Загрузка...
10:31
ՀՀ ՊՆ խոսնակը հերքում է Նախիջևանի հատվածում տարածքներ գրավելու ադրբեջանական կողմի պնդումները

Պաշտոնական Երևանը սադրանք է որակում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը՝ շեշտելով՝ «Ադրբեջանի այսօրինակ գործողությունները չեն նպաստում բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղ մթնոլորտի ձևավորմանը»։

Հիշեցնենք՝ ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, հունիսի 10-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից մահացել է 26-ամյա պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը», - նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն՝ ընդգծելով, որ այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Պաշտոնական Երևանն ընդգծում է՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։

«Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում», - ասել է Բալայանը՝ շարունակելով, որ այս «սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»։

Նկատենք՝ հայ զինվորի սպանությունից մեկ օր առաջ հայկական կողմը հանդես էր եկել մարդասիրական քայլով՝ թույլ տալով Ադրբեջանի քաղաքացիներին Նախիջևանի հատվածում այցելել գերեզմանատներ։

Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, ադրբեջանական կողմը դիմել է Հայաստանի զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։

Ըստ խոսնակի, նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Մինչդեռ նկատենք, ադրբեջանական կողմը պնդում է, թե Նախիջևանի ուղղությամբ տարածքներ է գրավել և ոչ թե մարդասիրական քայլի շրջանակներում գերեզմաններ այցելել:

Արծրուն Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է՝ ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

Իսկ, թե ինչո՞ւ են Հայաստանի զինված ուժերը որոշել բավարարել գերեզման այցելելու ադրբեջանական կողմի խնդրանքը, Հովհաննիսյան ասաց, որ այդ քայլն արդարացված է և այն պայմանավորված է հայկական կողմի մարդկային հատկանիշներով։

Հովհաննիսյան. - Կոնկրետ ազատագրելու հողեր, գյուղեր, տարածքների մասով, չակերտավոր ազատագրելու մասին, կարող եմ ասել, որ միայն վերջին հինգ-վեց տարվա պրոպագանդայի թվերն իրար գումարած իրենք ամբողջ Անդրկովկասն ազատագրել են։

«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, կարծես թե ոչ-միանշանակ ընդունվեց հայկական կողմի այս քայլը, երբ որ դրանից օրեր անց սահմանին կրկին զոհ ունեցանք՝ ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ զինվոր սպանվեց։ Դուք կարծում եք, որ միևնույն է այս քայլն արդարացվա՞ծ էր։

Հովհաննիսյան. - Գիտեք, մարդասիրական քայլերն այստեղ պետք չէ հակադրել մշտական ագրեսիայի հետ։ Այսինքն՝ դա չի նշանակում, որ իրենք պետք է ագրեսիա անեն, մենք՝ մարդասիրություն, դրանք տարբեր բաներ են, բայց երբ որ մարդասիրություն պետք է անել, մենք անելու ենք՝ անկախ ամեն ինչից։ Դա պետք չի հակադրել, որ իրենք կրակելու են, մենք չկրակենք, չէ, ո՞վ է ասել, էդ նույն օրը կարող է մենք կրակել ենք իրենց դիրքերի, կամ խախտողների ուղղությամբ, բայց դա չի խանգարում, որ մենք մարդասիրություն էլ անենք։ Սա է մեր տարբերությունն իրենցից։

«Ազատություն». - Եթե առաջիկայում նորից լինի նման խնդրանք, նորից բավարարվելո՞ւ է։

Հովհաննիսյան. - Չեմ կարող ասել, նորից եմ ասում, դա պետք չի ընդհանրացնել, իրավիճակ կա, պետք չի ամեն ինչ ընդհանրացնել հատկապես Նախիջևանի ուղղությամբ, Նախիջևանի հետ կապված կան բազում նրբություններ։

 

 

 

Նյութի աղբյուր`https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 126 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: