Загрузка...
21:27
Քրեական հեղինակությունները «իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը». Նիկոլ Փաշինյանը կրկնում է Վանո Սիրադեղյանի քայլերը

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրեական հեղիանկությունները, «օրենքով գողերն» «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով թավշյա հեղափոխությունից հետո` այս օրերին, ՀՀ-ում որեւէ քրեական հեղինակություն կամ օրենքով գող չի մնացել, բոլորը լքել են Հայաստանը:

Եվ այսպես, մայիսի 8-ից հետո քրեական աշխարհում եւս վայրիվերումներ տեղի ունեցան, մասնավորապես ՀՀ նորանշանակ վարչապետի ընտրվելուց հետո քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» դեմ արշավ սկսվեց:

Նախ մայիսի 19-ին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանությունը` տեղեկացնելով. «Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական հեղինակություններ ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես եւ կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության եւ անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից: Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ»:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց լրագրողների հետ հանդիպեց նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, որը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ հիմնական խնդիրներից մեկը տեսնում է. «Հատկապես երիտասարդության մի զանգվածի մոտ, որ կան, այսպես կոչված, հեղինակություններ. այդ բանը վերացվի, եւ մարդը հասկանա, որ ոչ թե, շեշտեցիք, Դոն Պիպո, իր անունը տա, այդ մարդը հեղինակություն չէ, հեղինակությունը դպրոցի ուսուցիչն է, նորմալ մարդն է` հանգիստ ապրող, ընտանիքը սիրող, հասարակությանը պիտանի մարդն է, այլ ոչ թե հասարակությունում շատ մեքենաներով շրջող, չգիտեմ, մարդկանց արժանապատվությանը վիրավորող մարդն է: Այդ ուղղությամբ էլ եմ ես հիմա հանձնարարություն տվել, որ ընդհանուր առմամբ հասկանանք բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնենք այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա, մի մասի վրա ազդում են, որովհետեւ իրենց այնպես են ցույց տալիս, որ իրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:

«Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչն ԱԱԾ պետից նաեւ հետաքրքրվել է, թե այդ տարրերին առանձնացնելուց բացի՝ նրանց կմեկուսացնեն արդյոք. ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը պատասխանել էր կարճ. «Ոչ միայն»: Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում քրեական, թաղային հեղինակությունների եւ «օրենքով գողերի» մի մասը կհայտնվի քրեակատարողական հիմնարկներում: Սակայն նկատենք, որ մինչ ԱԱԾ պետը հանձնարարական է տվել, որ զբաղվեն որոշ քրեական հեղինակություններով, «օրենքով գողերով» կամ թաղային հեղինակություններով, այս օրերին ՀՀ-ում վերոնշյալ տարրերից որեւէ մեկը չի մնացել: Մեզ լուրեր հասան, որ մի շարք քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր» լքել են Հայաստանը:

Ի դեպ, նշենք, որ մինչ քրեական տարրերի նկատմամբ որս սկսելը այս ընթացքում բոլորին հրավիրել էին իրավապահ մարմիներ. եղել էին քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր», որոնց փողոցից, բնակարաններից են բերման ենթարկել, սակայն եղել են անձինք, որոնց նկատմամբ իրավապահ համակարգը քաղաքակիրթ է գտնվել եւ առանց անակնկալ բերման ենթարկելու են կանչել զրույցի, պարզապես հրավիրել են իրավապահ մարմիններ: Ուշագրավն այն է, որ նրանցից որեւէ մեկը չի դիմադրել իրավապահների պահանջին եւ շատ խելոք գնացել է զրույցի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` այս օրերին ոչ նախանձելի վիճակում են հայտնվել այն քրեական հեղինակությունները, «օրենքով գողերը», որոնք նախկինում ոստիկանության հետ համագործակցության մեջ են եղել: Նրանց ոստիկանությունն այլեւս «տիրություն» չի անելու` թողնելով հանցավոր աշխարհի հետ մեն մենակ:

Դատելով իրավիճակից` քրեական օրենսգրքի հետ նույն հարթության մեջ չգտնվողներին կամ խնդիր ունեցողներին այսուհետ բարդ է լինելու ապրելը:

Ի դեպ, քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» դեմ նմանօրինակ որս եղել է նաեւ 1990-ականներին, երբ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Նրան հաջողվեց կարճ ժամանակում քրեական տարրերին պարզապես արտաքսել երկրից, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները 90-ականների սկզբներին վախենում էին անգամ մտերիմների հուղարկավորություններին մասնակցելու համար Հայաստան գալ:

Ու հիմա Նիկոլ Փաշինյանը կարծես որոշել է այս հարցում կրկնել Վանո Սիրադեղյանի քայլերը: Հատկապես, երբ առջեւում արտահերթ ընտրություններն են, իսկ ընտրություններին ՀՀԿ-ի օրոք միշտ հենց հանցավոր տարրերն են աշխատել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/809447/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1837 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: