Загрузка...
09:38
Կպայմանավորվե՞ն, թե՞ կսակարկեն. ԲՀԿ-ի և Փաշինյանի միջև տարաձայնությունները խորանում են

 

ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե հնարավոր է հրաժարական տան մի քանի այլ նախարարներ ևս։ Որքան էլ, որ Դաշնակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը աջակցեցին Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, քվեարկեցին նրա օգտին, խորհրդարանում այս օրերին ցայտուն կերպով երևում է քաղաքական այս ուժերի միջև առկա խիստ տարաձայնությունները։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կառավարության ամենամեծ թերությունն այն է, որ վարչապետն իր թիմակիցների հետ չի տալիս Հայաստանի զարգացման ռազմավարական վեկտորի ուղղությունը. «Եվ դա արդեն բերում է խնդիրների՝ ինչպես իր դաշինքում, այնպես էլ իր գործընկերների՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ հարաբերություններում։ Հիմնական խնդիրը դա է, վարչապետը ցույց չի տալիս այն Հայաստանի պատկերը, ըստ որի՝ ինքը պետք է շարժվի։ Եթե այդ խնդիրը չլուծվի՝ չի բացառվում, որ իշխող քաղաքական խմբի միջև տեղի ունենան լուրջ զարգացումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը կարող է խորանալ։

Մեր զրուցակիցը շարունակում է․ «Ծառուկյան» դաշինքը, որպես ազդեցիկ քաղաքական ուժ, հավանականություն ունի ապագա խորհրդարանում ունենալ զգալի ներկայություն։ «Նորմալ չէ, որ նրանց այդ տեսակետը արժանացավ քննադատության։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա նման ձգտում։ Հասկանալով, որ սա ընդամենը ժամանակավոր կառավարություն է, և հաջորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բնականաբար պատրաստվում է դրանց՝ առավել ևս, որ ունի մարզային կառույցներ, սեփական հեռուստաընկերություն և Գագիկ Ծառուկյան կուսակցության ղեկավար, որը լուրջ գործոն է։ Մյուս կուսակցությունները առայժմ տեղից չեն շարժվում»,- ասաց Արմեն Բադալյանը։

Հարցին՝ արդյո՞ք Մանե Թանդիլյանի հրաժարականն ու կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչից չհրաժարվելը կվնասի նոր կառավարության իմիջին, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Մի քիչ դժվար է պատկերացնել, եթե լիներ նոր կառավարության զարգացման ռազմավարական վեկտորը, ապա մենք կարող էինք ասել՝ այս բարեփոխումը տեղավորվո՞ւմ է այդ վեկտորի մեջ, թե՞ ոչ։ Քանի որ այդ վեկտորը չկա՝ մենք չենք կարող ասել՝ դա հաջողվա՞ծ, թե՞ անհաջող բարեփոխում էր։ Եթե հարցին պատասխան չկա՝ վարչապետի իմիջի վրա ավելի շատ բացասական կարող է ազդել, քան դրական։ Եթե հիմա դա չզգացվի, ապա որոշ ժամանակ հետո կարող է զգացվել»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերով՝ հիմա ամենակարևոր հարցն այն է, թե քաղաքական ուժերի միջև առկա համաձայնություններն ինչ ընթացք կունենան։ «Արդյոք այն տարաձայնությունները, որ արդեն իսկ նշմարվում են երբեմն շատ ուղիղ, երբեմն կոպիտ, կարող են այնքան խորանալ, որ իրենց համատեղ գործունեությունն անհնար լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Այս փուլում առայժմ իրար են փորձում՝ թե ով ինչքան է ընդունակ զիջել։ Հիմա Դաշնակցությունը և մասնավորապես Արծվիկ Մինասյանը փորձում են դեմքը պահպանել կուտակային համակարգի շուրջ, «Ծառուկյան» դաշինքը շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգներով է հղի Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելը, որը բավականին լուրջ գործիքակազմ կարող է խլել իրենց ձեռքից՝ թե՛ առօրյա գործունեության մեջ, թե՛ նախընտրական շրջանում։ Ամեն ինչ հարթ չէ նաև «Ելք»-ում, չգիտեն՝ իրար հետ են գնալու առաջիկա ընտրություններին, թե առանձին-առանձին, հիմա հարցը հետևյալն է՝ դառնո՞ւմ են մեկ կուսակցություն, թե՞ ոչ։ Ըստ իս՝ եթե չդառնան մեկ կուսակցություն, ապա քիչ հավանական է, որ դաշինքով կմասնակցեն ընտրություններին»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանը նշում է՝ երբ էլ անցկացվեն ընտրությունները, Փաշինյանի այսօրվա դաշնակիցները լինելու են իր հակառակորդները. «Առայժմ Փաշինյանի հռետորաբանությունը բավականին հանգիստ է, ինչպես տեսանք իր վերջին ուղիղ եթերի ընթացքում, բայց հասկանալի է, որ, օրինակ, Բարեգործության մասին օրենքի քննադատությամբ որոշ հարցեր արդեն իսկ փորձում են լուծել։ Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար լուրջ ազդակ պետք է լիներ նաև այն, որ Կոտայքի մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է։ Մենք տեսանք, որ բացահայտ հարձակում եղավ վարչապետ Փաշինյանի վրա ԱԺ հայտարարությունների ժամին։ Դրանից բացի՝ տեսանք նաև, որ կոնկրետ Միքայել Մելքումյանի ելույթում կար սակարկության դրսևորում․ասում են այս-այս հարցերում աջակցել ենք, բայց դուք բարեխիղճ չեք համագործակցում։ Հիմա գործընթաց է գնում, առայժմ կփորձեն գոնե որոշ հարցերում պայմանավորվել, որպեսզի ժամանակից շուտ չլինեն այնպիսի լարումներ, որոնք կհանգեցնեն կառավարությունում ֆորմատի փոփոխությանը»։

Նյութի աղբյուր  http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 272 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Юль
https://drive.google.com/file/d/1RGHJHnYJe-WuJpR1sttMd5mMIXl7G3CD/preview

Имя *:
Email *:
Код *: