Загрузка...
23:06
Հայաստանի կոշտ պատասխանը Ադրբեջանի ստուգողական սադրանքին

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջնագծում ծանր վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Սամիթ Իսրաֆիլովը։ Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ հայկական կողմն, ըստ էության, չի հերքել ադրբեջանական տեղեկատվությունը։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»։

Ուշագրավ է երկու հանգամանք։ Նախ՝ արդեն ակնհայտ է, որ արցախյան լարումներն աստիճանաբար տեղափոխվում են հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որն արմատապես փոխում է հայ-ադրբեջանական հակադրության բնույթը կամ վկայում է այն մասին, որ նոր հնարավոր պատերազմը ավելի մասշտաբային է լինելու՝ երկու ճակատով և տարածաշրջանային, նույնիսկ՝ աշխարհաքաղաքական ավելի բարդ համատեքստով։ Իհարկե, չի բացառվում, որ Բաքուն ընդամենը մարտավարական հնարք է կիրառում՝ Նախիջանի հատվածում իմիտացնելով լարվածություն, իսկ իրականում հիմնական թիրախ ունենալով արցախյան առաջնագիծը։

Մյուս կողմից՝ խիստ էական է այն հանգամանքը, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներն ուղեկցվում են թուրք-ամերիկյան, ԱՄՆ-Իրան հարաբերություններում նկատվող լարվածությամբ։ Տարածաշրջանը թևակոխել է բազմաշերտ լարվածության նոր փուլ, և չի բացառվում, որ Բաքուն փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։ Դժվար է կոնկրետ ասել, թե ինչի վրա է կառուցված ադրբեջանական մարտավարությունը, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանային ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն Բաքուն փորձում է ծառայեցնել իր օրակարգին՝ քաոտիկ վիճակը համարելով բարենպաստ համատեքստ։

Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներն ու հայկական կողմի համարժեք պատասխանն անմիջապես հաջորդել են Մոսկվայում տեղի ունեցած՝ Սերգեյ Շոյգու-Դավիթ Տոնոյան հանդիպմանը։ Ի դեպ, նույնիսկ պաշտոնական լրահոսում նշված է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ռուսաստանցի գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

Այս արձանագրումը հատկապես կարևոր է Հայաստանի պետական սահմանի հանդեպ Ռուսաստանի՝ որպես դաշնակցի ստանձնած որոշակի պարտավորությունների համատեքստում։ Անշուշտ, խոսքը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք Մոսկվան ունի երկկողմ հարաբերությունների և ՀԱՊԿ ձևաչափերում։

Ըստ ամենայնի՝ Ադրբեջանում ցանկացել են հերթական սադրանքով ստուգել հայ-ռուսական հարաբերությունների ամրությունը։ Այս համատեքստում միանգամայն համարժեք է հնչում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեսյբուքյան գրառումը։

Հայկական կողմը թերևս առաջին անգամ չի բացառում, որ իր արձակած կրակոցների հետևանքով ադրբեջանական զինուժը կարող է և կորուստներ ունենալ։ Անկախ այն հանգամանքից, թե երեկ ինչ մասշտաբի գործողություններ են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանագծում՝ պաշտոնական Երևանի արձագանքը խիստ ինքնավստահ է ու ձևի մեջ՝ յուրօրինակ։

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խնդիրը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով, և պաշտոնական Երևանը հասկացնում է, որ պատրաստ է ավելի կտրուկ գործողությունների ու չի հանդուրժելու ադրբեջանական որևէ սադրանք։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ակնհայտորեն հասկացնում է, որ Դավիթ Տոնոյանի մոսկովյան հանդիպումները հաջող են անցել, ու, ըստ էության, Բաքվին ակնարկում է՝ հույս չդնել հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի լարվածության վրա։

Եթե Ադրբեջանի երեկվա սադրանքի նպատակը եղել է Շոյգու-Տոնոյան հանդիպման արդյունավետությունը ստուգելը, ապա Բաքուն ստացել է համարժեք պատասխան՝ դիպուկ կրակոցների ու հատկապես՝ Հայաստանի ՊՆ խոսնակի հայտարարության տեսքով։

Նյութի աղբյուր www.1in.am

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 394 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: