Загрузка...
21:32
Ով է լինելու չորրորդը. Նոր խորհրդարանի քարտեզը

 

Ընտրական նոր օրենսգրքով, որը մեծ հավանականությամբ կարող է ընդունվել մինչև դեկտեմբերի արտահերթ ընտրություն, նախատեսվում է իջեցնել անցողիկ շեմն ու նաև խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության, այսպես ասած, թվաքանակը հասցնել չորս ուժի: Դա նշանակում է, որ եթե կան ուժեր, որոնք չեն հաղթահարել անգամ անցողիկ շեմը, ապա միևնույն է՝ լավագույն արդյունք ցույց տվողները կանցնեն խորհրդարան, եթե, օրինակ, անցողիկը հաղթահարել է ընդամենը երկու ուժ:

Այն, որ մենք դեռևս տևական ժամանակ չենք ունենա, այսպես ասած, բոլորիս երազած Ընտրական օրենսգիրքը, կասկածից վեր է, և այստեղ մի կողմից՝ պետք է շատ աշխատել ընդհանրապես քաղաքական սկզբունքների, համակարգային պատկերացումների վրա, որովհետև սա արդեն խորքային քաղաքական փիլիսոփայության հարց է, մյուս կողմից՝ այդ աշխատանքը պետք է լինի քաղաքական անընդհատ աշխատանք նաև ընտրությունից ընտրություն:

Այդ տեսանկյունից, դեկտեմբերին ընդառաջ, առանցքային հարցը, իհարկե, զուտ ընտրական գործընթացի օրինականության եղած մակարդակն ապահովելն ու Երևանի ավագանու արտահերթ ընտրության, այսպես ասած, համապետական մասշտաբի կազմակերպական որակ երաշխավորելն է՝ ներառյալ, իհարկե, մրցակցային միջավայրի ապահովումը: Վերջին հաշվով, խորհրդարանի ընտրությանը պետք է մի կողմից՝ աներկբա և անբեկանելի լինի օրինականությունը, մյուս կողմից՝ ապահովվի պայքարի քաղաքական բովանդակությունը:

Հասկանալի է, որ հնարավոր չի լինի զերծ մնալ հեղափոխական բովանդակությունից, բայց պետք է ձգտել, իհարկե, զուգահեռ քաղաքական բովանդակության պատշաճ ապահովման, հնարավորինս մեծ և խորը ապահովման: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի համոզիչ հաղթանակը կասկած չի հարուցում, առավել ևս՝ դեկտեմբերին: Միևնույն ժամանակ դա լիովին բնական իրավիճակ է, որը իհարկե ունի իր հետագա ռիսկերը, սակայն ռիսկ չունեցող իրավիճակ ուղղակի գոյություն չունի:

Անկասկած է, որ պայքարն ընթանալու է երկրորդ և հաջորդ տեղերի համար, այդ թվում՝ երրորդ և չորրորդ: Որովհետև մասնակիցները իհարկե կլինեն շատ, և այդ շատերի թվում էլ շատ են լինելու ուժեր, որոնք չեն հաղթահարի 4 տոկոսը: Այստեղ ընդհանրապես ակնհայտ է երկու կամ, այսպես ասած, մեկուկես հավակնորդ՝ ԲՀԿ և «Լույս» դաշինք, եթե դաշինքի այդ ֆորմատով գնան ընտրության: Այլ հարց է, որ ԲՀԿ-ն էլ իր մեջ կարող է ներառել շատ ուժեր, որի մասին հայտարարել է Ծառուկյանը: Բոլոր դեպքերում այդ երկու սուբյեկտներն են հավակնում անցողիկ շեմին:

Կլինի՞ երրորդը, այսինքն՝ անցողիկ հաղթահարող չորրորդը կամ, ասենք, այդ երկուսին անակնկալ մատուցողը: Այստեղ գուցե հիմնական հավակնորդ դիտարկվում են «Սասնա ծռերը», ընդ որում՝ գուցե ավելի, քան Դաշնակցությունը: Թեև անցողիկ շեմի իջեցումը նաև ուղղակի թե անուղղակի, կամա թե ակամա օգնություն է հատկապես Դաշնակցությանը: Բայց Ծռերն այստեղ իսկապես լուրջ մրցակից են ՀՅԴ-ի համար:

Քաղաքական կանխատեսումները անշուշտ անշնորհակալ գործ են, հատկապես Հայաստանում, սակայն ներկայիս դասավորության պայմաններում բավական մեծ է հավանականությունը, որ նոր խորհրդարանում կլինեն Նիկոլ Փաշինյանի ուժը, ԲՀԿ-ն, «Լույսը» և հավանաբար «Սասնա ծռերը»: Սակայն դա ամենևին կանխատեսում չէ, այլ դիտարկում, որը հաշվի չի առել առկա և հնարավոր գործոնների ամբողջ շրջանակը:

Վերջին հաշվով իրավիճակը փոխվում է շատ արագ, և ամենափոքր նրբերանգը անգամ կարող է կատարել էական դեր ուժերի դասավորությունը փոխելու հարցում: Սակայն այն, որ գալիք խորհրդարանում չի լինի չորս ուժից ավելի, գրեթե անկասկած է: Ընդ որում, եթե չլիներ օրենսգրքի փոփոխությունը, և չսահմանվեր պարտադիր չորսի դրույթը, ապա թերևս մեծ վստահությամբ հնարավոր կլիներ ասել, որ խորհրդարան անցնող ուժերը չէին լինի երեքից ավելի:

Այդ իմաստով չորրորդի հնարավորությունը թերևս ողջունելի է ներկայիս իրավիճակում, երբ կա բնական, սակայն, այդուհանդերձ, գերկենտրոնացում: Այդ պարագայում որքան բազմազան լինի թեկուզ Նիկոլ Փաշինյանի ուժից դուրս մնացող տարածքը, այնքան հետագայում համեմատաբար ավելի բարդ կլինի խորհրդարանական հնգամյա դիսկուրսը: Իսկ դա քաղաքական էֆեկտիվության գրավական է:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 213 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: