Загрузка...
21:42
Մանվել Գրիգորյանի գործի արտաքին սպառնալիքները. զգուշանալ Ռուսաստանից

 

«Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել»,- այսօր նման հայտարարություն է արել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով ԱԱԾ-ի վերջին գործողությունների համատեքստում անձամբ իր և այլ պաշտոնյաների անվտանգության համար մտավախություններ ունենալ-չունենալու մասին հարցին:

«Չասենք՝ մտավախություն, կարող են լինել նման բաներ։ Անկեղծ ասած՝ ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։

Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ»,- ասել է Վանեցյանը՝ բնականաբար, չմանրամասնելով`ինչ խմբերի մասին է խոսքը:

ԱԱԾ ղեվակարի լակոնիկ հայտարարությունը չափազանցություն համարել չի կարելի, քանի որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո այդ կառույցի վրա դրվել է հեղափոխության հայտարարած նպատակների մի մասի, զգալի մասի իրականացման գործառույթն ու դերակատարումը:

Լավ է դա, թե վատ, որքանով դա կարող է բացասաբար ազդել երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, այլ քննարկման նյութ է, սակայն հատկապես վերջին իրադարձություններից հետո, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի դերը էականորեն աճել է:

Աճել են նաև այդ կառույցի ղեկավարների նկատմամբ հնարավոր վտանգներն ու սպառնալիքները: Ոչ միայն այդ կառույցի, այլ նաև իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման խնդիրները:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում հանրապետությունում, միայն ու բացառապես ներքին խնդիր է, հետևաբար, սպառանալիքներն էլ կարող են բխել միայն ներքին շրջանակներից, այն շրջանակներից, որոնք շաղկապված են Մանվել Գրիգորյանի հետ, որոնց ներկայացուցիչների անունները գեներալը կարող է հնչեցնել ցանկացած պահի:

Այո, այդ շրջանակների համար սպառնալիք է ինչպես անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը, այնպես էլ նրա դեմ այդ գործողությունն իրականացրած իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ:

Բայց հեղափոխական իշխանությանը սպառնացող վտանգները սահմանափակել միայն ներքին շրջանակներով, կնշանակի ամբողջությամբ ու համարժեք չգնահատել Հայաստանում առնվազն երկու տասնամյակ գործած իշխանության հացնավոր բնույթը, այդ իշխանության իրականացրած դերն ու գործառույթը, որն արդեն ունեցել է լրջագույն արտաքին քաղաքական նշանակություն:

Այդ իշխանությունը, ընդհանրական ձևակերպմամբ՝ մանվելական իշխանությունը, երկու տասնամյակ շարունակ եղել է Հայաստանում հաստատված այն ստատուս-քվոյի երաշխավորը, որը ձեռնտու է եղել արտաքին խաղացողներին, բայց առաջին հերթին ու առավելապես Ռուսաստանին:

Ահա այդ իշխանությունն իր հանցավորությամբ ու խոցելիությամբ, խոցելիությամբ ու այդմով`գերկառավարելիությամբ եղել է այն ստատուս-քվոյի երաշխավորը, որում հնարավոր է դարձել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մոտ կեսդարյա պայմանագրի ընդունումը: Այդ իշխանությունն է եղել այն ստատուս-քվոյի գրավականը, որով «Գազպրոմ»-ին Հայաստանում տրվել է տոտալ մենաշնորհ`դրանից բխող ներքին ու արտաքին միլիարդավոր ստվերային եկամուտներով:

Ահա այդ նույն իշխանությունն է եղել այն ստատուս-քվոյի պահապանը, որի արդյունքում Հայաստանը մեկ գիշերվա մեջ դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Սրանք այդ իշխանության գոյության արտաքին քաղաքական հետևանքների շատ փոքր մասն են:

Թվարկվածով այդ իշխանության՝ պետությանը հասցված անդառնալի վնասները չեն սահմանափակվում: Մանվել Գրիգորյանի գործը տասնամյակներ շարունակ տեղի ունեցածի միայն մակերեսն է, որի ներքին ու արտաքին քաղաքական ազդեցությունները արտահայտվել են շատ ավելի խորքային շերտերում:

Վերջին հաշվով, այս իշխանությունը ղարաբաղյան պատերազմի հավիտենականությունն ապահովող ստատուս-քվոյի երաշխավորն է եղել նաև:

Որովհետև Ռուսաստանի համար միշտ ձեռնտու է եղել և ձեռնտու է ղարաբաղյան հարցի չկարգավորվածությունը՝ տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծման ու նաև սպառազինության վաճառքով միլիարդավոր դոլարներ աշխատելու նպատակով:

Ահա այդ իշխանությունը, իր հիմքում մանվելականություն ունեցող իշխանությունը երաշխավորել է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը, գոնե տեսանելի ապագայում, լուծում չստանա՝ ընթացս իր համար ապահովելով անպատկերացնելի եկամուտներ:

Պատերազմի ու բանակի հաշվին: Եվ ստացվում է, որ կազմաքանդելով այդ համակարգը, Հայաստանի ներկայիս իշխանությունը կազմաքանդում է Հայաստանում ու տարածաշրջանում Ռուսաստանի հավիտենական գոյությունն ապահոված համակարգը:

Այս համատեսքտում խնդիրը դիտարկելիս ԱԱԾ պետի այսօրվա հայտարարությունը միանգամայն այլ երանգ ու այլ ուղղություններ է ստանում, քանի որ այդ համակարգի կազմաքանդումից արտաքին խաղացողները ու այդ խաղացողներից հատկապես Ռուսաստանը, շատ ավելին կարող է կորցնել, քան ներքինները, որոնց կարող է սպառնալ տարիների ազատազրկում ու միլիարդների հետ վերադարձ:

Եվ ուրմեն, Հայաստանի իշխանությանը, իշխանությունը ներկայացնող անհատներին սպառանցող արտաքին վտանգները շատ ավելի լուրջ են:

Հատկապես Հոկտեմբերի 27 տեսած ու այդպես էլ այդ հարվածից ուշքի չեկած երկրի համար այդ սպառնալիքները չափազանց առարկայական ու նախադեպային են: Այնպես որ, ներքին հակառակորդներից բացի, ուշադրություն հրավիրել նաև արտաքին սպառնալիքների վրա:

Այս համատեքստում, ի դեպ, ԱԱԾ-ի՝ չափից ավելի շատ ներքին խնդիրների վրա կենտրոնանալը կարող է վտանգավոր լինել, որովհետև բացառված չէ, որ այդ ներքին կենտրոնացումը տեղի է ունենում նաև ի հաշիվ արտաքին հետախուզության ու հակահետախուզության ուժերի:

Ի վերջո, ԱԱԾ-ն ունի նաև կադրերի, պրոֆեսիոնալ կադրերի խնդիր: Հատկապես, որ նախորդ երկու տասնամյակներում այդ կառույցը զբաղվել է առավելապես ներքին խնդիրներով, թերևս նաև այն պատճառով, որ վերը նշված գործոնների համատեքստում արտաքին վտանգները համարվել են չեզոքացված:

Իշխանությունն արել է ամենը, ինչը բխել է արտաքին ամենամեծ սպառնալիքը ներկայացնող կողմի շահերից: Հայաստանում տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարը միայն առաջին հայացքից ու նոմինալ նշանակությամբ է հակակոռուպցիոն

: Այդ պայքարը բազմաթիվ երևացող, բայց ավելի շատ չերևացող շերտեր է ընդգրկում, որոնք առնչվում են նաև արտաքին ուժերին: Պետք է լինել չափազանց զգույշ և ոչ մի վայրկյան չմոռանալ՝ խելքով Ռուսաստանին հասկանալու անհնարինության մասին դասական ու դասականի արտահայտությունը:

Նյութի աղբյուր http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2646 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: