Загрузка...
19:08
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի բանագնա՞ց

Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին. Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։ Այս համատեքստում Խառատյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ոնց որ հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ոնց որ Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», – ասել է Խառատյանը։

Տրամաբանությունը պետք է փոխվի և փոխվում է։ Մենք անցյալների և ներկաների մասին չենք խոսում, երբ հարցը վերաբերվում ՀՀ շահին` ասել է Խառատյանն` արդարացիորեն նկատելով, որ չեն լինում նախկին դիվանագետներ:

Արսեն Խառատյանի ասածները միանգամայն տրամաբանական են և բխում են ռացիոնալ քաղաքականության հրամայականից: Գոյություն ունի նաև համաշխարհային փորձ, երբ, օրինակ, ԱՄՆ-ն իր նախկին նախագահների կամ պետքարտուղարների ներուժն օգտագործում է դիվանագիտական բոլոր այն ուղղություններում, որտեղ պաշտոնական Վաշինգտոնը ներկայացված լինել չի կարող:

Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր հայտարարություն` նույնիսկ ռացիոնալ, պետք է հնչի ճիշտ ժամանակին` մի շարք գործոններ հաշվի առնելով և, որ ամենակարևորն է` բերված օրինակները պետք է համարժեք լինեն:

ԼՂ խնդրում համազգային կոնսեսուսի և կադրային ողջ պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտություն կա, սակայն պարտադիր չէ դրա մասին հրապարակայնացնել ` մի շարք գործոններից ելնելով: Դիվանագիտական հարաբերություններում ընդունված չէ մարտավարական հնարավոր հնարքների բացահայտումը, որովհետև դրանից հետո դրանք պակաս արդյունավետ են դառնում: Մյուս կողմից` հանրային տրամադրությունները պետք է նախապատրաստել նրան, որ համազգային խնդիրների սպասարկման գործընթացում անհրաժեշտ է նախկինների պոտենցիալի օգտագործումը: Սակայն դա պետք է անել հնարավորինս զգույշ, որովհետև դեռ գործում է հեղափոխության էյֆորիան` հանրային կարծիքը տրամադրելով այն ամենի դեմ, ինչը կապված է մինչհեղափոխական Հայաստանի հետ: Հանրային ընկալումների մեջ Սերժ Սարգսյանը նույնանում է ոչ թե դիվանագիտության, այլ` քրեաօլիգարխիայի հետ:

Մյուս կողմից` երբ բերվում է Խաչատուրովի խիստ անհաջող օրինակը, ցանկացած գաղափար արժեզրկվում է, որովհետև համազգային կոնսոլիդացիայի ամենաընդգրկուն բանաձևը նույնիսկ պետք է բացառի կոռումպացված այս գեներալի մասնակցությունը:

Սակայն շատ հնարավոր է` Խառատյանն ավելի գլոբալ խնդիր է արծարծում` հասկացնելով, որ նոր իշխանության կողմից Սերժ Սարգսյանին տրված են անվտանգության և անձեռնմխելիության որոշակի երաշխիքներ: Այս պարագայում քննարկման ռակուրսը միանգամայն այլ բնույթ է ստանում:

Եթե նոր իշխանությունների խնդիրը քաղաքական մշակույթի արմատավորումն է, որը ենթադրում է քաղաքական հանդուրժողականության ձևավորում պետական ինստիտուտների, սիմվոլների և դրանց կրողների հանդեպ, ապա մոտեցումը միանգամայն ողջունելի է: Այլ կլինի իրավիճակը, եթե Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր իշխանության լոյալությունն ունենա, այսպես կոչված, արտաքին կոմպոնենտ, ինչն արդեն որոշակի ռիսկեր է ծնում երկրի անվտանգության և կայունության համար:

Ամեն դեպքում` Արսեն Խառատյանը համարձակ տեսակետ է արտահայտել, որը մեծ հաշվով ողջունելի է. մեր ականջները պետք է սովորեն լսել ոչ պոպուլյար, ռացիոնալ մտքեր, որոնցում չկան հիշատակումներ աղմկոտ տեսարանների ու թամաշաների մասին:

 

 

Նյութի աղբյուր    http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 187 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: