Загрузка...
20:19
Օլիգարխները Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել.

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Հայաստանի մի խումբ օլիգարխների։ Քանի որ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ է խոսում նրանց հարկային դաշտ տեղափոխելու, ապօրինի հարստանալու համար պատասխանատվության ենթարկվելու եւ նման այլ բաների մասին, այս խավը վերջին շրջանում շատ անհանգիստ է։ Անվանական հրավերներով կառավարություն են ներկայացել նախորդ իշխանությունների արտոնյալ գործարարները՝ 12-13 մարդ․ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ինչպես նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը։

Միակ բացական հրավիրվածների թվից եղել է համաժողովրդական շարժմանը միացած «Գրանդ քենդին»․ Վարդանյան եղբայրներից որեւէ մեկը ներկա չի եղել՝ թերեւս համարելով, որ նոր Հայաստանի թիվ մեկ արտոնյալն են իրենք եւ կարող են անտեսել հրավերը, քանի որ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ առանձնահատուկ վերաբերմունքը չէր թաքցրել նրանց նկատմամբ եւ «Գրանդ քենդին» հռչակել էր Հայաստանի բրենդների շարքում։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ, բացման խոսքով հանդես է եկել Արսեն Ղազարյանը, որից հետո Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում գործարարների գործունեությունը։

Վարչապետը շեշտել է, որ այսուհետ բոլորը, առանց բացառության, պետք է գործեն հարկային դաշտում, որ ինքը չի ակնկալում որեւէ մեկից բարեգործություն, որեւէ ոլորտի ֆինանսավորում եւ չի հանդուրժելու, որ ինչ-որ մեկը բարեգործության անվան տակ ազատվի հարկային պարտավորություններից, նշել է, որ պետք է վերացնել մոնոպոլիաները եւ այլն, եւ այլն։ Բառացիորեն ասել է, որ ինքը չի ուզում, որ գործարարներն իր առաջ «կզած» ման գան՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով, վստահեցրել է, որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով կփորձի նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Ասել է, որ չի գործելու գործարարների դեմ, եթե կզգան, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր իրենց դեմ գործողություններ են անում, շտապ իրեն տեղեկացնեն այդ մասին։

Նա պատասխանատվության, կուլակաթափության եւ նման հարցեր չի բարձրացրել, ուստի գործարարները վարչապետի ելույթից հետո խորը շունչ են քաշել եւ անցել հակագրոհի՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները եւ բարձրաձայնել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ Հայաստանի մաքսակետերում որոշ գործընթացների դյուրացման եւ օրենսդրական բացերի հարցը։ Ընդհանուր հանդիպումից հետո նաեւ անհատական զրույցներ են եղել։ Դուրս գալով վարչապետի մոտից՝ գործարարները միմյանց շնորհավորել են, քանի որ նրանք կառավարություն են ներկայացել «ինչ վարչապետն ուզի, տալու ենք, մենակ թողնեն աշխատենք» պատրաստակամությամբ։

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Դիտումներ: 1013 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: