Загрузка...
19:31
«ԵԹԵ ԳԵԼ ՈՒ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՉԽԱՆԳԱՐԵԻՆ, ՆԱ ՇԱՏ ԱՎԵԼԻԻՆ ԿՀԱՍՆԵՐ»

 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես գիտենք, անմասն չէր վիրտուալ կյանքին մասնակցություն ունենալուց ու ֆեյսբուքյան էջ ուներ: Նա թեեւ ամենօրյա «լայվերով» հանրությանը չէր իրազեկում իր արածի ու անելիքների մասին, սակայն պասիվ էլ չէր հիմնականում: ՀՀ վարչապետը փոխվել է, սակայն, ըստ Ֆեյսբուքի, Կարապետյանը շարունակում է մնալ ՀՀ վարչապետ: Զարմանալի է, որ էջի պատասխանատուն կամ պատասխանատուները որեւէ միջոց չեն ձեռնարկում այն ապաակտիվացնելու կամ վերացնելու ուղղությամբ: Նրա վերջին՝ հրաժեշտի գրառումը մայիսի 8-ին է թվագրված, որը բավական պոզիտիվ շեշտադրումներով է: «Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք: Շնորհակալություն»,-մասնավորապես ասված է լակոնիկ ոճի սիրահար Կարապետյանի գրառման մեջ:

Այս գրառման տակ իր վերաբերմունքն է արտահայտել 9,5 հազար օգտատեր, ոմանք հավանել են՝ «լայքել», ոմանք «սուպեր» որակել, ոմանք՝ «կարեկցել», եւ ոչ ոք, որքան էլ զարմանալի է, բացասական՝ «ատելություն» արտահայտող «սմայլիկով» իր վերաբերմունքը չի արտահայտել: Իսկ ահա մեկնաբանություններում գերիշխում են գովեստի շռայլ խոսքերը:

Մեկնաբանություններից մեկն էլ այսպիսին է. «Նորմալ տնտեսագետ էր վերջապես հայտնվել կառավարությունում, եթե գել ու գազանները չխանգարեին նա շատ ավելիին կհասներ... և եթե նիկոլը դա չհասկանա ու ամեն ինչ անի նման կադրը չպահի իր երիտասարդների եռանդի հետ միասին աշխատելու համար, կասկածում եմ որ կունենանք տնտեսական հաջողություններ... երբեք միբացառեք փորձը մարդու երբ առաջընդաց եք ուզում գրանցել...ափսոս... «:

Կարեն Կարապետյանն այն պաշտոնյաներից է, որին չի հաջողվում մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտ «ձգել»: Փաստորեն, զոհելով «Գազպրոմում» իր բարձր պաշտոնն ու աշխատավարձը, Կարապետյանը համաձայնեց ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, առքով-փառքով մուտք գործեց Կառավարության շենք, 2017 թ ԱԺ ընտրություններից առաջ անդամագրվեց ՀՀԿ-ին, «Գազպրոմ-Արմենիայի» 7 հազար հոգանոց աշխատակազմին ՀՀԿ-ացրեց, իր վրա վերցրեց ՀՀԿ-ի նախընտրական կոմպանիան իրականացնելու բեռն ու պատասխանատվությունը՝ «խնայելով» Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ի համար ԱԺ մուտք գործելու ռեյտինգ ապահովեց, շուրջ մեկուկես տարի պաշտոնավարեց միջնաժամկետ, անորոշ ապագայով վարչապետի կարգավիճակում, «կախարդական փայտիկի» փնտրտուք սկսեց՝ տնտեսությունն՝ իր բնորոշմամբ՝ «ծանր վիճակից» դուրս բերելու համար, 7,5 տոկոս տնտեսական աճ ապահովեց, անցավ Սերժ Սարգսյանի վարչապետությանը համաձայնություն տալու կտտանքների միջով, կասեցրեց Նիկոլ Փաշինյանի կալանքի սանկցիան ԱԺ-ում քննարկելը, հաշտարարի առաքելություն ստանձեց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, վերջինիս դրդեց «Ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, ես սխալվեցի» խոստովանությանը, մի քանի օր վայելեց սուպեր լիազորություններով վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, հասցրեց մերժվել, «ժիլետ» անվանվել, ծաղրանքի ենթարկվել ու անփառունակ հեռանալ:

Երիցս ճիշտ է ժողովուրդը, երբ ասում է՝ մարդու վերջը բարի լինի, իսկ հայ դասականն էլ պոեզիայի լեզվով խրատում. «Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ»: Կարեն Կարապետանը շարունակում է լինել ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: Նա, ինչպես պնդում են ՀՀԿ-ում, այդպես էլ չկարողացավ որպես յուրային ընկալվել ՀՀԿ-ի ներսում, չմերվեց կուսակցությանը՝ իրեն համարելով «կապույտ արյուն կրող»: Նրա քաղաքական ապագայի մասին առայժմ որեւէ հստակ բան հայտնի չէ, սակայն ուշագրավ մեսիջներ է պարունակում նրա՝ հեղափոխությունից ամիսներ առաջ «Մեդիամաքսին» տված հարցազրույցի հետեւյալ մասը. «Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում»: «Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում: Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որեւէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել... Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք»:

Նյութի աղբյուր  https://www.hraparak.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1040 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: