Загрузка...
13:09
Դաշնակները Նիկոլին «գելի փոստով» են վախեցնում

 

«Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»,- վերջերս հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Դաշնակցությունը, ի տարբերություն իրենց, մշտապես քաղաքական հրապարակի վրա է և քաղաքական լուրջ դերակատարություն ունի»: Պատասխանելով Դաշնակցության հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ պրն Ռուստամյանի միտքը մի քիչ ծյունինգ արած կրկնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Կուսակցության՝ շուրջ 20 տարի «քաղաքական ջրի երեսին լինելու» առումով նրանք միանշանակ ճիշտ են: Երբեմնի հզոր ՀՀՇ-ից փշրանքներ են մնացել, Սերժ Սարգսյանի քավորությամբ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Օրինաց երկիր»-ը, որ այս տարիների ընթացքում «ճիշտ կողմնորոշվելու» առումով «ավելի ճկուն» չէր, քան Դաշնակցությունը, հիմա քաղաքական զարգացումների լուսանցքում է, ԱԺ մեծամասնությունն ու ղեկավար պաշտոնները դեռ ՀՀԿ-ի ձեռքին են, մինչդեռ խորհրդարանից դուրս այս կուսակցությունն արդեն չկա: Առաջիկա ընտրություններից հետո վերջին փշրանքներն էլ կկորեն: Մինչդեռ Դաշնակցությունը, «ճկունության» առումով գերազանցելով Բաղդասարյանին ու նրա ՕԵԿ-ին, կառավարման ցինիզմի առումով ոչնչով չզիջելով ՀՀԿ-ին, որի կցորդն էր այս տարիներին, անգամ ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո շարունակում է մնալ ոչ միայն քաղաքական արենայում, այլև կառավարության մեջ որպես իշխող կուսակցություն՝ մի շարք ոլորտներում փաստացի տիրապետելով լծակների:

Փաստորեն Տեր-Պետրոսյանից անմիջապես հետո Քոչարյանի՝ նախագահությունն ստանձնելուն պես կուսակցության անդամները «ս կարաբլյա նա բալ» սկզբունքով բանտախցերից տեղափոխվեցին կառավարության առանձնասենյակներ ու ցայսօր այնտեղ են: Դրան ոչնչով չխանգարեց նաև Սերժ Սարգսյանի ընդգծված հակադաշնակցական կեցվածքը: Ավելին, նրա իսկ հրավերով դաշնակները հերթական անգամ, «մի տեսակ չեմուչումով», դժկամությամբ, հայտնվեցին Սարգսյանի կառավարությունում: Բանը հասավ նրան, որ Արմեն Ռուստամյանը նախապես հայտարարեց, որ հեղինակազրկված ՀՀԿ-ական իշխանության հետ իրենց կոալիցիա կազմելն ազդելու է Դաշնակցության վարկանիշի վրա, բայց կուսակցությունը պատրաստ է վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխելու՝ միաժամանակ կոալիցիոն պայմանագրով ՀՀԿ-ի հետ հավասար պատասխանատվություն ստանձնելով կառավարության ողջ գործունեության համար:

Մինչդեռ հեղափոխության օրերին կոալիցիայից թռնելիս Դաշնակցությունը մոռացավ պատասխանատվության հավասարության մասին՝ թերևս հերթական անգամ երկիրը փրկելու համար: Դաշնակները երևի թե նույն նպատակն էին հետապնդում, երբ վերջին համապետական ընտրություններում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ միասին Արարատյան դաշտի գյուղերում գյուղապետերի միջոցով «իրենց խնայողություններից 10 հազարական դրամ էին բաժանում ժողովրդին»: Գյուղացիներին, որովհետև այս ընթացքում գյուղոլորտը մեծամասամբ կոորդինացրել են դաշնակ նախարարները ու թերևս մեղքի զգացում ունեին գյուղացիների նկատմամբ:

Թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀԿ-ական իշխանությունների ասպարեզից հեռացումին հետևում էր, որ «Դաշնակցությանը չէր հաջողվել» երկրում իրավիճակ փոխել: Մյուս կողմից էլ՝ հեղափոխական զարգացումներն այնքան արագ էին ընթանում, որ ազգային կուսակցությունը ՀՀԿ-ի գրկից թռնելիս ժամանակ չունեցավ ժողովրդին ներկայացնելու իր վարկանիշի անկման կամ չանկման վերաբերյալ հաշվետվություն: Հազիվ հասցրեց հայտարարել լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, իսկ մինչ այդ՝ քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի ընտրության համար ժողովրդի կողմն ացնելու մասին:

Եվ ահա, հեղափոխության հաղթանակի 100 օրը չբոլորած՝ հերթական անգամ կառավարությունում փայ ստացած կուսակցության լիդերները անհանգիստ են, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզում հայտնվելուց հետո Փաշինյանի կառավարության գործունեության հանդեպ, որի մեջ իրենք էլ են, չթաքցված դժգոհություն են ցուցաբերում: «Ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում, այսինքն՝ մտահոգվելու իրավունք չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն, իրավունք չունե՞նք: Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին: Մենք երկրի համար ենք մտահոգ, երկրի ապագայի համար, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ»,- օրերս հայտարարեց Հրանտ Մարգարյանը: Որից հետո էլ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք ոչ մեկին ուժով չեն պահում կառավարությունում, պնդեց, որ Նիկոլի հրավերով են գնացել կառավարություն՝ հավելելով, որ այդտեղ են «փրկելու նրան, Հայաստանը փրկելու»: Մինչ այդ՝ Քոչարյանի օրոք, իշխանությունում էին երկիրը զարգացնելու, Սերժի օրոք՝ կուսակցության վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխելու, հիմա՝ Հայաստանը փրկելու:

Իրականում Դաշնակցությունը, առավելագույնս օգտագործելով Սփյուռքի գործոնը, դրսում կուսակցության ունեցած կառույցների ազդեցությունը, ներսում կարողացել է ամբողջ երկու տասնամյակ քաղաքական լուրջ դիվիդենդներ շահել, միշտ կերակրատաշտակին մոտ գտնվել ու երբեք էլ պատասխան չտալ ոչնչի համար:

Հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ուղղակի, անմիջական կապի մեջ է Սփյուռքի հետ, երբ Դաշնակցությանը որպես միջնորդ օղակ չի տեսնում, սրա «ծառայություններից օգտվել չի ուզում», կուսակցության լիդերները քաղաքական լուսանցքում հայտնվելու լուրջ վտանգ են զգում ու իրարով են անցել: Եվ եթե իր կառավարման տարիներին Քոչարյանն էր Դաշնակցությանը օգտագործում որպես գործիք, հիմա արդեն Դաշնակցությունն է փորձում Քոչարյանին օգտագործել՝ ընդդեմ Փաշինյանի, որ ոչ մի կերպ չի համաձայնում ընդունել Հրանտ Մարգարյանին ու վերջինիս հետ «բազարվել» խորհրդարանում դաշնակներին հատկացվելիք մանդատների շուրջ: Այդ մասին բավականին թափանցիկ ակնարկեց ինքը՝ Մարգարյանը, դժգոհելով, որ ինչքան ժամանակ է՝ փորձում է հանդիպել, իսկ Նիկոլը չի ընդունում:

Այս պարագայում Դաշնակցությանը այլ բան չի մնում, քան Նիկոլին, ի դեմս Քոչարյանի՝ «գելի փոստով վախեցնելը»՝ շատ լավ հասկանալով դրա անիմաստ լինելը, բայց, ինչպես ասում են, խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: