Загрузка...
20:35
ՈՉ ՈՔ ՉԻ ԱԿՆԿԱԼՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԵՐՑՆԻ ԵՒ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՍԻ՝ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՆԵՍ

«Անցյալ շաբաթ հանդիպում է եղել հենց պարոն վարչապետի հետ, եւ դա նշանակում է, որ այդ մակարդակով հաղորդակցություն կա, հետեւաբար միանշանակ կոնտակտ եւ հաղորդակցություն չի նշանակում խնդրի վերջնական լուծում, բայց մենք հավատում ենք եւ լիահույս ենք, որ այս խնդիրը անհրաժեշտ լուծում կգտնի, եւ ես չեմ ուզում կասկածել պարոն Փաշինյանի այն հավաստիացմանը, որ «Սասնա ծռեր»-ի տղաների հարցի լուծումը կապված է երկրում համերշխության ձեւավորման անհրաժեշտության հետ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱՍՍԱԼԱի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ «Սասնա ծռեր» զինված խմբի հարցը պետք է լուծվի իրավաքաղաքական ճանապարհով․

«Ես նաեւ ուզում եմ անպայման հիշեցնել՝ Գարեգին Չուգասզյանը, որ 28-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում, ինքը եւս որոշակի պահանջներ է ներկայացրել, որոնք շատ խորքային իմաստ ունեցող պահանջներ են։ Երեք պահանջներ է առաջադրել ինքը՝ մեկը ընդհանրապես քաղբանտարկյալների՝ ներառյալ «Սասնա ծռերի» ազատ արձակման գործընթացի պատկերացման եւ մեթոդոլոգիայի հստակեցում, երկրորդը՝ Հայաստանում դատապարտյալների, ոչ անպայման քաղբանտարկյալների, հազարավոր մարդկանց համաներման խնդիրն է ինքն առաջ քաշել, եւ երրորդը, որը շատ-շատ կարեւոր է՝ անցումային արդարադատության հանձնաժողովի ձեւավորում, որը մեր երկրում քաղաքական ոճիրների, ստեղծված իրավիճակի իրավաքաղաքական լուծում տալու այն մեխանիզմն է, որով լուծում է տրվելու։ Այստեղ շատ կարեւոր է իրավաքաղաքական տերմինը, այսինքն՝ դրանք պետք է լինեն եւ իրավական, եւ քաղաքական։ Եվ «Սասնա ծռերի» հարցը եւ այս հարցերը համալիր մոտեցումներով պետք է դիտարկել։ Ես ամփոփում եմ՝ ասելով, որ, այո, այս հարցերի շուրջ եղել է տեսակետների փոխանակում, ես հույս ունեմ, որ պարոն Չուգասզյանի պահանջներից հատկապես երրորդը՝ անցումային արդարադատության հանձնաժողովի ձեւավորումը, այդ ուղղությամբ մի փոքր կոնկրետություն կլինի այսօրվա գործադիր իշխանության կողմից, սա կնպաստի եւ պարոն Չուգասզյանի հացադուլի դադարեցմանը, եւ ընդհանրապես այս բոլոր հարցերի կապակցությամբ ավելի ոչ լարված մթնոլորտի ձեւավորմանը»։

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերի» համակիրները մի քանի օր շրջափակված պահեցին դատարանի շենքը՝ ներսոմ թողնելով ամբաստանյալներին։ Այս քայլը ինչպե՞ս եք գնահատում, երբ վարչապետը նշել է, որ «Ծռերի» հարցը պետք է լուծվի միայն արդար դատական պրոցեսի արդյունքում։

-Այո... Մենք մի պահ փորձենք վերանալ, թե մենք ովքեր ենք, այսինքն՝ չեզոք դիրքից նայել։ Զուտ մարդկային առումով փորձենք հասկանալ, թե «Սասնա ծռերի» համակիրները, թե հարազատները ինչո՞ւ են այդպիսի քայլերի գնում։ Ինձ համար լրիվ հասկանալի է, որ այդ մոտեցումը կա, մյուս կողմից հասկանալի է, որ Հայաստանում քաղաքական կամայականությունը պետք է դադարի, վարչահրամայական հրահանգները դադարեն։ Եթե դա չի փոխվել, ուրեմն Հայաստանում համարյա ոչինչ չի փոխվել։ Ոչ ոք չի ակնկալում, որ պարոն Փաշինյանը հեռախոսը վերցնի եւ դատավորին ասի, որ այս որոշումը պետք է կայացնես։ Դա չի խնդիրը, մենք լավ գիտենք, որ մինչեւ այս պահը Հայաստանում ընդամենը գործադիր իշխանությունն է փոխվել, եւ օրենսդիր, եւ դատական իշխանությունը չի փոխվել։ Եթե մենք միմիայն ասենք, որ իրավական լուծումներ պետք է լինեն, դա նշանակում է՝ ոչինչ չասել, քանի որ դատական իշխանությունը վերահսկում են նախկին ուժերը, հետեւաբար, չի կարող խնդրի լուծումը ոչ քաղաքական լինի, ոչ էլ կարող է բացառապես իրավական լինել։ Իհարկե, ապագայում պետք է բացառապես իրավական լինի, իսկ այսօր, ցավոք, մենք այդտեղ չենք հասել։ Դրա համար շատ անհրաժեշտ է իրավաքաղաքական լուծումների փնտրտուքը, եւ այդ երրորդը պահանջը հենց դա է։ Ես դրա համար քիչ առաջ շեշտեցի։

-Այսինքն՝ Ձեր առաջարկը դա՞ է, որ իրավաքաղաքական ճանապարհով հարցը լուծվի։

-«Ծռերի» խնդիրը շատ կարեւոր է, բայց այն, ինչը որ ասվում է անցումային արդարադատության, իրավաքաղաքական լուծումներ գտնելու վերաբերյալ, դա «Ծռերի» հարցից էլ էն կողմ է։ «Ծռերի» խնդրի լուծումը մի կարեւոր օղակն է կազմում, բայց դա ավելի կարեւոր է։

-Ձեր դիրքորոշումը «Սասնա ծռերի» բոլոր անդամների վերաբերյալ նո՞ւյնն է։ Խմբում կան անձինք, որոնք մեղադրվում են սպանության մեջ, պահանջում եք բոլորի՞ն ազատ արձակել։

-Այս հարցը հատկապես վերջին օրերին շատ-շատ է քննարկվում։ Իմ անձնական կարծիքն է՝ «Սասնա ծռերը» անմիջապես պետք է ազատ արձակվեն, ներկա պահին նրանք պետք է ազատ արձակվեն խափանման միջոցը փոխելու մեխանիզմով։ Ոչ թե անմիջապես գործը կարճվում է, հիմա խափանման միջոցը փոխվում է եւ հետո ավելի հանգիստ մթնոլորտում մնացած զուտ իրավական խնդիրը լուծվում է։ Այո, բոլորը պետք է ազատ արձակվեն։ Երկու հիմնական պատճառ կա։ Այն մեղադրանքները, որ երեք հոգի սպանված կա, դա երեւի թե բոլորի համար պարզ է, որ Արթուր Վանոյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել ՊՊԾ գնդի տարածքի ներսում, եւ դա փաստ է։ Մյուս երկու ոստիկանների սպանությունները այնքան արհեստական է ներկայացված, 1000 ապացույց է պետք։ Եթե ասում են՝ «Սասնա ծռերի» անդամները երեք ոստիկան են սպանել, ոչ մի ապացույց չկա։ Մեկի սպանությունը կանխամտածված չի եղել, ցավոք, գնդապետ Վանոյանը արյունահոսությունից մահացել է։ Բայց ասել, որ դատաքննությունը պետք է լինի եւ այդ ընթացքում մարդիկ տարիներով կալանավորված պետք է լինեն, դա ընդունված չի։

Այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ ոճիրներ, որոնց մի մասը ոչ քաղաքական բնույթի, մի մասը քաղաքական համատեսքով։ Այս բազում ոճիրների պլանավորողները, կատարողները մինչեւ այս պահը գտնվում են ազատության մեջ։ Ես ընդամենը ասեմ՝ բոլորին հայտնի Մարտի 1-ը, 10 տարի անց ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Կարող ենք հիշել Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը, այնքան օրինակներ կան Հայաստանում, բայց այդ դեպքերում կալանավորվածներ չկան։ Հիմա ես հարց եմ տալի՝ եթե մենք իսկապես ուզում ենք դառնալ օրենքի պետություն, եթե «Սասնա ծռերի» սպանության մեջ մեղադրվողները անընդունելի են համարվում նրանց բաց թողնել, իսկ մյուս կողմից տասնյակ սպանությունների հեղինակները, պլանավորողները ազատության մեջ են։ Եթե էդ ձեւ է լինելու, դա նշանակում է, որ մենք օրենքի պետությունում չենք բնակվում։

Նյութի աղբյուր Hraparak.am.

Загрузка...
Դիտումներ: 548 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: