Загрузка...
23:35
Սերժ Սարգսյանին ազատեցին

 

Ըստ ԶԼՄ-ների, գլխավոր դատախազը առաջիկայում կարող է խորհրդարան ներկայանալ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հայտով: Ըստ թերթի, խոսքը Ծառուկյան դաշինքից Իշխան Զաքարյանի, ՀՀԿ խմբակցությունից Միհրան Պողոսյանի եւ Հերմինե Նաղդալյանի մասին է:

Հայաստանում ապամոնտաժվում է կոռուպցիոն այն կմախքը, որի վրա հավաքվել է հայկական պետական կառավարման համակարգը: Այդ իմաստով հանրության համար անակնկալ չէ, որ իրավապահները թավշյա հեղափոխության արդյունքում իշխանափոխությունից հետո ձեռնամուխ են լինում այս կամ այն պաշտոնյայի կամ նրա մերձավորի գործունեության բացահայտմանը, ի հայտ բերելով միլիոնավոր դոլարի չարաշահումներ կամ յուրացումներ:

Այդ տեսանկյունից վերջին օրերին իրավապահների թիրախում էին Սերժ Սարգսյանի մերձավորները՝ նրա համհարզ Վաչագան Ղազարյանը, նրա եղբայր Լեւոն Սարգսյանը, եղբոր որդին, նրանց չհայտարարագրած միլիոնավոր դոլարները: Ապօրինի զենքի կասկածանքով ցուցադրաբար բերման ենթարկվեց նաեւ մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը:

Այդ շրջանակը աշխուժացրեց հարցերը, թե արդյոք իրավապահները կհասնեն նաեւ անձամբ Սերժ Սարգսյանին: Սակայն այստեղ իրադարձությունների այդ ընթացքն ունի ուշագրավ մի այլ կողմ: Գուցե այդ տագնապով կամ հարցով է ապրում նաեւ Սերժ Սարգսյանը:

Բայց այդ մյուս կողմում նրա «ազատությունն» է՝ իրավապահները նրան ազատում են հեռացող կամ նախորդ համակարգի առաջ քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունից:

Այդ խնդիրը չափազանց խորն է, նույնիսկ մինչեւ կոռուպցիայի դեմ իրավապահների աշխույժ գործողությունները, այլ դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականի փուլում: Իշխող համակարգի համար անկասկած այդ հրաժարականը մինչ այժմ մնում է տարօրինակ, հակասական, անհասկանալի, կասկածելի: Չէ՞ որ ստացվեց, որ սխալվել է նա, ում համարում էին անփոխարինելի, ում համարում էին հաշվարկների թագավոր, միջազգային կարգի գրոսմայստեր, որից ավելի համարում էին գուցե միայն Պուտինին: Բոլորի հույսը նա էր, բայց նա սխալվեց, բոլորին դնելով փաստի առաջ:

Կասկած չկա, թե ինչ հարցեր են առաջացել նրանց մոտ Սերժ Սարգսյանի հանդեպ: Պատահական չէ, որ խաղին միջամտեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ խոշոր հաշվով մի պահ, մի քանի օր փաստացի վերցրեց ՀՀԿ-ն: Բայց Սերժ Սարգսյանն այնպես չէր «սխալվել», որ հնարավոր լիներ այդ սխալն արագորեն ուղղել:

Հետո շատերի մոտ սկսեց գերիշխել մտայնությունը, թե Սարգսյանը ոչ թե սխալվել է, այլ դա իր հերթական փայլուն հաշվարկն է, այսպես ասած ժամանակավոր զոհաբերության տեսքով, որին հաջորդելու է կայծակնային հակագրոհն ու նոր իշխանության «մատը»:

Համենայն դեպս, շատերը սկսեցին հանրությանը դրան հավատացնելու փորձը, գուցե ավելի շատ իրենց հավատացնելու համար:

Բայց խաղի մեջ մտան իրավապահները՝ ԱԱԾ գլխավորությամբ, սկսեցին իրար հաջորդել բացահայտումներ, որոնք նախկին «քաղաքական համաձայնություններն» էին: Սկսեցին հասկանալ, որ եթե անգամ դա Սերժ Սարգսյանի հերթական «փայլուն հաշվարկն» էր, ապա հաշվարկ, որից ոչինչ հասկանալի չէ:

Այդ հանգամանքը բերեց նրան, որ ՀՀԿ-ում «սառեցրին» կուսակցության նախագահի փոփոխության, այսինքն Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը: Այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ասելով, որ առաջ հարցը կար, հիմա չկա՝ իրենք են որոշում: Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանն էր նաեւ մարտ ամսին հայտարարել, որ իրենք են որոշում՝ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, թե ոչ, նա պարտավոր է ենթարկվել:

ՀՀԿ-ում անկասկած որոշել են «հարցաքննել» Սերժ Սարգսյանին, թե այդ ինչպե՞ս պատահեց: Մոտավորապես այնպես, ինչպես ապրիլի քառօրյայից հետո Սերժ Սարգսյանն էր օրինակ ՌԴ արտգործնախարար Լավրովին հարցնում՝ ասացեք տեսնեմ, թե այդ ինչպես եղավ:

Գուցե տարօրինակ թվա, բայց իրավապահների թիրախում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անձանց հայտնվելը Սարգսյանին «ազատում» է ՀՀԿ-ում բարդ հարցաքննությունից, նրան տալով «ալիբի» բոլոր այն կասկածների դեմ, որ ունեն ՀՀԿ-ականները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը չէր հանձնի իր ամենամերձավորներին, ինչպե՞ս կարող են կասկածել նրան իրենցից ազատվելու կամ իրենց հանձնելու համար, «քաղաքական համաձայնություններին» տեր չկանգնելու համար:

Իրավապահները Սերժ Սարգսյանին փաստորեն ազատում են ՀՀԿ-ականների հարցերից ու նրանց առաջ բարոյահոգեբանական պարտավորությունից, ըստ ամենայնի՝ բացահայտումների երկրորդ ալիքից առաջ:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: