Загрузка...
21:00
Նորատուսցի Ալիկին կալանքից ազատելու համար առաջարկվեց 50 մլն դրամ գրավ. Դատարանը մերժեց միջնորդությունը

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստում դատարանը նախ հրապարակեց Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ նախորդ նիստում արած միջնորդությունը մերժելու իր որոշումը:

Հիշեցնենք, որ Երեմ Սարգսյանը միջնորդել էր, որ դատարանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջի Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի  մասնակցությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» գործողությունը կատարելու՝ ոստիկանական երկու միջնորդությունների, դրանց կցված նյութերի, դատարանում այդ միջնորդությունների քննարկման ու կայացված որոշումների պատճենները:

Նախագահողը նշեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ երկու ոստիկանական միջնորդությունները քննվել ու լուծվել են օրենքի պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք նաև, որ այդ ոստիկանական միջնորդությունների վերաբերյալ հիշյալ դատարանի՝ թույլատրող որոշումները վաղուց մտած են օրինական ուժի մեջ:

Փաստաբան Երեմ Սարգսյանն իր առնվազն զարմանքը հայտնեց դատարանի որոշման կապացությամբ:

Այնուհետև փաստաբանը հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ անթույլատրելի ապացույց ճանաչել Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի հեռախոսային խոսակացությունների վերահսկման ամփոփագրերը, վերծանումները, «Ներքին դիտում» գործողության շրջանակներում իր պաշտպանյալի ու Արմեն Գասպարյանի ձայների նմուշները վերցնելն ու դրանց հիման վրա կատարված դատաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ ինչպես հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, այնպես էլ «Ներքին դիտում» գործողությունը կատարվել են ոչ թե որպես քննչական, այլ՝ որպես օպերատիվ-հետախուզական գործողություններ: Օրենսդիրը, ըստ փաստաբանի, պատահականորեն չէ, որ հստակ տարանջատում է քննչական գործողությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումներից:

Ըստ փաստաբանի՝ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ այդ գործունեության արդյունքները կարող են ապացույցի տեսակ լինել, ասենք, վարչական գործերի քննության ժամանակ, բայց ոչ՝ քրեական դատավարության մեջ:

Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ ապացույցները ձեռք են բերվում քննչական գործողությունների արդյունքում՝ օրենքով հստակ նախատեսված կարգով: Հակառակ դեպքում՝ անկախ տվյալ գործի համար ունեցած կարևորությունից՝ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Պաշտպանը նշեց՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն է կատարվել ՝ Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի ձայների նմուշները ստանալու նպատակով: Մինչդեռ պետք է կատարվեր նմուշներ վերցնելու քննչական գործողություն՝ նախ քննիչը պետք է որոշում կայացներ, մեղադրյալներին ծանոթացներ այդ որոշմանը, այնուհետև ձայների նմուշները վերցներ ընթերակաների մասնակցությամբ, փաթեթավորեր ու հանձներ փորձաքննության: Մինչդեռ կատարվել է օպերատիվ-հետախուզական գործողություն, որի դեպքում ընթերականեր չեն մասնակցում, ընթացակարգը տարբերվում է քննչական գործողության ընթացակարգից:

Փաստաբանը նշեց նաև, որ «Ներքին դիտում» գործողությունը չէր կարող կատարվել ՔԿՀ վարչական շենքում՝ ծառայողներից մեկի աշխատասենյակում, այդ սենյակը չի կարող «բնակարան» կամ «աշխատասենյակ» համարվել Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի համար, ում նկատմամբ կատարվել է գործողությունը: Ինչ-որ տեղ փաստաբանն ավելի ընդունելի համարեց, որ «Ներքին դիտումը» անցկացվեր մեղադրյալների խցում, քան՝ ՔԿՀ աշխատակցի աշխատասենյակում: Փաստաբանը նշեց՝ կատարվել է ոչ թե Ներքին դիտում, այլ՝ օպերատիվ տվյալի ձեռքբերում: Վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի, որ այդ պայմաններում «Ներքին դիտում» անցկացնելը միակ ու բացառիկ միջոցն է եղել՝ օպերատիվ տվյալ ձեռք բերելու համար:

Մեղադրող Գ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը խիստ տեսական բնույթ ունի, բայց գործնականում այն ունի իր լուծումը:

Մեղադրողը նշեց, որ քննիչը ոչ թե օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքն է անմիջականորեն ճանաչել որպես ապացույց, այլ զննել է այն, կազմել է համապատասխան արձանագրություն, արձանագրությունն էլ ճանաչել է որպես «այլ  ապացույց»: Այսինքն՝ քննիչի գործողության արդյունքում է ճանաչվել որպես ապացույց…

Ըստ մեղադրողի՝ ՔԿՀ-ում «Ներքին դիտում» անցկացնելու նպատակը ի սկզբանե եղել է բացառապես հանցախմբի հետ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելը, բայց այդ նպատակին հասնել չեն կարողացել: Քննիչը, ըստ մեղադրողի, իրավասու էր՝ «Ներքին դիտում» գործողության ժամանակ կատարված ձայնագրություններից ձայնի նմուշներ վերցնելու:

Երեմ Սարգսյանը պատասխան ռեպլիկում մեկ անգամ ևս հիշատակեց, որ մեղադրանքի կողմին հասու են եղել ոստիկանական միջնորդությունների ու դատարանում դրանց քննարկման ու լուծման նյութերը, իսկ պաշտպանական կողմը այդ նյութերը չի տեսել ու չի կարող մեղադրողի համոզվածությունն ունենալ, թե դատարանը ոստիկանական միջնորդությունները բավարարել է առանց օրենքի պահանջների խախտումների:

Երեմ Սարգսյանը նշեց. «Եվրոդատարանում լուրջ խնդիր ենք ունենալու»: Պաշտպանը նշեց, թե ինքը կասկածում է, որ «Ներքին դիտում» գործողության ժամանակ հենց Ալիկ Բանդուրյանի ձայնն է ձայնագրառված. «Ո՞նց են որոշել՝ օպերատիվ աշխատողի ասելո՞վ»:

Դատարանը, կողմերին լսելով, որոշեց՝ հետաձգել պաշտպան Ե. Սարգսյանի միջնորդության լուծումը, դրան անդրադառնալ մյուս ապացույցների համակցությամբ՝ խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև փոխել իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը՝ նշելով, թե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, առավել ևս՝ որ դատաքննությունը մոտեցել է ավարտին, այլևս Ալիկ Բանդուրյանը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դատավարության մասնակիցների վրա՝ բոլորը հարցաքննվել են:

Պաշտպանը անդրադարձավ նաև իր պաշտպանյալի՝ կտրուկ վատթարացած առողջական վիճակին: Եվս մեկ անգամ թվարկվեցին Ալիկ Բանդուրյանի հիվանդությունները, այդ թվում՝ 8 ամիս առաջ նրա մոտ հայտնաբերված ողնաշարային ծանր հիվանդությունը, որի բուժումը միայն համապատասխան կլինիկայում կարող է լինել, պահանջվում է անկողնային ռեժիմ, բարդ ու տևական դեղորայքային բուժում, նաև՝ բարդ խնամք, ինչը Ալիկ Բանդուրյանը չի կարող ստանալ ՔԿՀ-ում՝ արգելանքի տակ գտնվելով: Ալիկ Բանդուրյանը տեղաշարժվում է  անվասայլակով, դատարան է տեղափոխվում չհարմարեցված մեքենայով, ինչը Եվրոպական դատարանը կարող է դիտարկել որպես խոշտանգում: Անկողնային ռեժիմով բուժվելու անհրաժեշտությունն էլ, ըստ փաստաբանի, բացառում է Ալիկ Բանդուրյանի՝ քննությունից թաքնվելու հավանականությունը:

Երեմ Սարգսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի խափանման միջոց կալանքը, ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց, նրան անհապաղ ազատ արձակել կալանքից կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ գրավի չափ սահմանելով 50 միլիոն դրամը:

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վերացված չեն Ալիկ Բանդուրյանին կալանքի տակ պահելու՝ օրենքով նախատեսված հիմքերը:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Ալիկ Բանդուրյանը կմնա կալանքի տակ: Նրա համախոհները դատարանի որոշմանը սպասում էին կալանքից ազատման որոշում լսելու հույսերով՝ նույնիսկ պպզել էին դատարանի դահլիճի ձայնասփյուռների առաջ՝ որոշումը ավելի լավ լսելու նպատակով, բայց հուսախաբ եղան…

Նյութի աղբյուր  www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2438 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: