Загрузка...
09:29
Քոչարյանը փոխեց կոնֆիգուրացիան. մնաց երկու կենտրոն

 

Ռոբերտ Քոչարյանի գործը խախտել է ներքաղաքական կոնֆիգուրացիան, անկախ, թե որ ուղղությամբ այն կընթանա: Այն արմատապես փոխել է ներքաղաքական վեկտորները, ընդ որում հենց դրանով է զգալիորեն բացատրվում նաև գործի հանդեպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդգծված անտարբերությունն ու նաև որոշակիորեն նկատվող ցայտնոտը:

Ի վերջո, դիրքորոշման բացակայությունը նաև դրա հետևանք է: Բանն այն է, որ ներքաղաքական կոնֆիգուրացիայում ըստ էության երկրորդը դարձել է Քոչարյանը, թեև մեղադրյալի կարգավիճակով: Ի վերջո այստեղ առանցքայինը նրա անուն ազգանունն է, ոչ թե նա ինքը: Խաղը կառուցվելու է դրա վրա: Իսկ այստեղ «Բարգավաճ Հայաստանի» խաղի տարածությունն էապես նեղանում է: Բայց, ամենևին ոչ ՀԱԿ-ի հաշվին, այլ ՀՀԿ-ի:

ՀԱԿ-ը տարիներ շարունակ դիրքավորվել է որպես Մարտի 1-ի իրավատեր, սակայն ներկայումս մի վիճակ է, երբ բոլոր դափնիները գնում են Նիկոլ Փաշինյանին, ընդ որում իհարկե միանգամայն իրավամբ: Տեր-Պետրոսյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ավելի շուտ դրանից հետո Փաշինյանի մեկնաբանությունն այդ հանդիպման մասին վկայեց, որ նա ամենևին մտադիր չէ կիսել այդ դափնիները ՀԱԿ-ի հետ: Մանևրի դաշտը մեծ է միայն ՀՀԿ համար, որովհետև միայն ՀՀԿ-ն է, որ կաշկանդված չէ այսպես ասած կեղտոտվելու վտանգից, քանի որ ինքին արդեն վաղուց է հանրության թիրախավորման տակ և մի բիծ ավելի կամ մի բիծ պակասը չունի էական նշանակություն: Փոխարենը ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի գործի շնորհիվ ստանում է մի շարք քայլերի հնարավորություն, այդ թվում արտաքին ասպարեզում: Այդ կապակցությամբ պատահական չէ ակտիվությունը, որ ցուցաբերեց կուսակցությունը:

Իհարկե հասկանալի է, որ այստեղ մոտիվները շատ են, առաջին հերթին վախը, որ Քոչարյանը կարող է մատնել, անուններ տալ, պատասխանատվության տակ դնել: Մյուս կողմից սակայն, ՀՀԿ հայտարարությունների տողատակերը վկայում են, որ կուսակցությունը մտադիր է քաղաքական խաղ կառուցել գործի վրա, ոչ միայն զուտ կույր պաշտպանություն: Դրան դեմ չի լինի նաև Ռոբերտ Քոչարյանը, թեև լավ պատկերացնելով, որ ՀՀԿ-ն ընդամենը օգտագործելու է իրեն, իր ազգանունն ու կարգավիճակը սեփական խնդիրները լուծելու համար: Այդ իմաստով Քոչարյանի ու ՀՀԿ շահերը պարզապես համընկել են:

Դաշտի մյուս մասնակիցների մասով շահերը դարձել են լիովին հակադիր, սակայն բուն խնդիրն այն է, որ Քոչարյանն իր գործով լինելով արդեն ձևավորված ձգողության ուժեղ կենտրոն, ընդ որում էականն այն չէ՝ դա բացասական, թե դրական իմաստով ձգողության կենտրոն է, մյուս ուժերին, բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի», զրկել է այլ ուղղությամբ ուշադրություն տանելու հնարավորությունից: Որովհետև ձգողության մյուս կենտրոնն էլ Նիկոլ Փաշինյանն է, որը սակայն չունի ավելորդ քաղաքական բալաստ վերցնելու անհրաժեշտություն: Կպահպանվի՞ այդ կոնֆիգուրացիան մինչև խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 296 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: