Загрузка...
12:22
Ինչ խնդիր պետք է լուծի Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ ընտրվելուց առաջ

 

Մոտ երկու շաբաթից կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում, սեպտեմբերի 6-ին Երևանում առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Լիխտենշտեյնի հետ։ Սեպտեմբերի 9-ին էլ մեր ընտրանին Սկոպյեում կմրցի ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի հետ։

Թե ինչ վիճակում է մոտենում մեր հավաքականը կարևորագույն մրցաշարին՝ կարծում ենք, պարզ է։ Կան խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չստացան։ Ստիպված ենք լինելու հույսներս դնել այն կադրերի վրա, որոնք վերջին տարիներին ուղղակի չեն փայլել։ Մտահոգիչ է նաև այն, որ մեր ազգային հավաքականը Ազգերի լիգայում պայքարը սկսում է հայկական ֆուտբոլի համար, այսպես ասած, խառը ժամանակահատվածում։ Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի ընտրությունները, և արդեն պարզ է, որ այս պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ազգային հավաքականին հրաժեշտ է տալու նաև գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Խոսվում է, որ Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումները վերջինն էլ լինելու այս մասնագետի համար։ Չնայած այս մասին դեռևս հավաստի տեղեկություն չկա, այդուհանդերձ ՀՖՖ նոր ղեկավարները և, մասնավորապես, Արթուր Վանեցյանը պետք է ամեն ինչ անեն Մինասյանի հետ ընդհանուր հայտարարի գալու համար։ Մինասյանը պետք է աշխատի հավաքականում գոնե մինչև Ազգերի լիգայի խմբային ավարտը։

Նշենք, որ Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրը կայանալու է հոկտեմբերի 16-ին։ Մեր հավաքականն այդ օրը Երևանում մրցելու է նույն Մակեդոնիայի հետ։ Այսինքն՝ սեպտեմբերին կայանալիք երկու հանդիպումներից հետո Մինասյանի հեռանալը ծանր հարված կհասցնի մեր ազգային թիմին կարևորագույն հանդիպումից առաջ։ Այսօր դժվար է մատնանշել մի մասնագետի, որը օրերի ընթացքում կկարողանա ծանոթանալ թիմին և արդյունք ցույց տալ։ Իրեն հարգող որևէ լուրջ մասնագետ իր վրա պատասխանատվություն չի վերցնի՝ խոստանալով արդյունք։ Արդյունք, որը մեզ օդի և ջրի պես պետք է։

Պետք է գիտակցենք, որ Ազգերի լիգան մեզ համար չազափանց կարևոր մի մրցաշար է, որին ֆուտբոլիստները երկար են սպասել։ Այո, ՀՖՖ նախագահի ընտրությունները ևս կարևոր են հայկական ֆուտբոլի համար, բայց հաշվի առնելով մեր ազգային հավաքականի ներկայիս վիճակն ու սպասվող կարևորագույն հանդիպումները՝ անհրաժեշտ է կայացնել կառուցողական և օպտիմալ մի որոշում։ Եթե իհարկե Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային հավաքականի վերաբերյալ ՀՖՖ գործող ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի չի եկել, ապա անհրաժեշտ է, որ դա արվի անհապաղ։ Անհրաժեշտ է, որ բոլոր երեք կողմերը՝ Արթուր Վանեցյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Վարդան Մինասյանը, ընդառաջելով մեկը մյուսին, որոշում ընդունեն հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի։ Հասկանալ է պետք, որ ոչ մի ֆուտբոլասեր ուղղակի չի ընկալի և ընդունի Ազգերի լիգայի խաղարկության ընթացքում Վարդան Մինասյանի հեռանալը։ Այդ դեպքում տեղի ունեցածի համար մեղավոր կլինեն բոլոր երեք կողմերը, մասնավորապես՝ ՀՖՖ նոր ղեկավարները, որոնք այդ ժամանակ կլինեն ազգային հավաքականի ելույթների գլխավոր պատասխանատուն։

Վերջին երկու ընտրական մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի տապալվել է։ Արթուր Պետրոսյանի հեռանալուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրեց վերջին տարիների թերևս ամենադրական և կառուցողական որոշումը՝ ազգային հավաքականը վստահելով Վարդան Մինասյանին։ Մասնագետի, որը տիրապետում է Հայաստանի գլխավոր թիմի բոլոր ուժեղ և թույլ կողմերին, բոլոր նյուանսներին։ Մասնագետ, որի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն արդեն ցույց է տվել արդյունք։ Մասնագետ, որին ֆուտբոլասերը վստահում է և հույսեր է կապում Ազգերի լիգայի խաղարկությունում։

Այսօր Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն պատմության ընթացքում առաջին անգամ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ փուլում հայտնվելու համար։ Հիմա ուղղակի անհրաժեշտ է գիտակցել պահի լրջությունը և գնահատել ազգային թիմ ասվածի արժեքը։ Հայկական ակումբներից, մասնավորապես, «Փյունիկը» նպաստեց, որ մեր երկրում ֆուտբոլային դրական աժիոտաժ ստեղծվի։ Ֆուտբոլասերի համար հաջողության հաջորդ հանգրվանը պետք է լինի հենց Ազգերի լիգայի խաղարկությունը։

Հետևաբար ՀՖՖ նախագահի ընտրությունները մի կողմ դնելով՝ ֆուտբոլին մոտ գտնվող և հայկական ֆուտբոլով մտահոգ մարդիկ ուղղակի պարտավոր են համախմբվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ։ Մեր հավաքականն այսօր իսկապես ունի աջակցության և հոգատար վերաբերմունքի կարիք։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 209 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: