Загрузка...
08:59
ՀՀԿ-ն այս անգամ շանս է տալիս ԲՀԿ-ին. քաղաքում աննախադեպ իրավիճակ է

 

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, ասել է ՀՀԿ ավագանու խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, եթե իհարկե լինի արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրություն ամենայն հավանականությամբ կլինի, ինչի մասին էր թերևս խոսում նաև Նիկոլ Փաշինյանի անդրադարձը խնդրին Բրյուսելից Երևան ճանապարհին: Փաշինյանը հարցին, թե ինչպես է պատկերացնում Երևանի քաղաքապետի խնդրի հանգուցալուծումը, պատասխանել էր, որ եթե ավագանին կընտրի քաղաքապետ, ապա կընտրի, եթե ոչ, ապա կլինի ուրեմն արտահերթ ընտրություն: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է ավելորդ չմիջամտել գործընթացին, ինչը նշանակում է, որ հուլիսի 16-ին, մեծ հավանականությամբ, չի ընտրվի Երևանի նոր քաղաքապետ, ըստ այդմ հարցը կանցնի կառավարության տիրույթ, և արդեն Նիկոլ Փաշինյանը կորոշի կառավարման ժամանակավոր լուծումների և արտահերթ ընտրության ժամկետների հարցը:

Բոլոր դեպքերում տրամաբանական է, որ ՀՀԿ-ն չի մասնակցի այդ ընտրությանը, քանի որ այդ մասնակցությունը կլինի երաշխավորված պարտություն: ՀՀԿ-ն ուժերը այսպես ասած կհավաքի խորհրդարանի արտահերթ ընտրության համար, որպեսզի կարողանա հայտնվել խորհրդարանում: Իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել, այսպես ասած, հանրության ավելորդ բացասական թիրախավորումից, ինչն անխուսափելի է լինելու ավագանու արտահերթ ընտրությանը, երբ էլ այն տեղի ունենա: Սակայն այստեղ հնարավոր է նաև այլ հաշվարկ, բացի այսպես ասած հանրության ավելորդ զգայականություն չսադրելուց: ՀՀԿ մասնակցությունը կարող է ինքնաբերաբար բերել «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի թիմի որոշակի շուրջ կոնսոլիդացիայի: Այդ կոնսոլիդացիան տեղի կունենա նույնիսկ, այսպես ասած, ինքնաբերաբար, քանի որ հենց այդ թիմն է դիտվում ՀՀԿ-ի այսպես ասած «ռևանշի» կանխարգելիչ միակ ուժը, ասոցացվելով բնականաբար թավշյա հեղափոխության հաղթանակի հետ:

Այլ հարց է, թե ինչքանով է այդ «ռևանշի» հնարավորությունն իրական: Միևնույն է, կան հանրային ընկալումներ, առավել ևս զգացական հարթության վրա, և դրանք աշխատելու են: Չմասնակցելով ընտրությանը, ՀՀԿ-ն ոչ միայն խուսափելու է հանրությանն ավելորդ նյարդայնացնելուց ու գրգռելուց, այլ նաև Երևանի ավագանու ընտրությանը մասնակից մյուս ուժերի համար, շատ թե քիչ, շանսերն է ավելացնելու, որովհետև այդպիսով կբացակայի ՔՊ թիմի շուրջ կոնսոլիդացիայի մի կարևոր շարժառիթ: Դրանից հատկապես կարող է օգտվել ԲՀԿ-ն, որն արդեն հայտարարել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը լրջորեն մասնակցելու որոշման մասին: Իհարկե այնպես չէ, որ հենց դա էր խանգարելու մյուս ուժերին մրցակցել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ, և ըստ այդմ դրա «վերացումով» ՀՀԿ-ն, կամա թե ակամա, նրանց տալիս է հաղթելու շանս:

Խնդիրն այստեղ համեմատության մեջ հնարավորությունները մեծացնելու մասին է, քանի որ ՔՊ առավելությունը թերևս կլինի բավական մեծ և այդ իմաստով թիմը կլինի մրցակցությունից դուրս: 40 տոկոս հավաքելը, իսկ դա բավարար կլինի Երևանի ավագանում մեծամասնություն կազմելու համար, Նիկոլ Փաշինյանի թիմի համար ներկայումս երևի թե տեխնիկայի, ընդամենը «չսխալվելու» հարց է: Իհարկե մյուս հարցն ինքնին այն է, թե արդյո՞ք Փաշինյանը արտահերթ ընտրության կգնա ՔՊ թիմով, թե՞ «Ելք» դաշինքով: Համենայնդեպս, մի բան երևի թե աներկբա է, որ դաշինքի ձևավորման պայմանները թելադրողը կլինի գերազանցապես Փաշինյանը կամ ՔՊ-ն: Բրյուսելից վերադարձին Նիկոլ Փաշինյանը դրա մասին էլ ակնարկեց, ասելով, որ նոր իրողություն է և նոր ընտրություններին «Ելք» դաշինքով, թե առանց դաշինք հարցը կախված է մի շարք գործոններից, որ բխում են այդ նոր իրականությունից: Ավելի ու ավելի անհերքելի է դառնում այն, որ Երևանի ավագանու, ըստ այդմ նոր քաղաքապետի արտահերթ ընտրությունը դառնում է քաղաքական նախավարժանք դրան մասնակցող ու նույնիսկ չմասնակցող ուժերի համար, ըստ էության, կամա թե ակամա, սակայն դե ֆակտո ստորադասվելով խորհրդարանի արտահերթ ընտրության ռազմավարությանն ու մարտավարությանը:

Եվ այստեղ առաջ է գալիս գլխավոր հարցը՝ Երևանը: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը մնալով խորհրդարանի արտահերթ ընտրության քաղաքական խնդրի ստվերում, կարող է կորցնել քաղաքային խնդիրների մասով: Մինչդեռ, անհրաժեշտ է արձանագրել կարևորագույնը՝ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարևորագույն կենտրոն, որն ունի կառավարման ահռելի խնդիրներ: Տարիներ շարունակ այդ խնդիրները ստորադասվել են կառավարման կոռուպցիոն համակարգի խնդիրներին և քաղաքաը որպես այդպիսին չի զարգացել, կամ ավելի շուտ կառավարվել է Ռոբերտ Քոչարյանի շարադրած հայտնի բանաձևով՝ փողի վրա նստած: Երևանն ըստ էության կառավարվել է քրեական օլիգարխիայի տրամաբանությամբ: Անշուշտ, քաղաքական ներկայիս տրամաբանությունը բացարձակապես համեմատելի չէ այդ տրամաբանության հետ, սակայն Երևանին անհրաժեշտ է քրեականից անցում ոչ թե քաղաքական, այլ քաղաքային տրամաբանության, որպեսզի Երևանի ավագանու համար պայքարը քաղաքական ուժերը մղեն ոչ թե որպես խորհրդարանի արտահերթ ընտրության նախավարժանք, այլ որպես Երևանի քաղաքային կառավարման մրցակցություն: Հատկապես որ կա դրա համար նպաստավոր կարևոր պայմաններից մեկը՝ բացակայում է կոռուպցիոն համակարգը և չկա կարիք անընդհատ խոսել այդ մասին, ու հիմա պարզ կլինի, թե ով է ի վիճակի խոսել Երևանի կամ ավելի շուտ քաղաքի մասին:

 

 

nyuti axbyur    http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 306 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: