Загрузка...
17:12
Դատախազությունը փրկեց Ռոբերտ Քոչարյանին. ՀՀԿ-ն վրիպեց

 

Գլխավոր դատախազությունը մերժել է երկրորդ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու պատգամավորական միջնորդությունը, որը ստորագրել էին ՀՅԴ երեք պատգամավոր, Իշխան Զաքարյանը Ծառուկյան դաշինքից եւ ՀՀԿ գրեթե ամբողջ խմբակցությունը:

Գլխավոր դատախազությունը փաստորեն փրկեց Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ ծուղակից, պահելով նրան կալանքի տակ եւ ազատելով ՀՀԿ-ին «պարտք» մնալուց: ՀՀԿ պատգամավորների ստորագրության կապակցությամբ եղան տարբեր կարծիքներ ու գնահատականներկ ընդհուպ այն, թե ստիպել են: Դա թերեւս չափազանցություն է: Կամ, եթե եղել է ստիպող բան, ապա միայն շահը: Ընդ որում, շահը տվյալ պարագայում յուրաքանչյուր ստորագրողի դեպքում ունի թերեւս տարբեր դրսեւորումներ, իհարկե մի ընդհանուր շրջանակով, որը նախորդ համակարգի շրջանակն է:

Իսկ այդ համակարգում ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես եղել են դիմակայության տարբեր կողմերում ու ամենեւին 2008-ից չէ, որ նրանց ջրերը հոսել են տարբեր առուներով: Ի վերջո, 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի կոալիցիոն մեծամասնության գնաց հենց ՀՀԿ-ին թելադրող դիրքից զրկելու պատճառով: Նրանց դիմակայությունը շարունակվում է առ այսօր, եւ դա է այդ երկու սուբյեկտների հարաբերության առանցքային հանգամանքը: Ըստ այդմ, որքան էլ նրանց շահերը պարբերաբար նաեւ համընկնում են, գործողությունների խորքային մոտիվացիան միեւնույն է կառուցված է դիմակայության խորքային զգացումի վրա: Հենց զգացումի, ոչ թե գիտակցման, քանի որ դիմակայությունը կառուցված է եղել առավելապես նաեւ անձնական մակարդակում «անընդունելիության» վրա:

Օգնելով Քոչարյանին այժմ, ՀՀԿ-ն մի կողմից իհարկե փորձում է լուծել Մարտի 1-ի համար որպես այդ պահին արդեն բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ իր պատասխանատվության հարցը, մյուս կողմից սակայն նաեւ թույլ չտալ, որ նոր իրավիճակում նախորդ իշխանության գլխավոր գործող անձը լինի Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀԿ-ից անկախ:

Օրինակ, նաեւ դրա համար Քոչարյանը կարող էր շահագրգռություն ունենալ ստորագրած պատգամավորների ցուցակը պահել գաղտնի, այդպիսով հրապարակավ չընդունելով ՀՀԿ-ին պարտք լինելու հանգամանքը: Ու շատ հետաքրքիր է, որ ցուցակը հրապարակեց ՀՀԿ-ն, ցույց տալով, թե ու՞մ է Քոչարյանը պարտք լինելու կալանքից ազատվելու դեպքում:

Իսկ այստեղ հարցը բավական նուրբ է եւ ընդգրկուն, Մարտի 1-ի գործը կոնկրետ իրավական գործ լինելուց բացի, խորհրդանշական իմաստով ընդհանրապես նախորդ համակարգի գործն է՝ իրավա-քաղաքական կամ քաղաքա-իրավական գործը: Իսկ դա նշանակելու է այդ համակարգի ամբողջական պատասխանատվության գոտու ընդգրկում, ինչը ամենեւին չի սահմանափակվում միայն ներքին նշանակության հարցերով, այլ ամբողջանում է նաեւ արտաքին քաղաքականության լայն ընդգրկումով:

Իսկ այստեղ առաջանում է ուշագրավ «պարադոքսի» հնարավորություն: «Գլխավոր մեղադրյալը» կարող է դառնալ նաեւ այդ լայն ու խորքային առումով արտաքին ընդգրկումով գործում համակարգի անունից «գլխավոր բանակցողը» նոր իրավիճակի եւ դրա շահառուների լայն, դարձյալ ոչ միայն ներքին, այլ արտաքին ուժային կենտրոններն ընդգրկող շրջանակում:

ՀՀԿ համար Քոչարյանի կալանքից ազատումը յուրահատուկ շանս է՝ չլինել «գլխավոր մեղադրվող», բայց լինել «գլխավոր բանակցող», որը ի վերջո անվտանգության առավելագույն երաշխիքն է, թեկուզ խիստ համեմատական ու նեղ անվտանգության:

Դատախազությունը ՀՀԿ-ին թույլ չտվեց քայլ անել դեպի այդ երաշխիքը, պահելով Քոչարյանի կարգավիճակն ու նրան ազատելով ՀՀԿ պարտքից: ՀՀԿ-ն է շարունակում պարտք մնալ Քոչարյանին՝ ավանսով պարտք:

Օգոստոսի 9-ին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկելու է Վերաքննիչ դատարանը: Կփոխի՞ դատարանը ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան ստատուս-քվոն:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 89 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2  
Инчик
https://drive.google.com/file/d/1zHOKLXU2JyS4CzVbIpn3SKL06aR2kENt/preview

1  
Хаджимурад
https://drive.google.com/file/d/1DiruMrYg7xldYGua15LM1YPI9gF198Fj/preview

Имя *:
Email *:
Код *: