Загрузка...
13:02
Սամվել Կարապետյանի խոշոր կորուստը. նոր իրավիճակի առաջ

 

Էներգետիկայի նախարար Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ կառավարությունը դադարեցրել է Տաշիր Կապիտալ ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրացանցերի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, որն ուժի մեջ էր մտնելու 2018 թվականին: Նախարարն ասել է, որ պայմանագրի դադարեցումը պայմանավորված է հանգամանքով, որ դրանում առկա են պետությանը ոչ ձեռնտու բաղադրիչներ:

Թե հատկապես ինչն է եղել պետությանը ոչ ձեռնտու, նախարարը չի մանրամասնել: Տաշիր Կապիտալի հետ ԲԷՑ կառավարման պայմանագիրը կնքվել է 2017 թվականին, երբ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունն էր, իսկ նախագահն էր Սերժ Սարգսյանը:

Սամվել Կարապետյանն այդպիսով ոչ սեփականության կարգավիճակով, սակայն ստանձնում էր էներգետիկ հերթական ենթակառուցվածքի պատասխանատվությունը, դրա կառավարման իրավունքը: Տաշիր կապիտալը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆինանսատնտեսական թիկունքն էր ու թերեւս երաշխավորը:

2015 թվականին Սամվել Կարապետյանն Էլեկտրիկ Երեւանից հետո ձեռք բերեց բաշխիչ էլցանցերը՝ ռուսական ՌԱՈ ընկերությունից, որը ցանցերը հասցրել էր գրեթե ճգնաժամի:

ԲԷՑ հավատարմագրային կառավարումով Սամվել Կարապետյանը ստանում էր փաստացի վերահսկողություն բաշխիչ ամբողջ ենթակառուցվածքի վրա:

Արդյոք դա այն գինն էր, որի դիմաց Սամվել Կարապետյանը պետք է հրաժարվեր Կարեն Կարապետյանի համար 2018 թվականի վարչապետության պահանջ ներկայացնելուց: Արդյոք Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանին էր փաստացի հանձնում նաեւ ԲԷՑ-ը, դրա դիմաց ակնկալելով ստանալ 2018 թվականի ապրիլի իր վարչապետության հավանություն:

Կարեն Կարապետյանի ֆինանսատնտեսական հովանավորը կամ երաշխավորը 2017-ի աշնանը համաձայնության եկավ Սերժ Սարգսյանի հետ, ու եթե 2017-ի մարտին Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի հետ էր հայտարարում ներդրողների ակումբ ստեղծելու եւ նրա հետ ամեն օր գոլ խփելու մասին՝ իսկ Սերժ Սարգսյանն Արցախում «ինքնապաշտպանվում» էր, ապա 2017-ի աշնանն արդեն Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի կողքին եւ նրա ներկայությամբ էր հայտարարում առաջիկա տասնամյակում էներգետիկ ոլորտում 1 միլիարդ դոլար ներդրում անելու մտադրության մասին:

Նոր կառավարությու՞նն է չեղարկել պայմանագիրը անբարենպաստ պայմանների պատճառով, որոնք Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի պայմանավորվածությունն էին, թե՞ Սամվել Կարապետյանն է հրաժարվել ԲԷՑ կառավարումից, համարելով, որ դա արդեն նպաստելու է նոր կառավարությանը, որի հետ նա չունի քաղաքական պայմանավորվածություն կամ համաձայնություն:

Սամվել Կարապետյանը անցնող մեկուկես-երկու տարիներին հավակնում էր դառնալ Հայաստանի տնտեսական «գլխավոր հովանավոր»: Հայաստանի տնտեսության մեջ նրա ներկայացվածությունը ոչ միայն ընդլայնվում էր ծավալային առումով, այլ նաեւ «որակական»՝ Կարապետյանը ձեռք էր բերում ենթակառուցվածքային կարողություններ, ընդհուպ փոխարինելով ռուսական պետական կորպորացիաների:

Դա անշուշտ տեղի էր ունենում ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ հայ-ռուսական համաձայնությունների տրամաբանության շրջանակում, եւ տնտեսական խնդիրներ ու ռեսուրսային սղություն ունեցող Ռուսաստանը թերեւս Կարապետյանին էր «պատվիրակում» Հայաստանի խնամակալությունը կամ անմիջականորեն, կամ լուռ համաձայնությամբ:

Ընդ որում, ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը հայտնվեց Կրեմլի ցուցակում, որ 2018-ի սկզբին հրապարակեց ԱՄՆ-ն, որում Պուտինի մերձավոր գործիչներն ու օլիգարխներն էին, որոնք ենթակա են պատժամիջոցի:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը պայմանավորվածությունների դե ֆակտո խոշոր ու լայնածավալ վերանայում է, ընդհուպ արտաքին, հայ-ռուսական հարաբերության շրջանակ: Սամվել Կարապետյանը կարծես թե դուրս է մնում նոր պայմանավորվածություններից, ինչի մեկ այլ վկայություն կարող է դիտվել շաբաթներ առաջ մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Մոսկվայից հրահանգել են Կարապետյաններին չլքել ՀՀԿ-ն ու չստեղծել նոր կուսակցություն:

Հայաստանում նոր իրավիճակն ու թավշյա հեղափոխության ամբողջական ընթացքը անխուսափելի են դարձնում տնտեսական հայեցակարգի վերանայումը, ինչը գործնականում ժամանակավրեպ է դարձնում խնամակալության խնդիրը, նաեւ նոր կանոների առաջ դնում օլիգարխիային, երբ այն ստիպված է տեղավորվել պետության մեջ, ոչ թե պետությունը տեղավորել իր պլաններում:

Համաձա՞յն է Սամվել Կարապետյանը տեղավորվել հայկական պետության մեջ, ինչը թերեւս Կրեմլի ցուցակի մեջ «չմնալու» միակ հնարավորությունն է:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 609 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: