Загрузка...
15:56
Ո՞վ է մահվան տարել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի զոհերից ոմանց

 

Որոշ աղմկահարույց և առեղծվածային սպանությունների սցենարը, պատկերը կարող է ամբողջանալ 10-ամյակների հեռվից, երբ ոճիրը կրկնվում է տարօրինակ ձեռագրով… Իշխանության գործը հեշտացնելու համար կարծես տեղի է ունենում կուլիսային սպանդ, որտեղ, չգիտես ինչու, կասկածելիորեն հայտնվում են իշխանության կամ ընդդիմության մեջ «ներդրված» հանրությանը հայտնի մարդիկ…

Նրանք, կարծես, հետո «պլստում» են արդարադատությունից կամ թեթև պատիժ ստանում, իսկ հետո դիրքավորվում՝ հաջորդ պետական ահաբեկչության գործում նոր դեր ստանձնելու համար:

Հակիրճ հայացք նետենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ապա՝ Մարտի 1-ի գործին, որը իրավապաշտպան Արթուր Սաքունցը իրավմամբ որակում է պետական ահաբեկչություն հանրության դեմ:

Նկատենք, թե ինչ եղավ 1999թ.-ի արյունոտ Հոկտեմբերի 27-ից առաջ, ընթացքում և հետո: Նախ, Քոչարյանի հայտնի հրամանագրում նշված՝ «կայուն» հոգեբանությամբ աչքի ընկնող որոշ անձանց շրջապատում կամ կասկածելի հանգամանքներում սպանվում, մահանում են այդ ոճրագործության թիրախում հայտնված Վազգեն Սարգսյանի հավատարիմ զինակիցները՝ ԱԺ-ում և դրանից դուրս:

Հիշատակենք միայն 2 դեպք. Նախապատրաստվող ոճիրից 20 օր առաջ, Ծաղիկ Ռուբո մականունով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը կազմակերպում է Դավիթաշենում կառուցած եկեղեցու բացման արարողությունը:

Նա միջոցառմանը հրավիրում է ԵԿՄ անդամներին, Վազգեն Սարգսյանի հավատարիմ անձանց, հրամանատարներին: Միջոցառման ժամանակ ինչ-որ բան են հյուրասիրում, ինչից հյուրերից ոմանց առողջությունը կտրուկ վատանում է, փսխումներ են ունենում, բոլորին հասցնում են հիվանդանոց, փրկում, միայն «Մալաթիա» ջոկատի հրամանատար, նախկին թաղապետ և մահվան պահին ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանին չի հաջողվում փրկել:

Որպես մահվան պատճառ՝ պաշտոնապես նշվում է սրտի կաթվածը, սակայն կայծակնային տեղեկատվություն է տարածվում հանրության շրջանում, որ նրան թունավորել են, և ակնարկների սլաքն ուղղվում է ԱԺ մեկ այլ պատգամավոր, Լեդի Հակոբ մականունով Հակոբ Հակոբյանի կողմը, ում եղբոր որդին էլ հետագայում, 100,000 դոլարով պատվիրում է Վահան Զատիկյանի 2 որդիների սպանությունը:

Մինչ օրս առեղծվածային շղարշով է պատված Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկ այլ հրամանատարի՝ պատգամավոր Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները: Դրանք ամբողջովին պարզված չեն, և մամուլը բազմիցս գրել է, որ նախաքննության ներկայացրած վարկածը չի համապատասխանում գործում եղած փաստերին:

Հիշեցնենք, որ Ա.Արմենակյանը սպանվել է ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր Ֆոյեում՝ առաջին դռան դիմաց, և որ փաստերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա սպանվել է ահաբեկիչների դահլիճ ներխուժելու պահին հաջորդող 10-11 վայրկյանների ընթացքում:

Ա.Արմենակյանի հետ ֆոյեում նստած է եղել պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը, բայց գործում տեղեկություն կա նաև Հակոբ Հակոբյանի՝ այնտեղ գտնվելու մասին:

Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի սպանության, մահվան առեղծվածային դեպքերը շարունակվել են նաև դրանից հետո: Այնուհետև Քոչարյանի իշխանության կուլիսային «մարդասպաններն» անցել են Հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարևոր վկաների, արժեքավոր տեղեկատվության տիրապետող անձանց ընդմիշտ լռեցնելու գործին՝ անկախ գտնվելու վայրից՝ ԱՄՆ-ից մինչև բանտ:

Այժմ անդրադառնանք Մարտի 1-ի դեպքով մի ուշագրավ դրվագի՝ մինչ այդ ևս մեկ անգամ վերընթերցելով մեր գործընկերոջ անդրադարձը:

«Հայկական ժամանակը» օրեր առաջ՝ օգոստոսի 13-ին վերատպել էր «Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները» վերնագրով հոդվածը՝ տպագրված «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի սեպտեմբերի 6-ի համարում :

Այն մեջբերում եմ մասնակի՝ որոշակի կրճատումներով.

«Մարտի 1-ի դեպքերին հաջորդած այս վեց ամիսների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք այդ ողբերգական իրադարձությունների տասը զոհերին: Սակայն, կարծում ենք, արժե եւս մեկ անգամ համախմբված ներկայացնել սպանվածներից յուրաքանչյուրի մահվան պատճառները եւ դեպքի վայրի վերաբերյալ տվյալները, որոնք վերցված են պաշտոնական եզրակացությունից: Այսպես, սպանվածներից 5-ի մահը վրա է հասել հրազենային վնասվածքից.

Դավիթ Աֆրենտի Պետրոսյան` ծնված 1975 թվականին: Մահը վրա է հասել կրծքավանդակի աջ կեսի թիկունքի կողմից հասցված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 9 միլիմետր տրամաչափի մեկ գնդակ: Պետրոսյանը վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ` Աշտարակ գնացող միկրոավտոբուսների կանգառի հատվածում: Փամփուշտի տրամաչափը թույլ է տալիս ասել, որ Դավիթ Պետրոսյանը գնդակահարվել է ատրճանակից:

Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան` ծնված 1980 թվականին: Սպանվել է գանգի միջանցիկ հրազենային վնասվածքից: Պաշտոնական եզրակացության համաձայն, դեպքը տեղի է ունեցել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմացի մասում: Չի բացառվում, որ Գրիգոր Գեւորգյանը ոչ թե պատահական գնդակի զոհ է, այլ նրան ուղղակի սառնասիրտ գնդակահարել են: Բանն այն է, որ մարտի 1-ին Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում տեղակայված են եղել տարբեր զորամիավորումների գրոհայինները, իսկ ցուցարարները այդտեղից գտնվել են մոտ կես կիլոմետր հեռավորության վրա:

Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան` ծնված 1961 թվականին: Սպանվել է կրծքավանդակի ձախ կեսի առջեւի մասից պատճառված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 5,45 միլիմետր տրամաչափի մեկ փամփուշտ: Հովհաննես Հովհաննիսյանը սպանվել է Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում: Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ չնայած պաշտոնապես չի նշվում, թե գնդակը ինչ տիպի հրազենից է արձակված եղել, սակայն տրամաչափը թույլ է տալիս ասել, որ այն եղել է ավտոմատ հրազեն, մասնավորապես` «Կալաշնիկով» տեսակի: Հրազենային վնասվածքի բնույթը, իր հերթին, վկայում է, որ Հովհաննիսյանը եւս սառնասիրտ գնդակահարվել է, քանի որ կրակն արձակվել է ուղիղ սրտի հատվածում:

Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան` ծնված 1977 թվականին: Սպանվել է որովայնի շրջանում հասցված հրազենային վնասվածքից: Մարմնից հանվել է 9 միլիմետր տրամաչափի մեկ գնդակ: Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի մասում: Գնդակի տրամաչափը վկայում է, որ Զաքար Հովհաննիսյանին եւս գնդակահարել են ատրճանակից…

Արմեն Վաչագանի Ֆարմանյան` ծնված 1974 թվականին: Մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին: Կրկին որպես մահվան պատճառ նշվում է «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը: Իսկ դեպքը տեղի է ունեցել Պարոնյան 24 հասցեում: Ավելի կոնկրետ` Ֆարմանյանը սպանվել է «Ձորագյուղ» ռեստորանի դիմացի մասում: Այս դեպքում սպանությունը տեղի է ունեցել ցույցի վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, մի վայրում, որը զորքերի հսկողության տակ է եղել…

Ինչպես նկատեցիք, պաշտոնական տվյալներով, սպանության դեպքերը հիմնականում տեղի են ունեցել երկու վայրում` Պարոնյան եւ Լեո փողոցների, Մաշտոցի պողոտա եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկներում: Երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց սպանված ութ քաղաքացիների եւ երկու զինվորականների մահվան պատճառներն ու դեպքի կոնկրետ վայրերը, հենց այդ ժամանակ տարակուսանք առաջացրեց այն, որ նրանցից հինգի սպանության վայրում մշտապես գտնվել են զորքերը: Ի՞նչ էր տալու մարդկանց սպանության վայրի նման «կենտրոնացումը»:

Այս հարցի պատասխանը պարզ դարձավ երեկ, երբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ հայտարարվեց, թե իբր մարտի 1-ի քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ցուցարարները Գրիգոր Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով առաջ են շարժվել դեպի Պռոշյան փողոց եւ ցանկացել են գրոհել կառավարական առանձնատների վրա, այնտեղից` Պռոշյան փողոցով, հետո` Մարշալ Բաղրամյան պողոտայով` դեպի ԱԺ: Թերեւս միայն հիվանդ երեւակայություն եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ արյունարբու ատելությամբ լցված մարդու մտքով կանցներ մարտի 1-ը նման լույսի ներքո ներկայացնել:

Ցուցարարները ոչ մի տեղ չեն գրոհել, եւ դա կարող են հաստատել Մյասնիկյանի արձանի մոտ եղած հարյուր հազարավոր քաղաքացիները, լրագրողները: Սակայն ժողովրդի սպանդ կազմակերպած անձանց համար իրականությունը էական չէ: Սրանք մի սցենար են գծել, որով ցանկանում են սպանությունները ներկայացնել իբրեւ կառավարական ամառանոցների վրա գրոհած անձանց վնասազերծում: Սակայն իրավապահի դիրքերից հանդես եկող այս հանցագործներին խորը հիասթափություն է սպասում: Որոշ տեղեկությունների համաձայն, կան տեսագրություններ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են գրոհայինները քաղաքացիների մի խմբի գցում ծուղակի մեջ եւ փորձում ուղղորդել դեպի կառավարական ամառանոցների կողմը` Մյասնիկյան արձան տանող ճանապարհը փակելով: Սակայն նույնիսկ այդ պարագայում մարդիկ, որոնք թերեւս Կոնդի բնակիչներ են լինում, տարբեր ուղղությամբ փախչում են, բայց, միեւնույն է, դեպի ամառանոցներ չեն բարձրանում, չնայած այդ ուղղությամբ ճանապարհը ազատ է լինում: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրությամբ հաստատվում է այն վարկածը, որ մարտի 1-ի երեկոյան ջարդերը եւս իշխանությունները որոշակի սցենարով են կազմակերպել:

Նպատակը եղել է ժողովրդի սպանդը ներկայացնել իբրեւ զինված հեղաշրջման փորձի կանխում: Հենց այդ սցենարն է դրվել մարտի 1-ի քրեական գործի նախաքննության հիմքում: Այդ քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությանը նախաքննությունը անհրաժեշտ է եղել միայն, որ սպանդի սցենարն ի վերջո ներկայացնեին իբրեւ քրեական գործ:

Վահագն Հովակիմյան»

Նշված դեպքերից առանձնացնենք Զաքար Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն ֆարմանյանի մասը:

Մարտի 1-ի դեպքերից հետո տողերիս հեղինակին հաջողվեց պարզել Զաքարի տան հասցեն: Նա Մալաթիայում էր ապրում. Երբ մտա ներս՝ տպավորությունը բավականին ճնշող էր. հայրը՝ անկողնային ծանր հիվանդ, տունը գրեթե դատարկ, իսկ պատին՝ Զաքարի լուսանկարի կողքին, որքան հիշում եմ, նրա զոհված եղբոր լուսանկարն էր…

Պարզվեց, որ երկրորդ զոհը՝ Դավիթը, ևս Մալաթիայից էր, նրա հարևանն էր /վարձով էր ապրում/, բայց այդ պահին նրանց տանը չկար որևէ մեկը, ում հետ հնարավոր լիներ զրուցել:

Ավելի ուշ, տեղեկություն հայտնվեց, որ երրորդ զոհը՝ Արմեն Ֆարմանյանը ևս գրեթե նույն թաղից է…

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է եղել, որ Մալաթիայի բնակիչները, հայտնվել են ցույցի մասնակիցներից շատ հեռու՝ զորքերի հսկողության տակ գտնվող թիկունքային մասում, ու չնայած գտնվել են միմյանցից հեռու հասցեների մոտ, այդուհանդերձ սպանվել են սառնասրտորեն:

Սա կարող է այսպիսի բացատրություն ունենալ. Հնարավոր է, որ նրանց համար գուցե վստահելի ինչ-որ մեկը հերթով զանգել, կանչել է սպանության պլանավորված վայր կամ ուղղորդել այնտեղ: Մեկը, ով կարող էր ունենալ նրանց հեռախոսահամարը և ունենար այնպիսի ազդեցություն, ում կլսեին և կհայտնվեին այն հատվածում, որտեղ հետո մեքենաներ պետք է հրկիզվեին, իշխանության ներկայացուցիչների, նաև Սամվել Ալեքսանյանի խանութները պետք է հարձակման ենթարկվեին…

Դա անհրաժեշտ էր իշխանությանը. հարձակման իմիտացիա ստեղծելով՝ հետագայում արդարացնել հարձակումները՝ խաղաղ ցուցարարների վրա, ռազմական ուժերի ներգրավումը, իսկ հետո նաև սպանությունները…

Այդ ցույցերին մասնակցած անձանցից մեկը մի առիթով ինձ հարց տվեց, իսկ ո՞վ էր Մալաթիայից սպանվածներին տարել այնտեղ և ո՞վ կարող էր օգնել իշխանությանը՝ ստեղծել ցուցարարների հարձակման այդ իմիտացիան…

Հիշեցի, որ Մալաթիայում ազդեցություն ունեցող անձանցից Հակոբ Հակոբյանն է դատապարտվել կարճ ժամանակով…

Այժմ մտածում եմ, թե ինչ սցենար ու դեր են պատրաստել կուլիսային «մարդասպանները», ովքեր ներկայանում են թավշյա հեղափոխության կողմնակից, բայց միշտ հակահեղափոխական են եղել:

Նյութի աղբյուր www.1in.ame

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 353 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: