Загрузка...
10:53
Ռեժիմից չենք ազատվել․ գալու է պահ, երբ վարչապետը կարևոր կենսական խնդիրները լուծելու համար գումար չի ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

 

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության քայլերը, մասնավորապես ԱԱԾ գործողությունը կոռուպցիայի բացահայտման, չարաշահումների ուղղությամբ։

-Սպասելիքները նոր կառավարությունից հսկայական են։ Վերջապես մենք ազատվեցինք Սերժ Սարգսյանից, բայց հարց՝ արդյո՞ք ազատվել ենք ռեժիմից, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ռեժիմից դեռ չենք ազատվել։ Հարց երկրորդ՝ ենթադրենք ստացվի ռեժիմից էլ ազատվել՝ չթողնելով հետք այն բացասական երևույթների, որոնցից ազգը, մենք բոլորս տառապել ենք։ Բայց փոխարենը ի՞նչ կառավարություն ենք ունենալու։ Այս կառավարությո՞ւնը, որտեղ 90 տոկոսը ոչ արհեսատավարժ են, այս կառավարությո՞ւնը, որի մեծամասնությունը գրանտակերներ են եղել և ծառայել են արևմտյան ուժերին, այս կառավարությո՞ւնը, որին մենք անմիջապես ոգևորված հրաշալի ներդրումային ծրագրերի առաջարկություններն ուղարկեցինք լիովին պատրաստ բոլոր խնդիրները լուծելու, ուղարկեցինք մեր կողմից ֆինանսական աղբյուրները նախապատրաստելով, և մինչև այսօր պատասխան մենք չենք ստացել։ Արդյոք մենք նմա՞ ն կառավարություն էինք երազում, արդյոք նմա՞ն վարչապետ էր մեր երկիրը երազում և նմա՞ն վարչապետի էր մեր երկիրն արժանի։ Այս հարցերի պատասխանները ես կտամ հունիս ամսվա մեջ, երբ մեր հոլդինգի մի շարք անդամներով կժամանենք Երևան և կտեսնենք վարչապետի արձագանքը։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման ծրագիր, որ մենք ենք նրան առաջարկել, ոչ մեկը ի վիճակի չէ նրան առաջարկել, քանի որ մենք երկարատև աշխատել ենք Հայաստանի արդյունաբերական հսկաների՝ դեռևս 90-ականներին գործարկված ժամանակահատվածում և, այնուհետև, տեղյակ ենք դրանց այն մասին, որը կարողացավ իր գոյությունը պահել թեկուզ չաշխատող վիճակում, բայց վաճառված, կողոպտված, բայց, այուամենայնիվ, ինչ-որ մասը դեռևս պահպանված։ Մենք տեղյակ ենք բոլոր արտադրություններին, մեր առաջարկի մեջ դա ենք ներկայացրել և չենք ստացել պատասխան։ Երկու բաց նամակ ենք ուղարկել, բայց դրա պատասխանն էլ չենք ստացել ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետներից, ո՛չ էլ փոխնախարարներից։ Այսինքն՝ կարծես մեր դեպքում ոչինչ չի փոխվել։ Եվ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխություն չկատարվեց, կատարվեց իշխանափոխություն, իսկ իշխանափոխությունը ինչ արդյունք կբերի, մենք արդեն սկսում ենք լրջորեն կասկածել։ Իհարկե, կսպասենք և մինչև վերջ կաշխատենք, միևնույն է, մենք մեր ծրագիրը զուգահեռ կանենք Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի, բայց ես կարծում եմ, որ վարչապետի համար շատ ծանր կլինի, երբ մենք հայտարարենք, որ ոչինչ չի փոխվել և մենք շարունակելու ենք նույն ձևով պայքարել Հայաստանի տնտեսության զարգացման համար արդյունաբերությունը վերաթողարկելու։

-Բայց չէ՞ որ աշխատանքներ են իրականացվում, ԱԱԾ-ն արդեն լուրջ բացահայտումներ է անում, կոռուպցիայի դեմ պայքար է տարվում։

-Դեռևս կցկտուր տեղեկություններ են հասնում մեզ, և մեր վախը չափազանց մեծ է, որ նախկին վարչախմբի աշխատանքների նման ինչ-որ չափով կգործեն նաև մեր նոր գործընկերները։ Նախկինը ինչ էր անում, փոքր ձկներին խփում էր, ասում էր, որ կոռուպցիայի դեմ պայքար էր մղում, դրսից ստանում էր կոռուպցիայի դեմ պայքարի համար խոշոր գումարներ, դա էլ էր ուտում, և կոռուպցիան հիանալի զարգանում էր։ Եվ այն, որ ինչ-որ ժամանակ նոր վարչախումբը չի փորձի կոռուպցիայով զբաղվել, ես չեմ կասկածում, սակայն եթե չսկսեն հարվածել խոշոր շնաձկներին, երկու առումով մեր երկիրը կտուժի․ առաջին՝ արդարադատության շատ մեծ պահանջ ունի ժողովուրդը, և զավթած հսկայական գումարները պետք է վերադարձվեն տնտեսություն։ Եվ եթե դու չես խփում հայտնի շնաձկներին (անունները բոլորիդ հայտնի են, պետք չէ, որ ես կրկնեմ), ապա տնտեսությունը ինչպե՞ս պետք է վերականգնել, բյուջեն ինչպես պետք է լցնել, Աստված գիտի։ Բնական է, որ վարչապետը չի կարող պատկերացում ունենալ ո՛չ տնտեսության արագ վերականգնման և ո՛չ էլ արտադրությունների արագ վերաբացման շուրջ, այսինքն՝ մենք կարծում էինք, որ այս բոլոր հարցերով ինքն է մեզ դիմելու, իսկ նույնիսկ մղձավանջային երազում մենք չէինք էլ պատկերացնում, որ մենք իրեն կդիմենք և պատասխան չենք ստանա։ Հիմա երևի թե մի փոքր ժամանակ կտանք, կտեսնենք, թե ինչ արդյունքներ են ցույց տալու։ Մեր ֆորումը արդեն հայտարարել է պայքար երկրից դուրս եկած միլիարդները Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, և ես հայտարարել եմ, որ այդ առաջարկությունը մենք ստացել ենք դրսի մարմիններից։ Ես դեռևս չեմ նշի, թե կոնկրետ ինչ մարմիններից եմ այդ առաջարկը ստացել, որպեսզի չխաթարենք մեր գործողությունները, մենք ունենք մեր քայլերի հաջորդականությունը, կգա ժամանակը և բոլորդ էլ կիմանաք։

Կարծես թե իրենց ոգին և քաջությունը հերիքում էր միայն Սերժ Սարգսյանից ազատվելու համար, և հիմա, երբ պետք է դիմել կտրուկ քայլերի, այսինքն՝ անմիջապես ԿԲ-ին հանձնարարել ոչ մի գումար դուրս չուղարկել, և մյուս մարմիններին էլ հանձնարարել դրսի միլիարդները հետ բերելու ուղիները։ Անմիջապես հավաքել բոլոր հայտնի այն չինովնիկներին, որպես հայտնի գողեր և կոռուպցիոներներ, և նրանց առաջ ուլտիմատում դնել պարզ և թափանցիկ գործելաոճով։ Ոչ մի այդպիսի քայլ չեմ տեսնում, հակառակը, մեծ վախ ունեմ, որ ինչպես հայտարարել է վարչապետը՝ վենդետա չի լինելու, այդ վենդետան խառնելու է արդարադատությունը պահելու գործընթացների հետ։ Եվ սա կլինի մեր նորաստեղծ կառավարության վերջը, և այդ վերջը շատ արագ կգա, եթե հանկարծ նրանք մտածում են, որ համագործակցելու են հին ռեժիմի հետ, պահելու են բոլոր կիսագող թափթփուկների հետ նորմալ հարաբերություններ, դա ժողովրդի մտածողության մեջ բացարձակապես չի տեղավորվելու և ես կարծում եմ, որ մինչև սեպտեմբեր պղտոր ջուրը դառնալու է թափանցիկ, և ամեն ինչ ջրի երես է դուրս գալու։

-Նաև ստուգումներ են սկսվել տարբեր ձեռնարկություններում, սուպերմարկետներում։ Այս ամենը նույնպես չի ոգևորո՞ւմ։

-Եթե կառավարությունը լիներ արհեստավարժների կառավարություն, ես կասեի, որ կարելի է մի քանի շաբաթ սպասել և հետո նոր աղմուկ բարձրացնել, բայց քանի որ կառավարության մեջ արհեստավարժներ մի քանի հոգի են, այն էլ հին վարչախմբից մնացած, ապա ի՞նչ սպասենք, սպասենք մի երկու տարի, որ այդ տղաները աշխատել սովորե՞ն։ Լավագույն դեպքում նրանց մի քանի տարի է պետք, որ կարողանան աշխատել, իսկ ոմանք ընդհանրապես չեն էլ կարողանա աշխատել։ Ես նոր կարդացի Դավիթ Սանասարյանի հայտարարությունները արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության շուրջ։ Վայ մեզ, որ մեր արտաքին քաղաքականությունը որոշելու են այսպիսի պարոններ։ Սանասարյան Դավիթ, գնացեք այնտեղ, որտեղ ձեր տեղն է, դուք սարսափելի սխալներով եք աշխատում։ Պետք է իսկապես ամեն մարդ հայտարարություն անի այն ոլորտում, որից ինքը հասկանում է, այլապես այնպես կարող է վնասել երկրին, որ հետո երկար ժամանակ խելքներս գլուխներս չի գա։

Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ եթե որևէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել թուլության նշան, ջախջախիչ հարված կստանա։

-Սա շատ է հիշեցնում այն անձանց հայտարարություններին, որոնք մինչև իշխանափոխությունը ասում էին՝ մենք պետք է գիծ քաշենք, մինչև այսօր ինչ եղել, եղել է, վերջ, մոռանանք և նոր համակարգ ստեղծենք։ Մենք դրան միշտ դեմ էինք դուրս գալիս, ասում էինք՝ ո՛չ, պարոնայք, դուք օլիգարխներ եք, մեծահարուստներ եք, պետք է պարտադիր պատժվեն այն բոլոր խոշոր օրինախախտները, որոնց պատճառով երկիրն այս օրն է ընկել։ Եվ եթե արդարադատություն չհաստատվի, եթե գողացած միլիարդները չվերադարձվեն բյուջե, ես կարող եմ ասել, որ ոչինչ չի փոխվելու։ Իսկ հայտարարությունը, որ օրենքի դաշտ բերենք օլիգարխներին, սա խայտառակ հայտարարություն է, օլիգարխներին չպետք է միայն օրենքի դաշտ բերել, այլ պետք է իրենց անօրինական ճանապարհով հարստացած միլիարդները վերցնել և լցնել բյուջե։ Իսկ դրա համար կան ճանապարհներ, օրինակ, եթե ինձ հետ խորհրդակցելու լինեին, ես կսովորեցնեի այդ ճանապարհները, թե ինչ է պետք անել, որ և՛ օլիգարխների համար ցավով չվերջանա, և՛ երկրի բյուջեն կարողանա լցվել, ոչ թե այսպիսի դատարկ վիճակում ևս ամիսներ ու տարիներ դիմանալ։ Չէ՞ որ հիմա գալու է պահ, երբ վարչապետը չի ունենալու գումար կարևոր կենսական խնդիրները լուծելու համար։ Ինչպե՞ս է ինքը պատկերացնում, ինչպե՞ս է դա անելու։

 

 

http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 267 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: