Загрузка...
08:32
Վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս,կարող են նաև վտանգավոր լինել. Վիգեն Սարգսյան

 

 

Այսօր Եռաբլուրում «Առավոտի» թղթակցի հարցերին պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան,  ինչպե՞ս  եք վերաբերում ձևավորվող նոր կառավարությանը:

-Հաջողություն եմ մաղթում: Հատկապես մեր երկրի համար կենսական` պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում: Դա շատ կարևոր է: Այդ ոլորտներում յուրաքանչյուր հաղթանակ` մեր բոլորի հաղթանակն է, յուրաքանչյուր պարտություն` մեզանից ամեն մեկի, մեր ընտանիքների և զավակների համար լրջագույն մարտահրավեր: Դա էր պատճառը, որ այսօր նախարար Տոնոյանին մանրակրկիտ և բազմաժամ բրիֆինգի ընթացքում փոխանցեցի պաշտպանության ոլորտի բոլոր հիմնական խնդիրները, ծրագրերը և ընթացակարգերը`  ցանկացած պահին որևէ խնդրի լուծման հարցում օգտակար լինելու պատրաստակամություն հայտնելով: Ուրախ եմ, որ արտաքին գործերի նախարար է նշանակվել երկար տարիների դիվանագիտական աշխատանքի բացառիկ փորձ ունեցող, ԱԳՆ-ում մեծ հարգանք վայելող դեսպան Մնացականյանը:

Կարևոր է արագ ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները` պետությանը մեկ լեզվով խոսելու հնարավորություն տալու նպատակով: Վարչապետը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, անվտանգության խորհուրդը և խորհրդարանը պետք է կարողանան փոխգործակցված մոտեցումներ որդեգրել և դրսևորել:

Ի՞նչ նկատի ունեք:

-Շատ պարզ.  երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը:

Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի:

Գոնե մինչև այս պահը  այդպես չի եղել: Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է: Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը:

Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը: Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին:

Վերջապես, արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ: Որպես օրինակ` պնդումն առ այն, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդիր երբևէ չի եղել: Իհարկե, խաղաղապահների տեղակայման հարցն արծարծված է նաև հանրայնորեն շրջանառված մի շարք նախագծերում, օրինակ` Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում: Ակնհայտ է, որ արհեստավարժ թիմի շուտափույթ ձևավորումն իրոք կարևոր է` հնարավոր վտանգները շրջանցելու տեսանկյունից:  Չէ՞ որ, ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա խաղաղ կարգավորումը մեր թիվ մեկ մարտահրավերն է: 

 

Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 575 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: