Загрузка...
21:49
Ուղղակի զարմանալի է, թե ինչու գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս

Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

 

Պարոն Իգիթյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին կրկին անդրադարձել է անհնազանդության ակցիաներին՝ դրանցում սաբոտաժային երևույթներ նկատելով։ Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում այս փուլում։

 

Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այն առումով, որ եթե նախորդ ակցիաները կապված էին հակաժողովրդական իշխանության հետ, ապա այսօր այն իշխանությունն է, ում սատարում է ժողովուրդը և ումից սպասում է գործնական քայլեր։ Պարզ է, որ որոշ գործնական քայլեր ժամանակ են պահանջում։ Ես չեմ ուզում անդրադառնալ բոլոր այդ բողոքներին, բայց բոլորի համար արդեն ակնհայտ է, որ նախկին իշխանությունը պատրաստ չէ հեռանալ և անընդհատ փորձում է էժանագին ձևով ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, որ իշխանությունը դժվար գործ է և որ իշխանություն լինելն ու ընդդիմություն լինելը տարբեր բաներ են։ Մինչդեռ ես վստահ եմ, Նիկոլ Փաշինյանը դա հասկանում էր անգամ նախքան իշխանության գալը։

 

Հաջորդը, կան խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում, ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դատական իշխանությանը չպետք է միջամտել, բայց այստեղ կա իրավական խնդիր, որի լուծումը պետք է բոլորս, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը գտնի։ Ի՞նչ անել այն գործերի հետ, որոնք արհեստական ձևով, տարիներով ձգձգվում էին։ Օրինակ, եթե հիմա շատերը զգուշանում են «Սասնա ծռերի» գործի մասին խոսել, բայց մի բան ակնհայտ է, որ 1,5 տարի է անցել, իսկ քրեական գործերի բոլոր հանգամանքները չգիտենք։ Ինձ թվում է, որ  մարդկանց բողոքները նաև սրա հետ են կապված։ Այդ հարցը ժամ առաջ պետք է լուծվի, և այն երևույթները, որոնք նախկինում եղել են, պետք է վերջ դրվի։ Բոլորս հիշում ենք փաստաբանների հանդեպ տեռորը, գործերը միացնում էին, տարանջատում էին։ Իհարկե, կան հարցեր, որոնց դեպքում մարդիկ պետք է ժամանակ տան, որ կառավարությունը վերանայի այդ գործերը։

 

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, միանշանակ պարզ է, որ եթե մենք ուզում ենք գնալ արտահերթ նոր ընտրությունների, ապա բոլորս գիտենք, որ քաղաքապետարանը բացասական դեր է խաղացել բոլոր ընտրությունների ժամանակ։ Հիմնական խնդիրները՝ կապված վարչական ռեսուրսների օգտագործման, ցուցակների կազմման, գումարների բաժանման, նաև խուլիգանական խմբերը, որոնք խանգարում էին ընդդիմադիր ուժերին պատշաճ ձևով կազմակերպել իրենց քարոզարշավը, այս ամենը ուղղակի կամ անուղղակի կապված է եղել քաղաքապետարանի հետ։ Այս քաղաքապետարանով, այս թաղապետարաններով հնարավոր չէ գնալ նոր ընտրությունների։ Որտեղ կարելի է մթնոլորտը փոխել, պետք է փոխվի, որտեղ պետք է մարդիկ փոխվեն կամ պատժվեն, պետք է պատժվեն։ Ամենակարևորը, եթե մենք խոսում ենք նոր մթնոլորտի մասին, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսները պետք է բացառվեն, ապա պետությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա, իսկ դա արվում է պատասխանատվության մեխանիզմներով։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև քրեական պատասխանատվություն։ Ես չեմ ասում՝ բոլորը  պետք է հայտնվեն բանտում, բայց այդ գործերը պետք է հնարավորինս վերանայվեն, և պատշաճ ձևով գնահատական տրվի։ Ինձ թվում է, որ հասարակությունը նաև սպասում է այն գործերի բացահայտմանը, ինչի համար բոլորս կանգնել ու վստահել ենք Նիկոլ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է անհնազանդության ակցիաներին, այո, դրանք պետք է դադարեցվեն, բայց բոլոր դեպքերում, հասարակությունն իրավունք ունի ինչ-որ ձևով կառավարությանը հիշեցնի այդ գործերի մասին, որոնք սպասում են արդարացի լուծումների։

 

Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի հայտարարությունները, որ առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում, որ հնարավոր կլինի ապօրինի յուրացրած գումարները հետ բերել և բյուջե մուտքագրել։ Այս  հայտարարությունները կարո՞ղ են բեկումնային լինել, զսպաշապիկ լինել մյուսների համար, թեև նշվում է, որ վենդետա չի լինելու։

 

Վենդետա, լյուստրացիա, այդպիսի տերմինները, իհարկե, պարունակում են բացասական ընկալում, բայց մի բան հասկանալի է, որի մասին ուղղակի ու անուղղակի նշեց նաև Նիկոլ Փաշինյանը, որ բոլորը պետք է վերադառնան իրավական դաշտ։ Եթե այդ իրավական դաշտը հայտնաբերի շատ կոպիտ, պետության մակարդակի հանցագործության կամ խոշոր չարաշահումների դեպքեր, պարզ է, որ օրենքով մարդիկ  պետք է պատասխանատվություն կրեն, դա վենդետա չէ։ Օրինակ, եթե նախկինում որևէ մեկը պետությանը պատկանող մի գույք գնել է 1000 դոլարով,  բայց իրական գինը եղել է 10 հազար դոլար, ուրեմն այդ մարդուն պետք է ստիպել, որ 9 հազար դոլարը վերադարձնի բյուջե։ Բոլոր այդ տեսակի քայլերը պետք է արվեն։

 

Այնպես չէ, որ այս ամենը պետք է դրվի միայն ԱԱԾ նոր ղեկավարության վրա։ Այդ գործերի հետ կապված են նաև այլ մարմիններ։ Ցավոք, գլխավոր դատախազը շարունակում է մնալ նախորդ իշխանությունների մարդը, և այդպիսի դատախազության պարագայում դժվար կլինի այս գործերի քննությունը, որովհետև շատ հաճախ այստեղ կա շահերի բախում։ Դատախազությունը ստիպված պետք է անընդհատ արդարանա, թե նախկինում ինչու այդ գործերը մինչև վերջ չի տարել, իսկ անընդհատ արդարացումը կբերի ոչ ակտիվ գործունեության, որովհետև շատ դեպքերում դատախազությունն ինքն իր դեմ պետք է աշխատի։ Այս պայմաններում ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս։ Քանի որ նա մնում է իր տեղում և այդ կառույցից արդյունավետ աշխատանք հնարավոր չէ սպասել, ինձ թվում է, որ կառավարությունը պետք է օգտագործի այն բոլոր ձևերը, որոնք հնարավոր են։ Կարելի է արդարադատության նախարարության շրջանակներում նոր մարմին ստեղծել, որը կզբաղվի կոռուպցիայի բացահայտումներով։ Այդ միջոցով բոլորս միասին պետք է գնահատական տանք նախկինում արված հակապետական երևույթներին և փորձենք նոր մթնոլորտով առաջ գնալ։

 

Դուք Հայաստան-ԵՄ համաձայնագրի կողմնակիցն եք, Հայաստանը ցանկանում էիք տեսնել եվրոպական ընտանիքում։ Նախկին իշխանությունները հայտարարում են, որ բոլոր նրանք, որոնք իրենց քննադատում էին ԵՏՄ մտնելու համար, ինչո՞ւ հիմա նույն խնդիրները վեր չեն հանում։

 

Ես չեմ կարծում, որ պետք է կտրուկ փոփոխությունն այդ ձևով ներկայացնենք։ Վերջերս մի արտասահմանյան լրատվամիջոցի հարցին, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված, ես ասացի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունեցել է կտրուկ շրջադարձ։ Ես ժամանակին կողմնակից եմ եղել ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի կնքմանը, ազատ գոտու ստեղծմանը, մինչդեռ այն ժամանակվա իշխանությունը դա չընդունեց, ընտրեց այլ ճանապարհ, և մենք դարձանք ԵՏՄ անդամ։ Իրավիճակը փոխվել է այն առումով, որ մենք արդեն ԵՏՄ անդամ ենք։ Եթե մենք արդեն ունենք այսօրվա իրավիճակը, մենք պետք է փորձենք մեր շահերը առավելագույնս ներկայացնել բոլոր տեղերում։ Եթե փորձենք երկու խոսքով նկարագրել Հայաստան-ԵՏՄ հարաբերությունները, ապա դրանք շատ հեռու են Հայաստանի շահերի պաշտպանության հարցից և հիմնվում էր հիմնականում ամբողջովին ԵՏՄ-ին տրվելու և քծնանքի քաղաքականության հիման վրա։ ԵՄ-ի հետ մեր նույնիսկ արդեն ստորագրված համաձայնագրի պարագայում, Հայաստանի գործողություններն ունեցել են իմիտացիոն բնույթ. Իբր, պայքարում են կոռուպցիայի դեմ, իբր զարգացնում են ժողովրդավարությունը, իբր իրականացնում են ազատ, արդար ընտրություններ, և այդ բոլոր «իբր»-բերով Հայաստանը փորձում էր ԵՄ-ի հետ խաղալ նախորդ խաղերը։

 

Այսօր ես համոզված եմ, որ դա չի լինելու, և արդեն թե Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների, թե ԱՄՆ պետքարտուղարի, թե ԵՄ երկրների դեսպանների հայտարարություններից երևում է, որ Հայաստանն արդեն որոշ բաներ արել է, և ավելի շատ սպասելիքներ կան, որպեսզի աշխատեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախկինում դադարեցվել են՝ Հայաստանի հակաժողովրդավարական մթնոլորտի պատճառով։ Սա եմ ես տեսնում այսօրվա վիճակում։ Բայց պետք է նորից չմոռանանք մի կարևոր հանգամանք, որ հիմնական օրակարգային խնդիրը շարունակում է մնալ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը, որտեղ հասարակության բոլոր կարծիքներն ու շերտերը հնարավորին չափ համամասնորեն ներկա լինեն խորհրդարանում։ Այսօրվա ԱԺ-ում դա չկա, գոնե գոհ ենք, որ ՀՀԿ-ն չի շարունակում իր անընդհատ կրկնվող, արժեզրկված հայտարարությունը, թե իրենք ստացել են ժողովրդի վստահությունը։ Պարզ երևում է, որ այսօրվա ԱԺ-ի մեծամասնությունը չի արտացոլում ժողովրդի ցանկությունը, վստահությունը և խոչընդոտ է հանդիսանում բարեփոխումների համար։ Այդ վիճակն օր շուտ պետք է փոխվի։ Իհարկե, ինչպես ասացի, հնարավոր չէ ազատ ընտրություններ իրականացնել՝ ունենալով չհաշվարկված ֆինանսականի ահռելի մեծ ծավալը, որն անընդհատ թե Հայաստանի ներսից, թե դրսից ազդում է ընտրությունների վրա։ ԱԱԾ-ի հիմնական գործերից մեկը նաև բացառելն է դրսի ուժերի, դրսի ֆինանսների ազդեցությունը, մասնակցությունը Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում։

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1052 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: