Загрузка...
17:50
ՀՀ 13 բուհերի ուսանողների խնդիրները կներկայացնենք ԿԳ նախարարին. Դավիթ Պետրոսյան

ՀՀ 13 բուհերի՝ ԵՊՀ, Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան, Մանկավարժական,     Պոլիտեխնիկ,  Բժշկական , Տնտեսագիտական և այլ համալսարանների ուսանողներ բուհական խնդիրների վերաբերյալ փաթեթ են մշակում և այդ խնդիրների լուծման առաջարկներով այն ներկայացնելու են ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին:

Այս մասին ասաց  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Ուսանողները խնդիրներ ունեն կրթության որակի, կրթության կազմակերպման, ուսման վարձերի վերաբերյալ, որովհետև  ուսանողները նշում են, որ ուսման վարձերի բարձրացմանը զուգահեռ ուսուցման որակն ու  կենցաղային պայմանները բուհերում չեն բարելավվում»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ խնդիրներ կան նաև բուհերի ինքնակառավարման հետ, այսինքն՝ ուսանողները բողոքում են, որ որոշումների կայացման վրա իրենք ազդեցություն չեն կարող ունենալ. 

«Բուհերի կուսակցականացվածության մասին է խոսվում, այսինքն՝  հիմնականում ռեկտորները, ղեկավար կազմը, ուսխորհուրդների նախագահները կուսակցական են:   
Այդ խնդիրը հիմնակում կա Պոլիտեխնիկում ու Բժշկականում:
Կենցաղային պայմաններից էլ են բողոքում, գրադարաններից, ժամանակակից գրականություն չկա»: 

Հարցին, թե ուսանողները պայքարում էին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, այժմ նոր լուծումներ տեսնում են, կամ այդ հարցը շարունակում է  մնալ ուսանողների օրակարգում, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ, բնականաբար, այն խնդիրների թվում է:

«Կրթության շատ փորձագետներ նշում են, որ այդ հարցը չի քննարկվել ուսանողների հետ, ուսանողների  շահերը հաշվի չեն առնվում, ու տարկետման իրավունքից օգտվելու համար սահմանված չափանիշներին անգամ դասախոսները չեն բավարարում: Ֆինանսական ռեսուրսների հետ կապված խնդիրներ ևս կան, թե ոնց է բուհը ծախսում գումարները, որովհետև դրանք թափանցիկ չեն, ուսանողները նշում են, որ իրենք չգիտեն, թե իրենց  վճարած գումարն ինչպես է ծախսվում»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը պետք է փոփոխության ենթարկվի. այդտեղ ևս մեծ աշխատանք կա կատարելու, բուհերը պետք է լինեն ապակուսակցական, կուսակցական անձը չպետք է կարողանա ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնել:

«Դա առաջարկներից մեկն էր, մյուս առաջարկը վերաբերում է տարկետմանը, այստեղ պետք է դրական փոփոխություններ արվեն, առաջարկները քննարկվում են:  Այժմ շատ է քննարկվում նաև կուսակցական ղեկավարների հրաժարականի հարցը,  դրա վերաբերյալ քննարկում պետք է տեղի ունենա, որ հասկանանք, թե ինչպես է տրվելու համակարգային լուծում, որովհետև այստեղ անձերի խնդիր չէ»,- ասաց Պետրոսյանը:

Նա նաև նշեց, որ քննարկվող հարցերի թվում է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, և այստեղ ևս առաջարկ ունեն: Ըստ առաջարկի՝ քանի որ բուհի տված գումարով է երիտասարդական հիմնադրամը զեղչում ուսանողների վարձերը, ապա բուհը կարող է այդ գումարը չտալ հիմնադրամին, այլ միանգամից ինքը սահմանի զեղչը, մանավանդ որ բուհն ավելի տեղեկացված է ուսանողների մասին. «Թող միանգամից այդ զեղչը սահմանի համալսարանը, իմաստը ո՞րն է գումարը փոխանցել հիմնադրամին, այնտեղից զեղչ ստանալ: Այդ խնդրի հետ բոլոր բուհերը համամիտ են, ոչ թե խնդիրը հիմնադրամը փակելն է, այլ առաջարկ կա աուդիտ անել, որ համակարգային լուծում տրվի: Եվ ոչ միայն հիմնադրամում պետք է արվի աուդիտ, այլ նաև բուհերում, որ հասկանանք, թե այդ վարձերն ինչ են արվում, որ բուհերը նշում են, թե ֆինանսական սուղ միջոցներ են իրենց մոտ»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ պետք է նաև տեսլական ունենան ակադեմիական ազատության, բուհերի ինքնակառավարման վերաբերյալ, իսկ առաջարկությունների փաթեթը, որը պետք է ներկայացնեն նախարարին, հավանաբար պատրաստ կլինի երկուշաբթի. «Մենք հուսով ենք, որ նորանշանակ նախարարը մեզ կընդառաջի քննարկումների համար, և մեր առաջարկները կընդունվեն»:

Նյութի աղբյուր  http://www.tert.am

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 953 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: