Загрузка...
12:20
ՀՀԿ-ն «հանձնեց» Քոչարյանին՝ ընդունելով հեղափոխության հաղթանակը

 

Հայաստանում երկիշխանություն և սահմանադրական ճգնաժամ չկա՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչել է Արա Բաբլոյան-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպման ու այն գնահատելու համատեքստում։

Քաղաքական բանաձևերը, ձևակերպումները, որպես կանոն, շատ ավելի կարևոր են, քան իրավիճակային ընթացիկ գնահատականները, որոնցում հաճախ գերիշխող են լինում էմոցիոնալ շեշտադրումները։

Շարմազանովի կոնկրետ հայտարարությունը դիտարկելի է մի քանի տեսանկյունից, սակայն ամենաէականն այն է, որ ՀՀԿ-ն, ըստ էության, համարում է, որ Հայաստանում բացակայում են ֆորս-մաժորային զարգացման հնարավորությունները։ Հակահեղափոխությունն ինքնին ֆորս-մաժորային իրադարձություն է, ու եթե հետևենք ՀՀԿ խոսնակի հայտարարության տրամաբանությանը, Սերժ Սարգսյանի կուսակցությունն ըստ էության համակերպվել է հեղափոխության հաղթանակի ֆորմալացման, այսինքն՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անխուսափելիության մտքի հետ։

Այս փաստը տարբեր կերպ կարելի է որակել. ոմանք կարող են համարել, որ ՀՀԿ-ն ընտրել է կապիտուլյացիայի քաղաքակիրթ ճանապարհը, մյուսները կարող են ասել, որ կուսակցությունն առաջնորդվել է ռեալ-պոլիտիկով։ Սակայն մեկնաբանությունները քաղաքական ճաշակի ու սուբյեկտիվ ընկալման հետևանք են, իսկ փաստն այն է, որ հակահեղափոխությունը՝ առնվազն ՀՀԿ-ի մասով, այս պահին դադարեցնում է իր դիմադրությունը կամ հակագրոհը։ Ի դեպ, ասվածի լավագույն ապացույցը նաև այն է, որ ՀՀԿ-ն անգամ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության հարցը՝ փաստորեն դրանք ազատելով հակահեղափոխականության շերտից։

Ինչքան շուտ ՀՀԿ-ում գիտակցեն, որ դիմադրելն անիմաստ է, ու ձեռնպահ մնան նոր «մայիսի 1»-եր դեմոնստրացնելու փորձերից, այնքան լավ երկրի համար, որովհետև հակահեղափոխության ուրվականն ի վերջո խանգարում է դասական ընդդիմության ձևավորմանը՝ առանց որի հեղափոխությունը նույնքան թերի ու անավարտ կմնա։

Ի դեպ, ոչ պակաս ուշագրավ է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հենց այս պահին ՀՀԿ-ն փոխեց հռետորաբանությունը։ Արդյո՞ք պատճառը միայն օգոստոսի 17-ի հանրահավաքը ու Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթն էր, թե՞ գործ ունենք ավելի խորքային երևույթների հետ, որոնք իշխանության նախկին կուսակցության համար փակեցին Ռոբերտ Քոչարյանի էջը։ Իհարկե, Փաշինյանի հակահարվածն իր դերը խաղացել է, մյուս կողմից՝ ՀՀԿ-ում փորձառու մարդիկ են ու հեղափոխության ուժը պատկերացնում են այդ ելույթից անկախ՝ մանավանդ, որ ապրիլ-մայիս ամիսներին իրենց մաշկի վրա զգացել են դրա «թավշյա» ազդեցությունը։

Խնդիրը գտնվում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բարդ հարաբերությունների տիրությում։ Նախկին համակարգի առանցքային զույգի շահերը բախվել են առնվազն 2007-ից սկսած, երբ տրամագծորեն տարբեր էին իշխանության փոխանցման նրանց պատկերացումները, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակն ըստ էության լուծել է հատկապես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական «պատուհանը» փակելու հարցը։ Հենց Սերժ Սարգսյանն է փակել Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու բոլոր ճանապարհները, ու ՀՀԿ-ի մասով դա չէր կարող բացվել նույնիսկ այն բանից հետո, երբ կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձավ քաղաքական երկրորդ առանցքի իրական կամ թվացյալ մարմնավորում։

Այդ փուլում Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀԿ-ի «մեղրամիսն» իրականում ֆոն էր, որի տակ չկար քաղաքական բովանդակություն, ապագայի տեսլական։ Անցած տասնամյակում նախկին համակարգի այս երկու սեգմենտները միմյանց հոշոտել են իշխանության վերահսկողության համար պայքարում, այսօր նրանք դարձյալ մրցակցության մեջ են, ինչի արդյունքում քրեաօլիգարխիան պետք է «զոհ» մատուցի հեղափոխությանը՝ սոցիալական համերաշխության համատեքստում։

ՀՀԿ-ի սատարումը Ռոբերտ Քոչարյանին առավելագույնս նպաստեց նրա նկատմամբ հանրային ատելության ձևավորմանը՝ ստվերում թողնելով Սերժ Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանն իր ամբիցիաների հետևանքով կուլ է տվել այդ խայծը՝ մոտենալով «զոհասեղանին», որից հեռանալ այլևս չի կարող։ Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ նա իշխանության հետ երկխոսելու ռեսուրս չունի և այն ստեղծել այլևս չի կարող։

Փաշինյան-Բաբլոյան երեկվա հանդիպման առարկայական հետևանքը հենց այն է, որ ՀՀԿ-ն «փուռն» է տալիս Քոչարյանին՝ հեղափոխությունից ստանալով իր քաղաքական հետագա գործունեությունը լեգիտիմացնելու իրավունք։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 338 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Янулька
http://bit.ly/2Nb7PA2

Имя *:
Email *:
Код *: