Загрузка...
14:07
Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր արարքներով՝ Հայաստանն ավելի արդար չի դառնա. Արմեն Աշոտյան

Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա։ Ֆեյսբուքում նման գրառմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը ԱԺ ղեկավարությանը չհրավիրելուն։

Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու համար ՀՀԿ խմբակցությանը երեք հրավեր էր ուղարկվել, որոնցից մեկը նախատեսված է եղել Արա Բաբլոյանի համար։ Վերջինս հրաժարվել է մասնակցել տոնակատարությանը, քանի որ հրավիրվել էր ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ պատգամավոր։

Հարցը լայն քննարկումների տեղիք է տվել։ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀԿ֊ի խնդիրները սկսվեցին այն պահից , երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին։

Կամ իրականությունը պետք ասել, կամ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։

Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա։

Կրկին շնորհավոր մեր բոլորի տոնը»։

 

Հարցին արձագանքել է նաեւ վարչապետի  աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ վստահեցնելով, որ Արա Բաբլոյանը Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին հրավիրված է եղել թե որպես Ազգային ժողովի նախագահ և թե որպես խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ՝ փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղե՞լ է հրավիրված անձանց ցուցակում, թե՞ ոչ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրել է Աղաջանյանը:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին, պատասխանել էր. «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում: Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում:

Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը կարող էր ինձ իր տղայի բանակի քեֆին չհրավիրել, բայց ոչ այսօր՝ Սարդարապատ: Կարող է իր ընտանեկան միջոցառմանը չհրավիրել, բայց կա պրոտոկոլ, կա գործընկերություն և կա առնվազն՝ գործադրի և օրենսդրի փոխադարձ հարգանքի ու իշխանությունների տարանջատման սկզբունք, որը ուզում է վարչապետը Փաշինյանը լինի,Սարգսյանը լինի, պարտավոր են բոլորը հարգել»:

 

 

https://www.pastinfo.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 425 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: