Загрузка...
15:51
«Ռասիա ՖԶԷ»-ն ընդդեմ Հայաստանի 150 միլիոն դոլարի հայց է ներկայացրել միջազգային դատարան

 

Առաջիկայում Հայաստանը ստիպված կլինի պետական բյուջեից հերթական միլիոնները ծախսել, քանի որ միջազգային տնտեսական դատարանում (ICSID) Հայաստանի դեմ նոր հայց է ներկայացվել։

Մասնավորապես Դուբայում գրանցված ներդրումային մի ընկերություն՝ «Ռասիա ՖԶԷ»-ն, և վերջինիս ամերիկյան դուստր ընկերությունը 150 միլիոն դոլարի հայց են ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (ICSID) Հայաստանի դեմ՝ կապված տնտեսական և քաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի՝ Հյուսիս-հարավի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ընթացքում առաջացած խնդիրների ու պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։

«Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել է օգոստոսի 3-ին: Հայցվորների ներկայացուցիչը Լոնդոնում տեղակայված Shearman & Sterling փաստաբանական ընկերությունն է, իսկ Հայաստանը դեռ պետք է փաստաբաններ վարձի միջազգային դատարանում իր շահերը ներկայացնելու համար։

Հայցադիմումը վերաբերում է «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրին։ Ըստ դեռևս 2014-ին մշակված այս ծրագրի՝ Հայաստանի հարավային՝ 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվեր Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ գյուղը (Իրանի հետ սահման)՝ անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը՝ 102.4 կիլոմետրը, պետք է լիներ թունելներ՝ թվով 60: Երկաթգիծը պետք է ունենար 27 կայարան, 84 կամուրջ՝ 19.6 կմ ընդհանուր երկարությամբ։ Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր, իսկ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի: Աշխատանքները պետք է մեկնարկեին 2016 թվականին, այն շահագործման պետք է հանձնվեր 2022 թվականին: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար պահանջվում էր 10.5 միլիոն դոլար: Այս բարձր արժեքը դեռևս 2014-ին Բարկովսկին պատճառաբանել էր բարդ աշխարհագրական տեղանքով և բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:

Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, շինարարությունը և շահագործումն իրականացնելու էր «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը՝ համաձայն 2012թ. հուլիսի 28-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և Rasia FZE ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի:

Այդ պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի էր։ Շինարարության ավարտից հետո շահագործումն իրականացվելու էր բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:

Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը Բարկովսկիի հետ առաջին անգամ հանդիպել էր 2011-ին: Նախագիծն առաջնային կարևորության էր ճանաչվել Հայաստանի կողմից՝ չնայած պետությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չուներ: Բարկովսկին այդ ժամանակ տրանսպորտի նախարարության հետ կնքել էր բոլոր անհրաժեշտ պայմանագրերը, ֆինանսավորումը հայթայթվել էր, սակայն մեկ տարի անց Հայաստանը Ռուսաստանին իրավունք է տալիս 30 տարի կոնցեսիոն կառավարման ժամկետով վերցնել հայկական երկաթուղին և արդիականացնել այն։

2017-ին ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ռասիա ՖԶԷ»-ի հետ կնքված պայմանագիրը չեղյալ էր ճանաչվել։
Ըստ հայցի՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանին նախագծերի իրագործման համար ֆինանսական միջոցներ ձեռք բերել Աբու Դաբիում տեղակայված սուվերեն հիմնադրամից: Բայց 2014-ին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր նախագծերում իր չափաբաժինը վաճառել սուվերեն հիմնադրամին, Հայաստանը սկսել է միակողմանի կոնցենսիաներ իրականացնել՝ խախտելով համաձայնագրերը: Ըստ ռուսական կողմի՝ Հայաստանն այժմ աշխատում է Թեհրանի և տարբեր ընկերությունների, այդ թվում՝ չինական CCECC ընկերության հետ նախագծերը կյանքի կոչելու համար: Նշված է նաև, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներն այժմ էլ ընթանում են, բայց Հայաստանը ֆինանսավորման խնդիրներ ունի: Անգամ մեջբերված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը և ավարտը կառավարության կարճաժամկետ, առաջնային ծրագրերի շրջանակում չեն։

Նշենք, որ Ռասիա ՖԶԷ»-ի հետ Հայաստանի այն ժամանակվա կառավարության կնքած պայմանագիրը բոլորն էին համարում աբսուրդի ժանրից, սովորական ավանտյուրա։ Դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։ Շատ է գրվել, որ երկաթուղու կառուցման ծրագիրն ու բյուջեն իրատեսական չէ։

Բացի դա «Ռասիա ՖԶԷ»-ն այն ընկերությունը չէր, որի հետ ՀՀ կառավարությունը պետք է պայմանագիր կնքեր նման մասշտաբի ծրագրի համար։ «Ռասիա ՖԶԷ»-ը օֆշորային մի ընկերություն է, որը գրանցված է Դուբայում: Հայաստանում անգամ գրասենյակ չունի և չի ունեցել։ «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության մասին համացանցում միայն մի տեղեկատվություն կա՝ այն, որ այդ ընկերությունը պայմանագիր ունի ՀՀ կառավարության հետ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու վերաբերյալ: Այս փաստերը քաջ հայտնի էին նաև այդ ժամանակվա կառավարությանը, սակայն «Ռասիա ՖԶԷ»-ի հետ այդ պայմանագիրը կնքվեց, որպեսզի կառավարությունը տպավորություն ստեղծեր, թե գործնական քայլեր է անում Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրականություն դարձնելու ուղղությամբ: Իսկ Սերժ Սարգսյանը 2008 թվականին հայտարարել էր թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:

ICSID-ում ընդդեմ Հայաստանի սա արդեն երրորդ գործն է։ Առաջինը 2007 թվականին հանքարդունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայցն էր, որի մյուս կողմում բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն էր։ Դեռևս այդ ժամանակ միջազգային դատարանը վճիռ էր կայացրել 37 միլիոն դոլար բռնագանձել Վարդան Այվազյանից՝ հօգուտ «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի, քանի որ, ըստ դատարանի վճռում եղած նյութերի, 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը:

Ընդդեմ Հայաստանի երկրորդ գործը սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի գործն է, որով գործարարը Հայաստանից պահանջում է 15 միլիոն դոլար, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության, և այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան: Այս գործը ներկայումս քննության փուլում է։

Վերջերս մենք անդրադարձել էինք այս թեմային՝ նշելով, թե Հայաստանը ինչ աստղաբաշխական գումարներ է ծախսում այս գործի քննության ընթացքում միայն փաստաբաններին վճարելու համար։ Խուդյանի գործի քննությունը միջազգային դատարանում կավարտվի 1-2 տարուց, սակայն քննության սկսվելուց, այս պահին և մինչ ավարտը Հայաստանը գործում ներգրավված հայաստանյան և գերմանացի իրավաբաններին 1 ժամվա համար վճարում է 250-520 ԱՄՆ դոլար։ ՀՀ-ն այս գործի համար իրավաբաններին որպես կանխավճար փոխանցել է արդեն 60 հազար ԱՄՆ դոլար։ Մեզ հասած տեղեկություններով՝ վերջերս նախարարությունը ևս 200 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել ընկերությանը, և այսպես՝ մինչև գործի վերջնական ելքը, որին էլ կգումարվի վճռով նախատեսված 15 միլիոն դոլարը։

Մնում է միայն կռահել, թե պետական բյուջեից ինչ միլիոնավոր դոլարներ կծախսվեն արդեն երրորդ գործի համար, որը, ինչպես երևում է, բավական բարդ է։

Եվ կրկին Հայաստանի նոր կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեից նախկին կառավարության «կեղտերը մաքրելու» համար միլիարդներ ծախսել։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 320 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: