Загрузка...
00:06
ՀՀԿ-ն փոխեց իր լիդերին. Անսպասելի իրավիճակ Քոչարյանի համար

 

ՀՀԿ-ն հրապարակել է պատգամավորների ցանկը, որոնք ստորագրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիրը: Այդ գիրը գործնականում ստորագրել է ՀՀԿ ամբողջ խմբակցությունը, որ մնացել է քաղաքական վերադասավորումներից հետո:

Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրել են այն գործիչները, որոնք երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի հրամանով գրոհել էին Գագիկ Ծառուկյանի դիրքերը, որովհետեւ Ծառուկյանն էր ստանձնել Քոչարյանի քաղաքական պլատֆորմի դե ֆակտո դերակատարումը: Երեք տարի անց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլատֆորմի դե ֆակտո դերակատարումը ստանձնում է ՀՀԿ-ն: Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար հրաժարվում է Քոչարյանի գործի գնահատումից: Գուցե պատճառն այն է, որ նա զգուշանում է հանրային բացասական արձագանքից, ինչը կբերի նրան, որ Ծառուկյանը քիչ ձայն կհավաքի թե Երեւանի Ավագանու, թե խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Մյուս կողմից, երեք տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանին փաստացի մենակ թողեց ՀՀԿ գրոհի առաջ, մինչդեռ հենց նա էր, որ Ծառուկյանին հասցրել էր գրեթե բաց դիմակայության, բաց դաշտ դուրս բերել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ առաջ:

Գագիկ Ծառուկյանն այժմ վերադարձնում է պարտքը, «մենակ» թողնելով Քոչարյանին: Բանն այն է, որ ՀՀԿ խմբակցությունը առերեւույթ է Քոչարյանի «պլատֆորմ»: Իրականում ՀՀԿ-ն պարզապես հերթական անգամ «փոխում» է իր լիդերին: Սերժ Սարգսյանն այլեւս գործուն խաղաքարտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի հարցում «բռնվելու» տեղ կա: Բայց Քոչարյանն անշուշտ շատ լավ գիտե, որ չի կարելի հենվել ՀՀԿ-ի վրա, ՀՀԿ-ն հենարան չէ, այլապես Քոչարյանն այդ հենարանը կօգտագործեր իր նախագահության ընթացքում եւ չէր փորձի ստեղծել ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ին դուրս մղելու համար:

Քաղաքական հիշողությունն անկասկած չի լքել նրանցից ոչ մեկին, եւ բոլորը պարզապես լուծում են իրենց խնդիրները: ՀՀԿ վարքագիծը տվյալ պարագայում քննարկվում է ամենատարբեր դիտանկյուններից, հասկանալու համար, թե որքանով ամուր կամ հեռանկարային կարող է լինել գործակցությունը Քոչարյանի հետ, որի հետ դիմակայության մեջ էին տասը տարի:

Բայց այդ վարքագծի մոտիվացիոն հիմքերի համատեքստում թերեւս արժե դիտարկել տրամագծորեն հակառակ ուղղությունը: ՀՀԿ-ն ձեռք է մեկնում Քոչարյանին ոչ թե նրան բարձրացնելու, այլ բարձրանալ թույլ չտալու եւ չեզոքացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ուշագրավ վիճակում: Եթե նա չազատազրկվի դատավճռով, ապա փաստացի կդառնա քաղաքական առանցքային բեւեռ՝ իսկ քաղաքականության հայտի մասին նա առնվազն ակնարկել է բավական թափանցիկ, որը կդիրքավորվի նախորդ համակարգի «շահերի պաշտպանի» սկզբունքով:

Իսկ այդ դիրքին հավակնում է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն դրա համար փորձում է նույնիսկ բարեփոխվել, այն էլ Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի օգնությամբ: Եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվում է խուսափել արդարադատությունից եւ ձեւավորվել իբրեւ քաղաքական բեւեռ, որն արտացոլում է նախորդ համակարգի շահերի պաշտպանությունը, ապա նա դառնում է ՀՀԿ մրցակից, որովհետեւ չի հենվի ՀՀԿ-ի վրա: Քոչարյանը հասկանում է, թե ինչքան սպառված եւ անկենսունակ «բրենդ» է ՀՀԿ-ն: Քոչարյանը քաղաքական հայտի դեպքում կձեւավորի բոլորովին այլ, այսպես ասած նոր բեւեռ: Երկրորդ նախագահին ՀՀԿ ներկայիս աջակցության ձեռքը այդ հեռանկարը փակելու համար է, որովհետեւ Քոչարյանը կամ պետք է մերժի այդ ձեռքը, կամ այն բռնելուց հետո թերեւս արդեն երբեք բաց չի կարող թողնել այն, այդպիսով մնալով ՀՀԿ պարտքի տակ: Հանրապետականն այդպես կչեզոքացնի մրցակից Քոչարյանին, քանի դեռ Քոչարյանը չի չեզոքացրել իրեն:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 625 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: