Загрузка...
18:20
Ինչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը

 

Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ԵՏՄ հեռանկարներին ու երկկողմ հարաբերությանը վերաբերող հարցեր: Պուտինը նույն օրը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը գրեթե նույնանման է, հարցեր երկկողմ ու ԵՏՄ հեռանկարների վերաբերյալ: Այս հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը պայմանավորված է եղել ԵՏՄ ընդհանուր հանգամանքներով, ոչ թե Հայաստանում ռուսական ռազմակայանի հայտնի միջադեպից հետո ստեղծված իրավիճակով:

Համենայնդեպս, այն, որ ՌԴ նախագահը նույն օրը նույնաբովանդակ հաղորդագրությամբ հեռախոսազրույցներ է ունենում նաև Բելառուսի ու Ղազախստանի նախագահի հետ, հուշում է այդ մասին: Մյուս կողմից, շատ մեծ հավանականությամբ, ռազմակայանի միջադեպի առիթով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում եղել է, և ոչ միայն դրա, այլ նաև հուլիսի 20-ի ասուլիսում հնչեցրած այն մտքի, որ Ռուսաստանը ռեգիոնալ անվտանգության պատասխանատուն է և թույլ չի տա, որ Ադրբեջանը կասկածի տակ դնի այդ անվտանգությունը: Համենայնդեպս ենթադրվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կարող էին լինել անդրադարձեր այդ թեմաներին, թեև հազիվ թե որևէ վճռորոշ կամ բախտորոշ երանգով:

Ընդհանուր առմամբ, թերևս, բավականին շոշափելի է այն աշխարհաքաղաքական հողը, որը ներկայումս բավական թեժ է թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ նաև հարակից՝ Մերձավոր Արևելքում, որտեղ զարգացումները մի շարք օբյեկտիվ պատճառներով անմիջականորեն պրոյեկցվում են նաև Կովկասում անցուդարձի և խնդիրների վրա: Այս տեսանկյունից, Ռուսաստանն ըստ երևույթին պատրաստում է եվրասիական դաշնակիցների յուրօրինակ «մոբիլիզացիա», ինչի նպատակով էլ եղել են հեռախոսազանգերը Բելառուս, Ղազախստան, Հայաստան: Ինչ է ենթադրելու այդ «մոբիլիզացիան», դժվար է ասել, սակայն կարո՞ղ է դա լինել «մոբիլիզացիա» Արևմուտքի դեմ: Պուտինի հեռախոսազրույցները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից մի քանի օր անց: Այդ հանդիպումը ընդհանուր առմամբ թե՛ Պուտինը, թե՛ Թրամփը գնահատել էին դրական, և այդ իմաստով պետք է ենթադրել, որ լարվածությունը ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարթությունում առնվազն չի մեծացվել, հետևաբար պետք է որ չլինի Արևմուտքի դեմ եվրասիական «մոբիլիզացիայի» պատճառ: Առավել ևս, որ անցնող օրերին Պուտինը կարծես թե որոշակի շփումների մեջ է եղել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ, նրանց հետ ունեցել է հեռախոսազրույցներ՝ հուլիսի 20-ին Մերկելի, իսկ 23-ին՝ Մակրոնի հետ:

Աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս չափազանց դինամիկ ու բազմաշերտ է այդ ամենից ընդհանուր շղթա կազմելու համար, առավել ևս, որ այդ ռեժիմը համաշխարհային քաղաքականությանը բնորոշ է արդեն մի քանի տարի: Այս տեսանկյունից հատկանշական պետք է գնահատել, որ Հայաստանը դուրս չի մնում այդ շղթայից, իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հայ-ռուսական հարաբերության, Ռուսաստանի դերի մասին, ինչու ոչ նաև Եվրամիության հետ հարաբերությունում նոր շեշտադրումները թերևս պետք է վերագրել հենց այդ շղթային: Կարևոր է արձանագրել մի բան, որ հայ-ռուսական հարաբերությունում որևէ լարված ժամանակաշրջանի մասին խոսում են ավելի շատ հարակից շերտեր ու խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրի, այսպես ասած, անհատական կամ խմբային մոտիվացիան չափազանց թափանցիկ է այդ հարցում, քան խոսում են փաստերն ու փաստարկները, որոնք կարող էին տալ մտահոգության տեղիք: Իսկ այդ հարաբերությունը տվյալ պարագայում առանցքային է ոչ միայն երկու կողմերի համար, այլ նաև Արևմուտքի, որը Կովկասի հարցում Ռուսաստանի հետ հարաբերության գործնականում երկու հիմնական ռեժիմ ունի՝ ուղիղ հարաբերություն, և հարաբերություն Հայաստանի, այսպես ասած, խողովակով: Իսկ հայ-ռուսական հարաբերության բնականոնությունն ու կայուն զարգացումը այստեղ Արևմուտք-Ռուսաստան առնչության և հարաբերության կարևոր դետալ է, ինչը նաև Հայաստանի համար կարևորագույն ռեսուրս է արդեն ներքին քաղաքականության մեծ ու փոքր առանցքային դետալների արդիականացման համար:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 647 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
веруся
http://bit.ly/2N7Jwmu

Имя *:
Email *:
Код *: