Загрузка...
17:54
Դ. Տոնոյանի կարևոր ուղերձը՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման մեկնարկը տրված է

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը Շիրակի մարզի Փանիկ գյուղ կատարած այցից ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չի բացառում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,- ասել է պաշտպանության նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով, ինչն անակնկալ է եղել տեղի բնակիչների համար, քանի որ ՌԴ 102-րդ ռազմակայանը զորավարժությունների վերաբերյալ համայնքի բնակչությանը չի իրազեկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները՝ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Փանիկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պաշտպանության նախարարն ասել է, որ դա տեղի է ունեցել և՛ ռուսական զորքերի հրամանատարության, և՛ հայկական կողմի թերացումների պատճառով։ Բայց շատ ավելի կարևոր ու սկզբունքային նշանակություն ունի Դավիթ Տոնոյանի՝ վերը նշված հայտարարությունը Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթներ վերանայելու մասին։ Այդ հայտարարությունը բազմաշերտ է և պարունակում է մի քանի ուղերձներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ Փանիկի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե ՌԴ սահմանապահ ուժերի, այլ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ, իսկ սահմանապահները ռուսական բազայի հետ ուղղակի առնչություն չունեն։ Այստեղ հետաքրքիր հարց է ծագում՝ իսկ գուցե Փանիկի միջադեպին մասնակցել են ոչ միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, այլ նաև ՌԴ սահմանապահ ուժերի ներկայացուցիչնե՞ր։ Դա միանգամայն փոխում է իրերի դրությունը, քանի որ խոսքը միանգամայն տարբեր զորամիավորումների ու միանգամայն տարբեր իրավական կարգավիճակ ունեցող զինուժի մասին է։

Եվ ահա այստեղ ուշագրավ է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որ հնարավոր է՝ փոխվեն հատկապես ՌԴ սահմանապահ ուժերի՝ Հայաստանի տարածքում տեղակայման կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթներ։ Ընդ որում, նախարարը շեշտել է, թե Փանիկի միջադեպը կարող է խթանել այդ փոփոխությունները։ Հետևաբար արժանահավատ է թվում վարկածը, որ այդ միջադեպին մասնակցել են նաև սահմանապահ ուժերի զինծառայողներ։

Ընդհանրապես, Հայաստանում ռուսական ռազմական ներկայության թեման հատկապես վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է հանրային-քաղաքական քննարկումների օրակարգում։ Դրան նպաստում է առաջին հերթին Գյումրիի ռազմաբազայի զինծառայողների՝ հաճախ անպատժելիության հասնող վարքագիծը, որի ամենաահասարսուռ դրսևորումը Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունն էր։ Այս և բազմաթիվ միջադեպեր ստիպում են հայ հասարակությանը եթե ոչ՝ մտածել ռազմաբազայի ներկայության նպատակահարմարության մասին (թեև կան նաև այդ կարծիքն արտահայտող շերտեր), ապա գոնե բարձրացնել ռազմաբազայի գործունեության վերահսկողության կանոնների խստացման հարցը։ Քննարկումներում միշտ տեղ է գտնում նաև այն խնդիրը, որ ռուսական ռազմակայանի ներկայության համար Ռուսաստանը Հայաստանին որևէ վարձ չի վճարում, ավելին՝ ըստ տարբեր տեղեկությունների՝ ռազմակայանի անգամ կենցաղային, կոմունալ ծախսերը կատարում է հայկական կողմը։

Ահա այս պայմաններում, երբ Հայաստանի հանրային օրակարգում տարբեր ժամանակներում ավելի կամ պակաս սրությամբ դրված է ռուսական ռազմաբազայի տեղակայման առնվազն պայմանների վերանայման հարցը, ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է ՌԴ սահմանապահ ուժերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթների վերանայման մասին։

Ինքնին փաստը որ ՀՀ պաշտոնյան, այն էլ՝ պաշտպանության նախարարը, խոսում է ռուսական ռազմական ներկայության, այն էլ՝ սահմանապահ զորքերի ներկայությանն առնչվող պայմանագրի մասին, աննախադեպ երևույթ է թերևս նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում։ Ռուսական ռազմական ներկայության թեման տաբուին հավասարեցված թեմա է եղել Հայաստանում մշտապես, դրա մասին չնչին բացառություններով չեն խոսել անգամ տարբեր ժամանակների ամնաարմատական ընդդիմադիրները, դրա մասին չի խոսել առավել ևս որևէ իշխանություն։

Եվ այս պայմաններում ու հատկապես Փանիկի միջադեպից ու այդ միջադեպը որպես ՀՀ ինքնիշխանության ու հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված սադրանք որակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Դավիթ Տոնոյանի ուղերձը պետք է նշանային համարել։ Ընդ որում, պաշտպանության նախարարն այդ մասին խոսել է բավական լակոնիկ՝ առանց պայմանագրի որևէ դրույթ կամ փոփոխության որևէ ժամկետ մատնանշելու։ Նա ըստ էության ընդամենը բարձրաձայնել է խնդիրը, որ հայ-ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը կարիք ունի վերանայման։

Այս բարձրաձայնումը կարևոր է նրանով, որ դա կարող է խթանել, որպեսզի այդ հարցը հայտնվի հանրային-քաղաքական օրակարգում, դրա շուրջ ծավալվեն քննարկումներ, բանավեճեր, շատ կարևոր է, որ դրանց ներգրավվեն նաև ռուսական պաշտոնական, փորձագիտական շրջանակներ։ Խիստ անթույլատրելի ու վտանգավոր է այս խնդիրը հակադրության, կոնֆրոնտացիոն ռեժիմում քննարկելը, և այդ առումով Դավիթ Տոնոյանի հայտարարության ընդհանրական ձևակերպումները միանգամայն հասկանալի են։

Հայ-ռուսական հարաբերությունների ավելի քան քսանամյա դեֆորմացումն ու դեգրադացումը արտահայտված են նաև միջպետական հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայում՝ սկսած Գյումրիի ռազմաբազայի տեղակայման պայմանագրից, մինչև «Գազպրոմ-Արմենիային» մենաշնորհ տրամադրած համաձայնագիր ու այլ իրավական ակտեր։ Այդ բոլոր փաստաթղթերը կառուցված են եղել ՀՀ ինքնիշխանության ոտնահարման, ինքնիշխանության սահմանափակման և ռուսական գերակայության ու գերազդեցության սկզբունքով։

Հայ-ռուսական հարաբերությունների ռեստարտը, ինչի մասին խոսում է նաև Հայաստանի նոր իշխանությունը, անհրաժեշտաբար պահանջում է այդ իրավապայմանագրային հիմքի վերանայում ՀՀ ինքնիշխանության վերականգնման նպատակադրմամբ։ Շատ խորհրդանշական կլինի, եթե դա սկսվի հենց ռազմական համագործակցության ոլորտից, որտեղ ավելի շատ գերակայում է միֆը, քան իրականությունը։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 494 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: