Загрузка...
12:21
Քոչարյանի ազդեցությունը ներքաղաքական գույների վրա

 

Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ու կալանավորումը իրավական գործընթացից դուրս իր ահռելի ազդեցությունն է թողնելու նաև ներքաղաքական զարգացումների վրա, որպես ներքաղաքական գործընթացի առանցքային դրվագ: Ներքաղաքական գործընթացի վրա ազդեցության մասին հայտարարել է նաև Հանրապետական կուսակցությունը, ի պաշտպանություն Քոչարյանի իր երկու հայտարարություններից մեկում: Ավելորդ է բացատրել, պարզաբանել, թե ինչու է Քոչարյանի հանդեպ գործընթացը ունենալու ահռելի ներքաղաքական ազդեցություն: Անշուշտ առավել հետաքրքրական է, թե ինչպիսին կարող է լինել այդ ազդեցությունը: Իհարկե այստեղ զգալի բան կախված է գործի ընթացքից: Եթե իրավապահ համակարգը չկարողանա համոզիչ հիմնավորել այն մեղադրանքը, որ ներկայացված է, ապա դա, անկասկած, կուժեղացնի Քոչարյանի դիրքերը, նրան կդարձնի «զոհ», իսկ հայաստանյան և թերևս ցանկացած հանրության պարագայում «զոհը» սկսում է վայելել որոշակի համակրանք: Մնացյալը կանեն, այսպես ասած, փողն ու տեխնոլոգիաները: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ, պայմանական ասած՝ «հակահեղափոխության» առանցքը, որի շուրջ կարող է ձևավորվել որոշակի մոբիլիզացիոն ռեսուրս, կազմված թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական այն շրջանակներից, որոնց համար թավշյա հեղափոխությունը դիրքերի կորուստ էր:

Իսկ խնդիրն այստեղ այն է, որ իշխանությունն այդ դեպքում կարող է կանգնել խնդիրների առաջ, եթե փորձի հաղթահարել «հակահեղափոխական մոբիլիզացիան» միայն փափուկ ուժի միջոցով: Հարկ կլինի հայտարարել հակառակ մոբիլիզացիայի մասին, ինչը կբերի այսպես ասած սև ու սպիտակի ձևավորման՝ կարող է բերել, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել արդեն ներհասարակական լուրջ դիմակայության: Իսկ մի բան է, երբ կա հասարակություն-հին համակարգ դիմակայություն, մեկ այլ բան, երբ այդ հին համակարգը այս կամ այն սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառով, այդուհանդերձ, սկսում է վայելել հասարակության որոշակի համակրանք:

Ըստ այդմ շատ կարևոր է, որ եթե իրավապահ համակարգը չի կարողանում միանգամայն գրագետ, սպառիչ, համոզիչ և փաստարկված ձևով հիմնավորել Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքը, ապա թուլացնի նրա հանդեպ կիրառվող սահմանափակումները, նրանից այսպես ասած «զոհ» չդարձնելու և դրանից բխող գործընթացներ չխթանելու համար: Մյուս կողմից կա իհարկե այլ հանգամանք: Քոչարյանի աղմկոտ ձերբակալությունից հետո նրան ազատ արձակելը շատ ավելի աղմկոտ էֆեկտ կունենա, բայց աղմուկ կառաջանա արդեն իշխանության դաշտում, այսպես ասած՝ անկման աղմուկ, որովհետև ազատ արձակումը կբերի այսպես ասած իշխանության գործողությունների հանդեպ թերահավատության, դարձյալ դրանից բխող հետևանքով:

Սակայն եթե չի ստացվում իրավական համոզիչ և աներկբա հիմնավորման գործընթաց՝ ապացույցներով, փաստարկներով, որոնք չեն լինի խոցելի հակառակ կողմից, ապա առավել կարևոր է առժամանակ թուլացնել իրավիճակը, և չխթանել «հակահեղափոխական», շատ թե քիչ, «լեգիտիմ» մոբիլիզացիա: Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր նախագահության շրջանում էր վստահ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիտիմ քաղաքական գործոն լինելն էր անհնարին՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մեծ հանրային հակակրանքի էր նա ենթակա նախագահի պաշտոնը թողնելու պահին: Սակայն տասը տարի անց Ռոբերտ Քոչարյանը միայն ուժով կանգնեցրեց Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանություն: Նույն կերպ, ովքեր ներկայումս կարծում են, թե Քոչարյանի լեգիտիմ քաղաքական սուբյեկտությունն անհնարին հեռանկար է, թերևս բավական վատ են պատկերացնում հասարակական օրգանիզմի առանձնահատկությունները, այն էլ տեղեկատվական ներկայիս դարաշրջանում:

Ընդ որում, խնդիրը հենց ինքը Քոչարյանը չէ, այլ այն, որ նրա գործոնը պարզապես կարող է ծառայեցվել այլ խնդիրների ու նպատակների: Մյուս հանգամանքն այն է, որ Քոչարյանի գործի քննությունը կարող է դառնալ ոչ միայն Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման բանալի, այլ նաև անուղղակի առնչվել Հայաստանի՝ տարիներ շարունակ ներքաղաքական անցուդարձին, տարբեր սուբյեկտների դերակատարությանը թե՛ Մարտի 1-ին և դրանից առաջ ու հետո զարգացումներին, թե՛ ընդհանրապես համակարգային կենսագործունեությանը: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ պատրաստ է տալ բազմաթիվ անուններ, եթե դա անհրաժեշտ լինի իր պաշտպանության համար: Իսկ այդ անունները կարող են ներառել ոչ միայն իշխանական, իշխանամերձ, այլ նաև ընդդիմադիր շրջանակներ: Իսկ հաշվի առնելով այն, որ առաջիկա խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակից ուժերի այսպես ասած ներկապնակը, ըստ էության, չի ունենալու որևէ գույն, որը այս կամ այն կերպ, ուղղակի, թե անուղղակի չի եղել նախկինում, Քոչարյանի բարձրաձայնած անունները էապես կազդեն այդ գույների նախընտրական ճակատագրի վրա: Ի դեպ այդ իմաստով, գործընթացը, կամա թե ակամա, հայտնվել է նախընտրական կառավարման մենեջմենթի գործիքակազմում: Դեռ պարզ չէ, թե ինչ կարգավիճակով, բայց աներկբա է, որ այն չի լինի երկրորդական:

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 92 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: