Загрузка...
21:11
Գյադաներին պատժելու ժամանակը. 20 տարի անց

 

Անցյալ։ Ներկային ու ապագային խանգարող անցյալ։

Այն, ինչի ականատեսն ենք վերջին օրերին, թավշյա հեղափոխությանը հաջորդող օրերին անցյալի, չափազանց մութ ու հանցավոր անցյալի բացահայտման չնչին մասն է։

Դա եղել է Հայաստանը, Հայաստանի քաղաքացու կյանքը կործանող անցյալ։ Դա եղել է անցյալ, որում մի քանի կամ մի քանի տասնյակ արտոնյալներ ապրել են գերհարուստ, անբնական ու անբանական հարուստ կյանքով՝ ի հաշիվ հարյուր հազարավորների երջանկության, ի հաշիվ հարյուր հազարավորների պարզ, մարդկային կյանքի։

Այսօր բացահայտվող անցյալը մեր երկրի ու մեր քաղաքացիների ապագան խորտակելու պատմություն է։

Այսօր բացահայտվող անցյալը մեր երեխաների ոչ բարեկեցիկ ներկայի ու չապրվելիք ապագայի պատմություն է։

Ու չնայած այսօր բացահայտվողն ու բացահայտվելիքը քննվելու են դատարաններում, սակայն ամենաարդար դատավորն ու պատժողը լինելու է հասարակությունը՝ անհատապես ու հավաքականորեն։

Ինչպես նաև ժամանակն ու պատմությունը։

Հարյուր հազարավորների խեղված ներկայի ու ապագայի համար ոչ քրեաիրավական, բայց բարոյահոգեբանական պատիժ են ապրելու այդ անցյալը խեղածների սերունդները, որոնք չեն ունենալու իրենց հայրենիքում ապրելու մարդկային ու բարոյական իրավունք։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է անցած 20 տարիներին Հայաստանը խեղած հանցավոր համակարգի քաղաքական հայրը, քաղաքական շղարշն ու քրեական հանցանքը քաղաքականությամբ փաթեթավորողը։

Սահմանադրությունը, օրենքները, իրավունքի ինստիտուտն ընդհանուր առմամբ կարգավորում ու կանոնակարգում են հանրային, պետական կյանքի իրավական, օրենսդրական ասպեկտները։

Սահմանադրությունն ու իրավական մեխանիզմը գրեթե անզոր են բարոյական խնդիրների կարգավորման հարցում։ Թեև մյուս կողմից՝ իրավական համակարգը նախատեսում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ՝ անհատական մակարդակում։

Իսկ ինչպե՞ս վարվել, Սահմանադրության կամ օրենսդրության ո՞ր հոդվածին հղում կատարել, երբ հարցը վերաբերում է ամբողջ պետության ու ողջ հասարակության կրած բարոյական վնասին։

Բարոյական այնպիսի վնասին, որը հանգեցրել է քաղաքական, սոցիալական, հոգեբանական, տնտեսական անդառնալի կորուստներ։ Ինչպե՞ս վարվել, երբ բարոյական վնասը անփոխհատուցելի է ու անվերականգնելի։

Ինչպե՞ս վարվել, երբ այդ վնասը տարել է հաշվված 100-ից ավելի զինվորների կյանքեր ընդամենը երկու տարի առաջվա պատերազմում և անհաշվելի կյանքեր ամբողջ 20 տարվա Հանրապետական իշխանության շրջանում։

Ինչպե՞ս վարվել, երբ այդ բարոյական վնասը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց պանդխտության։

Ինչպե՞ս վարվել, երբ այդ նույն վնասը շատերին զրկել է սեփական հայրենիքում սեփական կյանքը կառուցելու սահմանադրական ու մարդկային իրավունքից։

Կմասնակցի՞ Հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ՝ հարցի քաղաքական ու իրավական մասն է։

Հասարակությունը կարող է իր վերաբերմունքն արտահայտել՝ Հանրապետականին որևէ քվե չտալով։ Բայց արդյո՞ք միայն այդ՝ քաղաքական գնահատականով պետք է սահմանափակվի այն բարբարոսության գնահատումը, որի մասին մենք տեղեկանում ենք արդեն ամեն օր։

Մանվել Գրիգորյանը հանցավոր համակարգի կարկառուն, բայց ընդամենը մեկ անդամն է։ Մանվել Գրիգորյանի տան խուզարկությունը շոկի մեջ է գցել հասարակությանը։

Ի՞նչ նոր շոկեր են սպասվում այլոց տների խուզարկությունների արդյունքում։ Ինչպե՞ս է հասարակությունը ռեաբիլիտացվելու արդեն ապրված ու դեռ ապրվելիք այդ շոկերից։

Ո՞վ է պատասխան տալու հասարակությանը կոլեկտիվ սթրեսի ու փսիխոզի հասնող վիճակի մեջ գցելու համար։

Այս և բազմաթիվ նման հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել Սահմանադրության ու օրենսդրության մեջ։ Այս և բազմաթիվ նման հարցերի պատասխանները անհատական ու հանրային, քաղաքական բարոյականության տիրույթում են։

Նաև այն բարոյականության, որի կրողները 20 տարի շարունակ իրենց վարքագծով, հանցավորությամբ ապացուցել են պարզամիտ արտահայտությունը, թե քաղաքականությունը անբարոյականություն է։

Անցած 20 տարիներին անբարոյականությունն է եղել Հայաստանի քաղաքականությունը։

Հասարակությունը բարոյական ու հոգեբանական հարվածներից ապաքինվելու մեխանիզմներ կգտնի։

Բայց կարևոր է, որ գտնվեն նաև այդ մեխանիզմները քաղաքական ու իրավական հարթություն տեղափոխելու գործիքները՝ ապագայում նման երևույթից խուսափելու, պետության ու հասարակության բարոյազրկումը երբևէ թույլ չտալու համար։

Նյութի աղբյուր  http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 392 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: