

Ըստ նրա խոստովանության, Նարեկ Ադիբեկյանը շուրջ երեք ամիս հետապնդել, ծեծել, բռնաբարել է իրեն, ինչի արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 11-ին, իր խոսքերով, այն բանի հետո, երբ որ Ադիբեկյանն իրեն «ծնող է հայհոյել», նրանից թաքուն լիցքավորել է իր ինքնաձիգը և առանձին մենահատ կրակոցներ արձակելով, առնվազն 8 անգամ սպանել է Նարեկ Ադիբեկյանին: «Պաշտոնական» մարդասպանի քույրը գտնում է, որ եթե այն ամենն, ինչ իրեն հասել է այս դեպքի մասին, ճշմարտություն է  և իր եղբայրը «երեք ամիս տանջվել է, նոր է արել այդ բանը», ուրեմն, լավ է արել, որ սպանել է. «Բա ի՞նչ պետք է աներ, ինքն իրե՞ն սպաներ: Հիմա ասում են՝ թույլ ա եղել, որ թողել ա, իր հետ տենց վարվեն, բայց եթե ինքնասպան լիներ, ավելի թույլ կգտնվեր», -ասում է նա: 

 

Զինվորի անուն-ազգանունը, գյուղի անունը չենք հայտնում, սպանության մեջ մեղադրվող տղայի հարազատների խնդրանքով: Նրան պայմանական Մ.Մ. անվանենք: 

 

Ամոթալի մանրամասները՝ մորից թաքուն 

 

Զ-ն տեղյակ չէ, թե ինչու է որդին կրակել, դեպքի ամոթալի մանրամասները նրանից թաքուն են պահել, խնայելով մոր սիրտը: Նա սպանության մասին իմացել է երկու օր հետո. «Դեկտեմբերի 11-ին ա եղել, մեզ զանգել են 13-ին, ասել են, որ ձեր երեխան զինվոր ա խփել»: Մայրը պատմեց նաև, որ հետագա ամիսներին ընդամենը մի անգամ է տեսել որդուն, 5-6 րոպե է հնարավորություն ունեցել խոսել հետը, երբ տղային բերել էին Նուբարաշենի հոգեբուժարան՝ դատաբժշկական փորձաքննության: 

 

«Փետրվարի վերջին բերել են հոգեբուժարան: Ասեց՝ ես եմ սպանել, ասեց՝ մամա, ինձ անընդհատ ճնշելիս է եղել: Տարածքում ոստիկաններ էին պտտվում, մեզ երկար չեն թողել, որ խոսենք», - պատմում է կինն արտասվելով, բայց և այնպես հավատա,ով, որ սպանողը որդին է: Ինչո՞ւ եք հավատում հարցին, պատասխանում է. «Ինքն է ասել»: 

 

«Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ»

 

Մինչդեռ նրա համագյուղացիները զարմացել են, երբ լսել են, որ Մ.Մ-ն մարդ է սպանել: «Էդ երեխեն էնքան խելոք էր, հանգիստ, խեղճ: Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ: Էդքան խելոք էր», - ասում է Մ.Մ-ի մասին գյուղապետը:  «Նա խեղճ երեխա էր, մի ճանճի էլ կյանքում վնաս տված չկա», - պատմում է զինվորի հարևանուհին: Իսկ մայրը տրնտջում է. «Իմ տղան խեղճ էր: Երես տալ , բան չի ունեցել, մեր տան հոգսը հավասար քաշում էր: Հավասար մեզ հետ աշխատում էր»:  

 

Համագյուղացիները պատմեցին նաև, որ Մ-ի երկու ափերի մեջ այրվածքներ են եղել: «Ասում են, էդ տղային ամբողջ զորամասով ճնշելիս են եղել: Նրան նստեցրել են մեջտեղները, ձեռքերը պարզած, երկու կողմից զինվորները ծխել են, մոխիրը թափ են տվել ափերի մեջ», - պատմեց Մ. Մ-ի հարևաններից մեկը: Այս նկարագրությունից արդեն երևում է, որ Մ.Մ-ին տանջողը մեկը չի եղել: 

 

Ըստ դատաբժշկական եզրակացության, նրա ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ են նկատվել նաև շուրթերի, այտերի, հետույքի, քթի, ամորձապարկի շրջանում, ուղիղ աղու լորձաթաղանթի արյունազեղումներ, մաշկի արտափքվածքներ, ճեղքեր, պատռվածքներ հետանցքի շրջանում երակների հիվանդագին փոփոխություններ, կոշտ և բութ առարկայի ներթափանցումների հետքեր: Այս ամենի մեղավորը նախաքննության մարմինը կարգել է սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանին: 

 

Մ.Մ-ի մայրը ասում է, որ որդին ամեն անգամ մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո, ընկել է բուժմաս: «Առաջին անգամ իջավ, «սանչաստում» էր, երկրորդ անգամ էլի, զանգեց, ասեց՝ սանչաստում եմ, մի երեք անգամ տենց ա եղել: Ասում էր՝ ականջս է ցավում, մի անգամ էլ իջավ՝ ոտներս են ցավում, ինչ էին անում երեխիս հետ, չգիտեմ», - պատմում է չարքաշ կինը: 

 

Մինիմում 12 պարկուճ է կրակված,  բայց  քննիչը  ցույց է տվել 6-ը 

 

Ընտանիքում հավատում են ԼՂՀ երրորդ կայազորային վարչության քննիչներին: Ի տարբերություն նրանց, Նարեկ Ադիբեկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը կասկածի տակ են առնում պաշտոնական վարկածը: Նրանք, ուսումնասիրելով փորձագիտական եզրակացությունները, նկատել են, որ քննիչները հանել են փորձագետներին ներկայացված փաթեթից դրա վրա նշված պարկուճը, որից կարելի էր որոշել, թե ում զենքից է այն կրակվել, և փոխարինել են այն փամփուշտով, փաստորեն, պարտակելով կրակողին հայտնաբերելու հնարավորությունը: Նաև այլ կեղծիքներ են կատարել: /Մանրամասները այստեղ: 

 

«Դեպքի վայրում կրակել է ոչ միայն Մ. Մ-ն, որը, ըստ նյութերի, անակնկալ սկսել է կրակել Ադիբեկյանի ուղղությամբ, այլ նաև Ադիբեկյանը, կամ ևս մեկ այլ անձ, կամ անձինք: Մենք ունենք փորձաքննության խմբի կողմից ֆիքսված երեք հանցագործություն: Առնվազն 6 պարկուճ նախաքննության մարմնի կողմից պարտակվել է: Մինիմում 12 պարկուճ է կրակված, բայց ցույց է տրված քննիչների կողմից ընդամենը 6 հատ», - ասում է Հայարփի Սարգսյանը: Նա բողոք է ներկայացրել քննիչների դեմ, որի վերաբերյալ դեռ պատասխան չի ստացվել: Բողոքի մասին Մ.Մ-ի ընտանիքի անդամները տեղյակ չեն: Նրանք անգամ չգիտեն, որ իրենց որդին, որը  ամսից ավելի ծառայել է «Եղնիկներում», զորակոչվել է սահմանափակումներով, քանի որ բժշկական հանձնաժողովը նրա վերաբերյալ եզրակացությամբ ամրագրել է, որ երիտասարդը «մանկամիտ է»: 

 

Չնայած դրա, Մ. Մ-ն 10 ամիս ծառայել է առաջնագծում, մարտական հերթապահության է գնացել դիրքեր, զենք է կրել: «Եթե նա էդ շեղումներն ունի, ինչու է 1 ամիս դիրքերում ծառայել, ինչու են զենք տվել», - հարցնում է զինծառայողի քույրիկը: «Ստեղից սահման 4 կիմոլետր ա, իմ երեխեն մեր հայաթում պետք է ծառայեր, սա սահմանամերձ գոտի ա,բայց իրան հանել, տարել են Ղարաբաղ:  Դա ի՞նչ արդարություն ա», - ավելացնում է մայրը: 

 

«Իմ պաշտպանյալն ինչ ասել է, ես դա եմ ասում»  

 

Ըստ հարազատների, սպանության մեջ մեղադրվող որդուն՝ Մ. Մ-ին մինչև մայիսի կեսերը պահել են Շուշիի բերդում, սակայն այժմ նա վերադարձել է ծառայության և գտնվում է Ստեփանակերտում, ռազմական ոստիկանության հսկիչ-անցագրային կետում,  որտեղ զորանոցային պայմաններ են ապահովվում քննության տակ գտնվող, կամ ինչ ինչ պատճառներով մեկուսացված զինծառայողների համար: 

 

Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, ինչո՞ւ են Մ. Մ-ին տեղափոխել ոստիկանություն,նրա մեղադրա՞նքն է փոխվել: Երրորդ կայազորայնին քննչական վարչության  պետի տեղակալ Արտակ Ոսկանյանը պատասխանեց Forrights.amին. «Ոչ, մեղադրանքը նույնն է: Նախաքննության վերաբերյալ որևէ ինֆորմացիա չեմ կարող հայտնել»: Իսկ Մ. Մ-ի շահերի պաշտպան Մարինա Հակոբյանը մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են ռազմական ոստիկանություն, քանի որ այս անգամ դատարանը չի ընդունել նրա կալանքը երկարաձգելու քննիչների միջնորդությունը: Ի՞նչ հիմնավորմամբ: Արդյոք, սա նշանակում է, որ դատարանը չի հավատում, որ սպանողը Մ. Մ-ն է: 

 

«Ես կարող եմ ընդամենը ասել, որ դատարանը կալանքի ժամկետը չի երկարացրել», - ասաց փաստաբանը: Նրա հետ կարճ հեռախոսազրույց ունեցանք: 

 

 -Դուք տեղյակ եք, որ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանները բողոք են ներկայացրել քննչական մարմնի դեմ: 

 

 -Ոչ: -Դուք հավատու՞մ եք, որ Մ. Մ-ն է սպանել Նարեկ Ադիբեկյանին: 

 

 -Իմ պաշտպանյալն ինչ ասել է, ես դա եմ ասում: Ինքը ասում է՝ ես եմ: 

 

 -Ձեր անձնական կարծիքն է հետաքրքիր: Հնարավո՞ր եք համարում, որ Մ. Մ-ին այլ անձինք էլ ճնշած լինեն, որ դեպքի վայրում այլ կրակող, կամ կրակողներ եղած լինեն:

 

 -Չկա նման բան: Իմ անձնական կարծիքը թողենք մի կողմ: Ծավալուն գործ է, մեծ աշխատանք է կատարվել, հասել ենք ավարտին: Չկա նման փաստ, որ երբևէ որևէ մեկի հետ Մ.Մ.-ն վիճաբանած լինի, բոլոր դրվագները կապված են Նարեկի հետ:

 

 

http://forrights.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 796 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: