Загрузка...
22:47
Հեղափոխության ճահիճը

 

Թվում էր՝ հեղափոխությունից հետո կուսակցությունները վերջապես ինքնադրսևորման հնարավորություն են ստացել․համենայնդեպս՝ քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարները շատ ավելի տեսանելի են, քան անցած քսանամյակում, երբ քաղաքական գործունեությունը Հայաստանում դարձել էր ռիսկային։

Սակայն Երևանի ավագանու հետ կապված զարգացումները ցույց են տալիս, որ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը, մեղմ ասած, մեծ չէ։ Առայժմ ընտրություններին իրենց մասնակցության մասին հստակ հայտարարել են միայն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և «Երկիր Ծիրանի»-ն, նաև «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները չեն բացառել նման հնարավորությունը, եթե գործող դաշինքը չպահպանվի։ Քաղաքապետի թեկնածուի հարցում հստակություն կա միայն Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի հայտը, որին լրջությամբ վերաբերում են թերևս միայն նրա կուսակցության ներսում։

Հայկ Մարությանի առաջադրումից հետո մյուս կուսակցությունների վիճակն ավելի է բարդանում։ Հարցն այն չէ, որ ՔՊ-ն գտել է իդեալական կամ անխոցելի թեկնածու։ Խնդիրը նույնիսկ Կարգին Հայկոյի անձնական կամ մասնագիտական որակները չեն, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը նրա դեմքով շարունակում է հեղափոխությունը՝ թեև համարյա երեք ամիս զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Կարգին Հայկոն, այսպես կոչված, հակահամակարգի խորհրդանիշ է, այսինքն՝ Փաշինյանը սկզբունքորեն հրաժարվում է համակարգային մոտեցումներից՝ քաջ գիտակցելով, որ համակարգի հետ ասոցացվող ցանկացած անձից, երևույթից մարդիկ, մեղմ ասած, հոգնել են ու թարմություն են ուզում։ Մոտավորապես գործում է Թրամփի էֆեկտը․ ամերիկացիները երկու տարի առաջ ձայն տվեցին ոչ այնքան նրան, որքան՝ կատարեցին հակահամակարգային ընտրություն, այսինքն՝ մերժեցին ամերիկյան ավանդական վերնախավին։

Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետ է, սակայն իրեն դուրս է դնում համակարգից։ Եթե հիմա սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, ապա դրանց արդյունքները, անկասկած, չափազանց մեծ խզում կբացահայտեն Նիկոլ Փաշինյանի և իշխանության ինստիտուտների վարկանիշների միջև։ Հակահամակարգային իր կերպարին Փաշինյանը հավատարիմ է, ու Կարգին Հայկոն դրա դրսևորումներից մեկն է։ Իհարկե, դժվար է կանխատեսել, թե ինչի է հանգեցնելու Փաշինյանի ու համակարգի, վարչապետի ու անգամ իր ձևավորած իշխանության խզումը։ Սա ավելի խորքային անալիզի թեմա է։

ՔՊ-ի պոտենցիալ մրցակիցների համար առանց այն էլ ավագանու ընտրություններում դժվար էր լինելու նրա հետ մրցակցելը, որովհետև հեղափոխության դեմ ցանկացած ընդդիմախոսություն ասոցացվում է հակահեղափոխության հետ և թիրախավորվում է հասարակության կողմից։ Համենայնդեպս, մեծ է հավանակությունը, որ Երևանի առաջիկա ընտրությունները տեղի կունենան հենց այս տրամաբանությամբ ու քաղաքական միջավայրում, մանավանդ որ իշխանությունը հակված է դրանք ապաքաղաքականացնել, վերածել շոուի, քաղաքական համակարգը նսեմացնող գործընթացի։

Պայմանական ընդդիմությունը չունի դեմոկրատական հակակշռի ինստիտուցիոնալ պոտենցիալ, չունի պոպուլյար թեկնածու, որն ավելի հակահամակարգային կլինի, քան Կարգին Հայկոն։

Այս պարագայում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները նույնիսկ կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը, որովհետև երևի ամենականխատեսելի ընտրություններն են լինելու՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիների ընտրությունների համատեքստում։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն ստանալու է մեծամասնություն՝ դաշնակիցներով կամ առանց նրանց, ու իր ցուցակի առաջին համարին կարգելու է քաղաքապետ՝ առանց որևէ բարդության։ Նույնքան ակնհայտ է, որ ավագանիում հայտնվելու է ԲՀԿ-ն, որի խմբակցությունը չի ունենալու ոչ մի քաղաքական կամ ֆունկցիոնալ նշանակություն։

Քաղաքային ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե որն է լինելու ավագանու երրորդ խմբակցությունը։ Ինտրիգի միակ իմաստն էլ այն է, որ Երևանի ավագանին օրենքի ուժով կարող է գործել, եթե բաղկացած է երեք խմբակցությունից։

Եթե ավագանու ընտրությունները համարում ենք խորհրդարանական ընտրությունների մանրակերտ, ապա մեզ, մեղմ ասած, հիասթափություն է սպասվում, որովհետև կլինեն կարգին ընտրություններ՝ օրինականության և թափանցիկության առումով, սակայն խիստ ձանձրալի՝ բովանդակային տեսանկյունից։

Հայսատանում տեղի ունեցած հեղափոխությունը գուցե քաղաքակրթական էր, գուցե մշակութային էր, սակայն հաստատ քաղաքական չէր։ Համենայնդեպս, հեղափոխությունից հետո քաղաքական լճացումը ոչ միայն չի հաղթահարվել, այլ կայունանալու միտում ունի։ Նիկոլ Փաշինյանի թիմն էլ նպաստում է դրան՝ իր կարգին որոշումներով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 141 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: