Загрузка...
12:13
Հեղափոխական էյֆորիան բարձր է. հեղափոխության աջակիցները որոշել են Հայկ Մարությանին այլընտրանք առաջարկել

 

Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։ Վերջինս կուսակցության քաղաքապետի թեկնածուն է։ Այս որոշումը միանշանակ դրական չի ընդունվում ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի շրջանում, ովքեր որոշում ունեն մասնակցելու ընտրություններին։

ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ՔՊ-ի կայացրած որոշմանը, բայց միևնույն ժամանակ կոչ է անում ընտրությունները չվերածել գոտկատեղից ներքև ընտրապայքարի, ինչի ականատեսը եղել են մշտապես, նախորդ բոլոր ընտրություններում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ Հայկ Մարությանին իրենց հակառակորդ չեն համարում։

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո նման որակի քարոզարշավը ծանր հարված է լինելու լուսավոր հեղափոխությանը։ Բոլոր թեկնածուներն էլ մեզ համար հարգելի են, բոլորի հետ պատրաստ ենք արդար, ազնիվ մրցակցության։ Իսկ գնահատական տվողը լինելու է երևանցին»,- շեշտեց Զոհրաբյանը։

Նա ասաց՝ քանի դեռ տեղյակ չեն, թե ինչ ծրագիր է ներկայացնելու ՔՊ-ն, գաղափարական պայքարի մասին խոսելն ավելորդ է, ծրագիրը կներկայացնեն, կտեսնեն՝ ի՞նչ քարոզարշավ են անում, այդ ժամանակ էլ գնահատական կտան։

«Երևանցին է որոշելու՝ «Բարգավաճ Հայաստանի՞», Դաշնակցությա՞ն, «Երկիր ծիրանիի՞», թե՞ Հայկ Մարությանի ծրագիրն է հավանում։ Եկեք այստեղ անձերի պայքար չմղենք, քաղաքական թիմերն են ներկայացնելու իրենց ծրագիրը»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը և հավելեց՝ իրենք որևէ անձի չեն թիրախավորելու, կեղտոտ քարոզարշավ չեն տանելու, գոտկատեղից ներքև հարված չեն հասցնելու. «Եթե որևէ քաղաքական ուժ փորձի «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ կիրառել անպարկեշտ քարոզարշավ, հակահարվածը լինելու է ոչ թե տասնապատիկ, այլ հազարապատիկ։ Մեր հնարավորություններին, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, բայց մենք գնալու ենք քարոզարշավին արդարության, սիրո և հանդուրժողականության սահմաններում»։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ըմբռնումով է մոտենում Հայկ Մարությանի առաջադրմանը և զերծ է մնում նրա անձի, հանրային կերպարի վերաբերյալ գնահատականներից։ «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում և առաջադրում իր թեկնածուին։ Որևէ թեկնածուի չենք թերագնահատում և, անշուշտ, առողջ պայքարի համատեքստում յուրաքանչուրին դիտարկում ենք մրցակից։ Նոր Հայաստանում գաղափարական պայքարը այլընտրանք չունի, և բոլոր քաղաքական ուժերը այս փիլիսոփայությամբ պետք է առաջնորդվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը (ճակատի անդամ են նաև կուսակցություն դարձած «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռեր» խմբավորումը) մեզ հետ զրույցում արձանագրեց՝ Տարոն Մարգարյանից հետո ով էլ լինի քաղաքապետ, ընդունելի է, որովհետև Տարոն Մարգարյանը քաղաքապետ լինելու խայտառակ ցուցիչ էր։

Ըստ Մակեյանի՝ ՔՊ-ի թեկնածուն որևէ ձևով չի տարբերվում հեղափոխությունից հետո կադրային քաղաքականության չափորոշիչներից, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո, Մակեյանի կարծիքով, շատ դժվար կլինի որևէ պայքար տանել Նիկոլ Փաշինյանի թեկնածուի դեմ, քանի որ հետհեղափոխական էյֆորիան ավելի բարձրացավ. «Գաղափարների, ծրագրերի պայքար չի լինելու, հաղթելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածուն, ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի»»:

Վաղը քաղխորհրդում, Մակեյանի տեղեկացմամբ, քննարկելու են հեղափոխության աջակից մնացած ուժերի հետ միասնական թեկնածու առաջադրելու հարցը, այսինքն՝ փորձելու են Մարությանին այլընտրանք գտնել։ Պետրոս Մակեյանը, սակայն, չմանրամասնեց, թե հեղափոխության աջակից ո՞ր ուժերի մասին է խոսքը։

«Այդ դեպքում ինչ-որ բան կստացվի, հակառակ պարագայում սա գաղափարների, ծրագրերի ընտրություն չի լինի։ Հետհեղափոխական ալիքի վրա կանցնի։ Մեր կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, բայց մեզ դիմել են հեղափոխության աջակից տարբեր ուժեր։ Եթե կարողանանք համադրել ամեն ինչ, կարծում եմ՝ իմաստ կունենա մասնակցել։ Իսկ առանձին-առանձին իմաստ չունի մասնակցելը, քանի որ ընտրություն չի լինելու, լինելու է քվեարկություն։ Իսկ թե որ ուժերն են՝ չեմ ուզում բարձրաձայնել այս պահին, բայց նրանք բոլորը մասնակցել են հեղափոխությանը, ոմանք անգամ քաղաքական հետապնդման են ենթարկվել»,- իր խոսքն ամփոփեց Պետրոս Մակեյանը:

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 94 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: