Загрузка...
20:27
Ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանն իշխել նաև խորհրդարանում. ԱԺ կանոնակարգ-օրենքի հետքերով

Հայաստանի քաղաքական կյանքում ուժերի դասավորվածությունը հետաքրքիր պատկեր է ստեղծել, եւ թերեւս, այդպիսի ոչ ստանդարտ իրավիճակը կարող է պահպանվել, եթե ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն: Գործադիր մարմնում իշխանության են օրենսդիրում փոքրամասնություն համարվողները, իսկ օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող ուժերն էլ իրենց ընդդիմադիր են հռչակել: Այսինքն` կառավարություն են ձեւավորել խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը, որոնք ընդդիմադիր էին համարվում (իհարկե բացի ՀՅԴ-ից, որը մինչ այս ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրի մեջ էր): Եւ այս պարագայում լուծման միակ բանալին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Սակայն պարզվում է, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կառավարությունում հիմա ներկայացված ուժերը կարող են այլ կերպ լուծել հարցը՝ առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ-օրենքով, որը սահմանում է, թե խորհրդարանում ներկայացված որ ուժերն են համարվում ընդդիմադիր, որը կառավարող: Սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը դեռեւս չի ցանկանում գնալ այդ ճանապարհով՝ հույս ունենալով կարճ ժամանակում լուծել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Պատահական չէ, որ երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե իր պատկերացմամբ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն աշնանը:

Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններ: Նույն այդ օրենքը սահմանում է, թե այդ հարցն ինչպես է կարգավորվում: Հոդվածի մի մասով ասվում է, որ դա կարող է տեղի ունենալ 54 եւ ավելի տոկոս ձայն ունեցող ուժերի միջեւ, այսինքն` նրանք ձեւավորեն կոալիցիա։ Սակայն այդպես կստացվի, որ Հանրապետականն է շարունակում մնալ կառավարող, որը, սակայն, կառավարություն չի ձևավորել: Բայց կա նաեւ հոդվածի մյուս մասը, որում ասվում է, որ կոալիցիայի հուշագիր ստորագրած խմբակցությունները, դրա մասին հայտարարելով, համարվում են կառավարող, եւ ովքեր կառավարության ձևավորման մասին այդ հուշագիրը չեն ստորագրել, դառնում են ընդդիմադիր:

Մասնավորապես ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխի 7-րդ հոդվածում ասվում է.

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

4. Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

5. Կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկա նիստում հանդես է գալիս հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

6. Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր: Ստացվում է՝ չորրորդ կետում հստակ գրված է, որ միայն կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցություններն են համարվում կառավարող: Այժմ ՀՀԿ խմբակցությունը մաս չի կազմում կառավարությանը, եւ այդ հուշագրով կարող է ամրագրվել, որ նրանք կառավարող չեն:

Այս հարցի վերաբերյալ դեռեւս միանշանակ դիրքորոշում «Ելք» դաշինքում առկա չէ: Նման առաջարկով հանդես են եկել կառավարության մաս կազմող մյուս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը: Ընդ որում` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե այդպես վարվելու համար նույնիսկ ուշացել են: «Քանի որ ֆորսմաժորային իրավիճակի հետևանք է այս ամենը, բնականաբար, կարող են առաջանալ իրավական կազուսներ, որոնք պետք է կարգավորվեն, բայց լուծման հնարավորությունը, կարծում եմ, այն է, որ հենց երևի հուշագրի ստորագրման միջոցով պետք է կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններ առաջանան»,- նշեց նա: Ռուստամյանը երեկ նաեւ ընդգծել է, որ հարցը բարցրացրել են նաեւ «Ելք»-ում, սակայն դեռ որեւէ եզրահանգման չեն հասել: «Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ, ի վերջո, շատ հստակ պետք է լինի` անկախ նրանից` փոքրամասնության կառավարություն է, թե` ինչ, բայց պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող»,- շեշտեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելու կողմ են նաեւ «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ: Ընդ որում` նրանց պարագայում խոսքը միայն մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին չէ: «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչները ձգտում են, որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն որեւէ հուշագիր ստորագրելու հարցում Փաշինյանը չի շտապում: Այս ընթացքում նրանք ամեն կերպ ձգտում են հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ տարբեր տեսակի հուշագրերի մասին կմտածեն արդեն ընտրություններից հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/808959/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 441 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: