Загрузка...
23:17
Ինչպե՞ս վերացնել հակահեղափոխությունը. բանալին՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում

 

Փորձագիտական շրջանակներում այս օրերին ավելի հաճախ են խոսում, այսպես կոչված, «երեք նախագահների եռանկյունու» վերակենդանացման մասին։ Առաջին հայացքից՝ ամեն ինչ հենց այդպես էլ կա. Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձավ ոչ միայն մեղադրյալ, այլ նաև՝ երկրորդ բևեռ՝ իր շուրջը կոնսոլիդացվող ուժերով։ Նույն տրամաբանությամբ քաղաքական գործոն է դառնում Լևոն Տեր-Պետրոսյաննն՝ իր թիմով, որովհետև Մարտի 1-ի բացահայտման հիմնական քաղաքական շահառուներից մեկն է։ Սերժ Սարգսյանը չէր էլ հասցրել հեռանալ քաղաքական դաշտից․ՀՀԿ-ն ֆորմալ առումով դեռ խորհրդարանում ամենաազդեցիկ կուսակցությունն է, բացի դրանից՝ բազմաթիվ աղմկոտ բացահայտումներ պտտվում են երրորդ նախագահի անվան շուրջ՝ թույլ չտալով, որ նա «բացակայի» քաղաքական դաշտից։

Մյուս կողմից՝ «երեք նախագահների եռանկյունու» թեզն ինքնին արհեստական է, որովհետև երկրի նախկին ղեկավարների սուբյեկտությունը հաճախ վերականգնում են քաղաքական գործող դերակատարներն՝ իրենց իռացիոնալ վարքագծի հետևանքով։ Համենայն դեպս, օբյեկտիվ լինելու համար՝ նկատենք, որ ներկայումս երեք նախկին նախագահներից որևէ մեկն ի վիճակի է օրակարգ թելադրել այնքանով, որքանով դա թույլ է տալիս հեղափոխության թիմը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը քաղաքական այս ճշմարտությունը թերևս գիտակցել է. համենայն դեպս՝ Կոնգրեսն առայժմ միակ կուսակցությունն է, որը Երևանի ավագանու ընտրություններին հրաժարվել է մասնակցել՝ ըստ էության, ինքնաբացարկ հայտնելով հեղափոխությունն իրականացրած թիմի օգտին։

Այսինքն, եռանկյունու առնվազն մի կողմը համարում է, որ նոր իրավիճակում ինքը քաղաքական օրակարգ թելադրող չէ ու զբաղեցնում է այնքան տարածություն, որ պրակտիկ առումով չխանգարի հեղափոխությանը կամ թույլ չտա, որպեսզի իր գործոնն անհարկի շահարկվի հեղափոխության կողմնակիցների կամ հակառակորդների կողմից։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա նրանց «կենսունակություն» հաղորդում է հեղափոխության անավարտությունը։ Արևմտյան դեմոկրատիայի չափանիշներով՝ մարդաշատ հրապարակը կամ փողոցի անվերապահ աջակցությունը չեն կարող լեգիտիմացնել որևէ իշխանության, որն, այսպես ասենք, չի անցել ընտրությունների ընթացակարգով։ Ըստ այդմ՝ հեղափոխությունը Հայաստանում չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա արդյունքները չեն ֆորմալիզացվել համապետական ընտրությունների արդյունքներով։ Հենց այս հանգամանքով էլ իրենց ներկայությունը լեգիտիմացնում են հակահեղափոխականները. քանի դեռ ընտրություններ չեն եղել, նրանց ներկայությունը քաղաքական դաշտում միանգամայն լեգիտիմացված է՝ թեկուզ գործող ԱԺ-ի գոյությամբ։ Հակահեղափոխության դիմադրությունը մեզանում կամ գերագնահատվում է, կամ էլ՝ թերագնահատվում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն՝ իրենց թիմերով, կենսունակ են ընդամենն այն պատճառով, որ որոշակի համակարգի կրող են, իսկ հեղափոխությունն առայժմ ոչ միայն ինստիտուցիոնալիզացված չէ, այլ շատ դեպքերում կառավարության գործողություններն իրավիճակային կամ նույնիսկ քաոտիկ բնույթ ունեն։ Հայաստանում գործնականում հակահեղափոխությունը հաղթել չի կարող կամ հին համակարգը ռեստավրացիայի ենթարկել անհնար է, եթե չպարտվի հեղափոխությունը։ Այլ խոսքով՝ հակահեղափոխության շանսերը կարող է մեծացնել միայն գործող իշխանությունը, եթե չկարողանա ստեղծել կենսունակ համակարգ. այդ դեպքում՝ վակուումն ինչ-որ կերպ պետք է լցնել, իսկ հեղափոխության թիմը դեմոկրատական այլընտրանք, ավելի ճիշտ՝ որևէ այլընտրանք չունի՝ բացի հին համակարգից, որը չունի ոչ մի մարտավարություն ու հույսը դրել է հենց Նիկոլ Փաշինյանի կաբինետի ձախողման վրա։

Մյուս կողմից՝ քանի դեռ հեղափոխությունը չի կարողացել ձևավորել քաղաքական կենսունակ թիմ ու ռացիոնալ, ոչ ռեպրեսիվ, այսպես կոչված՝ կրեատիվ կերպար, նրան ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանի ու ռեստավրացիայի թեման։ «Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը», «հեղափոխությունը կամ ՀՀԿ»-ն բանաձևերը փակում են հասարակության ընտրության հնարավորությունը, որովհետև բանական մարդիկ չեն կարող ընտրություն կատարել թեկուզև թույլ քաղաքական թիմի ու գողապետության, լավ կամ վատ արժեքներ ստեղծող ու ամեն ինչ լափող բևեռների միջև։ Այլ խոսքով՝ քանի դեռ կառավարությունը ռացիոնալ կերպարի փնտրտուքի մեջ է, նրան պետք է Քոչարյանի առանցքը՝ մարտավարական իմաստով, որպես մոտիվացնող, հասարակությանը հեղափոխության շուրջ կոնսոլիդացնող գործոն։

Իրականությունն այն է, որ նոր կառավարությունը դեռ պատրաստ չէ ունենալ դեմոկրատական հակակշիռ կամ ընդդիմություն ու գուցե այդ պատճառով էլ առանձնապես չի շտապում արտահերթ ընտրությունների անցկացման, այսինքն՝ հեղափոխության հաղթանակն ամրագրելու հարցում։ Ընտրություններից հետո հեղափոխական էյֆորիան նահանջելու է, ինչն օբյեկտիվորեն բերելու է հասարակության քաղաքական նոր շերտավորմանը՝ կառավարության վարկանիշի անխուսափելի անկմամբ ու նոր ընդդիմության ձևավորմամբ, որին այլևս հնարավոր չի լինի մեղադրել ռևանշիզմի մեջ։

Մյուս կողմից՝ «հեղափոխություն-հակահեղափոխություն» երկբևեռ համակարգը վտանգավոր ու ռիսկային է. հակահեղափոխականների շարունակական սաբոտաժը գուցե կառավարության համար «օրինաչափություն» դարձնի պետական ռեպրեսիանների ինստիտուտը, որն ընտրություններից հետո կարող է գործել ցանկացած մեկի դեմ, որը երկրորդ առանցք կձևավորի նույնիսկ հեղափոխության պլատֆորմով։

Նյութի աղբյուր 

www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 220 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: