Загрузка...
22:48
Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը․ մեկնարկը տրված է

 

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և նախընտրական գործընթացներին՝ Արարատ Միրզոյանը նկատել է, թե վաղ է եզրահանգումներ անել, որ «Ելք»-ը պառակտվել է: Դիտարկմանը, թե այսինքն՝ հնարավոր է միասնական թեկնածու լինի, Արարատ Միրզոյանը նշել է, որ իր անձնական մոտեցումն է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինեն ոչ միայն ՔՊ-ի և Փաշինյանի թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը, այլ նաև հեղափոխության նպատակներն ու արժեքները:

«Եվ այդ քաղաքական ուժը կստանձնի այդ արժեքների հիման վրա առաջացած բոլոր փոփոխությունների պատասխանատվությունն ու առաջ տանելը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժի մեջ կարող են ներգրավված լինել տարբեր անհատներ՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցի ներկայացուցիչներ»,- ասել է նա:

Միրզոյանի ասածը ենթադրում է ոչ թե դաշինքային հարաբերություններ, այլ, այսպես ասած՝ հեղափոխության քաղաքական և սոցիալական բազայի ընդլայնում ՔՊ-ի հենքի վրա։ Այս երևույթը քաղաքականության մեջ, պայմանականորեն, կարելի է կոչել կուսակցության խոշորացման գործընթաց։

ՔՊ-ն թերևս համարում է, որ վարկանիշի խնդիր չունի և Երևանի ավագանու և խորհրդարանի արտահերթ ընտրություններում կարող է միայնակ համոզիչ հաղթանակ տանել։ Իհարկե, համարժեք լինելու համար՝ նկատենք, որ դա կլինի ոչ թե քաղաքական թիմի, այլ Նիկոլ Փաշինյանի անհատական հաղթանակը․ սոցիոլոգները կհաստատեն, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ վիճակ, որն այնքան էլ բնորոշ չէ ժողովրդավարական համակարգերին՝ իշխանության կայունությունը ապահովվում է ոչ թե պետական կառույցների, այլ բացառապես մեկ մարդու բարձր վարկանիշի շնորհիվ։

Նույն տրամաբանությամբ տեղի է ունենալու առաջիկա ընտրական ցիկլը․ պետք չէ ակնկալել քաղաքական կամ ծրագրային մրցակցություն, որովհետև էլեկտորալ տրամադրությունների համար կողմնորոշիչը Փաշինյանի բարձր վարկանիշն է։

Մյուս կողմից՝ բարձր վարկանիշը Հայաստանում հարաբերական կատեգորիա է ու դժվար կանխատեսելի է, թե ինչ կլինի ավելի երկարաժամկետ կտրվածքով կամ նույնիսկ ընտրություններից մի քանի ամիս հետո։ Իսկ կադրային քաղաքականությունն այս կառավարության աքիլեսյան գարշապարն է, ու հեղափոխության հաղթանակից նույնիսկ երեք ամիս հետո խիստ հարաբերականորեն կարող ենք խոսել Փաշինյանի քաղաքական թիմի մասին։ Ըստ այդմ՝ որոշվել է ընդլայնել հեղափոխության քաղաքական, կադրային բազան, ու Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, խոսում է այն մեխանիզմի մասին, որն այս պահին ամենապոպուլյարն է իրենց կուսակցության ներսում։ Համենայնդեպս, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի վարքագիծը հուշում է, որ կուսակցությունը շեշտը դրել է ոչ այնքան «Ելք» դաշինքի պահպանման, որքան՝ կուսակցությանը հանրային կամ քաղաքացիական խմբերի, անհատների ինտեգրման մարտավարության վրա։ Դժվար է ասել, թե այս մարտավարությունն ինչքանով կնպաստի քաղաքական թիմի ձևավորմանը, հատկապես որ իշխանությանը մոտ գտնվելու գայթակղությունն այս օրերին ՔՊ-ի գրասենյակ է բերում բազմաթիվ մարդկանց, որոնց ոչ բոլորի մոտիվներն են քաղաքական։

Մյուս կողմից՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հազիվ թե համաձայնեն ՔՊ-ի ներսում կլանվելու տարբերակին․ այս երկու կուսակցություններն ինքնատիպ արժեքային համակարգի, նաև արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման կրողներ են և ՔՊ-ի հետ արդյունավետ կարող են համագործակցել միայն դաշինքային, զուգահեռ հարաբերությունների մակարդակում։ Մեկ կուսակցության գաղափարը չեղարկում է այն քաղաքական էֆեկտը, որը «Ելք»-ին շահեկանորեն տարբերել է քաղաքական մյուս սուբյեկտներից․ խոսքը քաղաքական բազմազանության մասին է, որը, սակայն, չի ազդել դաշինքի արդյունավետ ֆունկցիոնալության վրա՝ քաղաքակրթական ընդհանուր հենքի առկայության շնորհիվ։

Երեկ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարեց, որ եթե «Ելք» դաշինքի այսօրվա ձևաչափը չպահպանվի, ապա իրենք և «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում պատրաստ են ներկայացնել միասնական ցուցակ՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ։ Իհարկե, «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստան»-ի դաշինքը նույնիսկ բնական կարող է դիտվել․ այս երկու կուսակցություններն ունեն քաղաքական և գաղափարական բազմաթիվ ընդհանրություններ ու կարող են դեմոկրատական հակակշիռ ձևավորել գործող կառավարությանը կամ հեղափոխությանը։ Սակայն սուբյեկտիվ հանգամանքները, գոնե ընտրական առաջիկա ցիկլում, գրեթե բացառում են դեմոկրատական հակակշռի ինստիտուցիոնալ փորձարկման հնարավորությունը․ Արամ Սարգսյանի կամ Էդմոն Մարուքյանի համար շատ դժվար է լինելու ընտրողներին բացատրել, թե ինչպես են իրենք գործում հեղափոխության պլատֆորմի հիման վրա՝ չլինելով դաշինքում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ։

Թերևս Նիոկոլ Փաշինյանի գործոնը տեղին է քննարկել ՔՊ-ի համատեքստից մի փոքր դուրս։ Գործող վարչապետի համար քաղաքական անհրաժեշտություն է կենսունակ թիմի ձևավորումը, ընդ որում՝ կառավարության գործունեությունը միայն կշահի այն հանգամանքից, որ թիմի ներսում խրախուսվի քաղաքական բազմազանությունը, ինչը մանևրելու ավելի մեծ հնարավորություններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի համար՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության առումով։ Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու է «Ելք» դաշինքի պահպանումը, մանավանդ՝ նա պրագմատիկ գործիչ է ու հասկանում է, որ հեղափոխական էյֆորիային հաջորդելու է ավելի բարդ շրջան, որտեղ իշխանության կամ թիմի կայունությունը չի կարող խարսխված լինել միայն իր հեղինակության ու վարկանիշի վրա։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գուցե չուզի իր քաղաքականությունը կաշկանդել, այսպես կոչված, դաշինքային հարաբերություններով և շեշտը դնի սեփական թիմի ընդլայնման վրա՝ պոպուլյար, սակայն չքաղաքականացված մարդկանց, տեխնոկրատ-մասնագետների ներգրավման հաշվին։ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի առաջադրումը հենց երկրորդ տարբերակի լոկալ դրսևորումն է։ Սակայն այս ճանապարհը ռիսկային է, որովհետև, մի կողմից չի նպաստում երկարաժամկետ օրակարգ ունեցող թիմի ձևավորմանը, մյուս կողմից՝ ստեղծվում են անձնակենտրոն մինի համակարգի ձևավորման ռիսկեր։

Ամեն դեպքում՝ մեկնարկը տրված է, իսկ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 309 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: