Загрузка...
16:30
Էջմիածնում բեզպրիդել է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի գլխին սև ամպեր են կուտակվել

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո Էջմիածնում պարզապես բեսպրեդել է: Ընդ որում` այդպիսի վիճակ էր նաեւ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Մանվել Գրիգորյանն իրեն Էջմիածնում նախկինի պես չէր պահում: Իրավիճակը խորացավ արդեն նրա որդու` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների ցույցերի ժամանակ եւ նոր թափ ստացավ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար տեղեկություններ են ստացվում քաղաքում տիրող իրավիճակի, մթնոլորտի եւ էջմիածինցիների քայլերի մասին: Ամբողջ քաղաքում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ Գրիգորյանների բարեկամները, նրա ընտանիքի անդամներն անգամ չեն փորձում փողոց դուրս գալ, քանի որ ամենուր նրան ծաղրող պաստառներ են, բռնության սպառնալիքներ հնչեցնելու պատրաստ քաղաքացիներ:

Բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում. բոլորը փակ են եւ կրկին քաղաքացիների ցասումից խուսափելու նպատակով, քանի որ քաղաքում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ տարբեր ժամանակներում Մանվել Գրիգորյանից եւ նրա ընտանիքից տուժածները, հարմար առիթն օգտագործելով, կարող են վենդետա իրականացնել: Ինչպես արդեն նշեցինք, ամբողջ Էջմիածնում Մանվել Գրիգորյանին ծաղրող պաստառներ են. նրա լուսանկարները «տուշոնկաների» հետ: Այդպիսի լուսանկարներ փակցված են անգամ ԵԿՄ շենքի եւ Գրիգորյաններին պատկանող շինությունների պատերին:

Իրականում Էջմիածնում տիրող իրավիճակը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Այդ քաղաքում մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր մանվելներ եւ պիպոներ են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում: Եվ բանը հասել է նրան, որ Էջմիածնում ցանկանում են իշխել եւ թելադրող լինել արդեն երկար տարիներ արտասահմանում ապրածները: Օրինակ, մեր տեղեկություններով, Սանկտ-Պետերբուրգից եւս մարդիկ են եկել, ովքեր փորձում են Էջմիածնի «նայողը» համարվել: Իսկ ահա ոմն Էդվին, ով գործարար է եւ Էջմիածնում առեւտրի կենտրոն ունի, ցանկանում է քաղաքապետ դառնալ: Ընդ որում` մեր տեղեկություններով` նա հենց Դոն Պիպոյի թեկնածուներից է, քանի որ վերջինս իր հաջողության հարցում այնքան վստահ է եղել, որ անգամ քաղաքապետի թեկնածու էր պատրաստել: Եվ չնայած Պիպոն կալանավորված է, սակայն Էդվինը շարունակում է քաղաքապետի թեկնածուն համարվել, այդ ուղղությամբ քայլեր անել:

Միայն թե, արձանագրենք` Էջմիածինը «զոն» չէ, ու եթե հետագայում պետք է այնտեղ նոր «նայողներ» լինեն, ապա ցավով կարձանագրենք՝ հեղափոխությունը գոնե այստեղ չի հասել իր նպատակին: ԵՒ ուրեմն, որպեսզի նոր «նայողներ» չհայտնվեն, պետք է պետությունն իրադրությունն իր ձեռքը վերցնի, պետք է լինի օրինական ընտրված քաղաքապետ եւ քաղաքը ղեկավարի, հակառակ դեպքում ոչինչ էլ չի փոխվի եւ ջրից հելնելով` կընկնենք ջրհորը: Սակայն ո՛չ իշխանությունն է տեղից շարժվում, ո՛չ էլ ոստիկանությունը: Ընդ որում` վերջիններիս անգործությունը տեսանք նաեւ ցույցերի օրերին, երբ Էջմիածնում փողոցներ էին փակվում, սակայն ոստիկանությունը տեղից այդպես էլ չէր շարժվում:

Իրավիճակն այնպիսին է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող 12 գազալցակայանները եւ մյուս բիզնեսները չեն աշխատում: Ընդ որում` լուրեր են շրջանառվում, որ ինչ-որ խմբեր թույլ չեն տալիս այդ օբյեկտներն աշխատեցնել: Սա էլ արդեն ՊԵԿ-ի գործառույթն է, սակայն վերջինս անտարբեր է, եւ դրա փոխարեն կան մարդիկ, ովքեր փորձում են տիրանալ դրանց «չորով»: Ի վերջո, այդ բիզնեսները պետք է կա՛մ աշխատեն, կա՛մ անցնեն պետության ձեռքը: Չպետք է թողնել, որպեսզի վրեժխնդրության պատճառով եւ հեղափոխության անվան տակ փողոցային խուժանը կրկին անցնի գործի:

Ընդ որում` Արմավիրում իրականում վիճակը կրիտիկական է, քանի որ նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը եւս չի տիրապետում իրավիճակին, եւ քաղաքներում ու գյուղերում մարդիկ ինքնուրույն են իրենց հարցերը լուծում: Օրինակ, բողոքի ցույցերը հասել են նաեւ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղին: Այնտեղ եւս օգտագործելով թավշյա հեղափոխության սիմվոլները` մարդիկ դուրս են եկել գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, եւ սա այն դեպքում, երբ վերջինս չնայած Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սակայն թշնամական հարաբերություններ ունի նրա հետ: Իսկ Զարզանդ Գրիգորյանի դեմ բողոքողներն էլ, մեր տեղեկություններով, օրինակ, հողի, գույքի հարկի կամ այլ պարտավորություններ չկատարած մարդիկ են, ովքեր էլ ցանկանում են գյուղապետին հեռացնել, որ իրենց պարտքերը մարվեն: 3000 ընտրող ունեցող գյուղում բողոքի ցույցեր անցկացնում են 50-100 հոգի` ասելով, որ գյուղապետը պետք է հեռանա, քանի որ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է:

Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է: Մանվել Գրիգորյանի եւ նրանց թշնամանքը սկսվել է դեռեւս 2007 թվականից, երբ Մանվել Գրիգորյանը ընդդիմադիր խաղեր էր տալիս: Եվ այս տարիների ընթացքում Մանվել Գրիգորյանը մշտապես ճնշել է Հրանտ Գրիգորյանին, նրա եղբորը: Նրանք միշտ նաեւ մրցակիցներ են եղել: Օրինակ, Հրանտ Գրիգորյանին է պատկանում Էջմիածին-Երեւան երթուղին, դրան զուգահեռ էլ աշխատում են տաքսիներ, որոնք արդեն տնօրինում է Կարեն Գրիգորյանի եղբայրը` Արմանը, եւ այսպես իրարից ուղեւոր են փախցնում: Նրանց մյուս եղբայրը ջերմոց է հիմնել, Մանվել Գրիգորյանը չի թողել գազի գիծ անցկացնել, որ այն աշխատի, կամ Հրանտ Գրիգորյանը առանձնատուն է կառուցել, սակայն Կարեն Գրիգորյանը չի թողել ջրագիծ անցկացնել, եւ այդպիսի բազմաթիվ դեպքեր, որոնք թշնամություններ են առաջացրել:

Այժմ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա ընտանիքը անցել է հետին պլան, սակայն չլուծված են մնում բազմաթիվ հարցեր ու խնդիրներ: Այժմ օրվա հրամայականն է դարձել Էջմիածնի մթնոլորտը կարգավորելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/817595/ 
 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 3672 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: