Загрузка...
14:32
ԲԻԶՆԵՍ ԴԱՍԵՐ ՏՎՈՂ ՕԼԻԳԱՐԽԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՈՒՂՂԻՉ ԴԱՍԵՐ ԱՆՑՆԵԼ

 

Պարզվում է՝ իշխանամերձ օլիգարխ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը, ԱԺ պատգամավորի մանդատից բացի, նաեւ իր բիզնեսն ապօրինի եղանակով ծաղկեցնելու մանդատ է ունեցել: Վկայությունն ԱԱԾ-ի ցնցող բացահայտումներն են Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ եւ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրօր․ 205-րդ հոդվածի 2-րդ մասի (Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը) եւ 189-րդ հոդվածի 3-րդ մասի (Կեղծ ձեռնարկատիրություն) հատկանիշներով: Ալեքսանյանին, փաստորեն, չփրկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի օգտին կողմ քվեարկած լինելու «իմունիտետը», եւ նա դարձավ նոր կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների առաջին զոհերից մեկը:

Ընթերցողը կհիշի Սամվել Լիմինդրովիչի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԺ-ում սահմանած ցինիզմի հերթական ռեկորդը, թե «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը էրեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»: Դատելով ԱԱԾ-ի բացահայտումներից՝ կարելի է եզրակացնել, թե ինչպիսի հնարամիտ բիզնես-աճպարարությունների է տիրապետում Ալեքսանյանը ու, հետեւապես, ինչ վտանգավոր դասեր է նա տվել տանը՝ իր յոթ «էրեխեքին», որոնց մեջ կան նաեւ անչափահասներ: Ալեքսանյանի բիզնես-թրեյնինգները, արի ու տես, չեն վրիպել ԱԱԾ-ի աչքից, եւ նա այժմ ստիպված կլինի իր հերթին հարկադիր դասընթացներ անցնել առ այն, թե ինչպես պետք է դառնալ օրինակելի հարկատու՝ մերժելով Սերժ Սարգսյանի ժամանակ կիրառված ապօրինի մեթոդները:

Փաստորեն, Ալեքսանյանը, խաբելով պետությանը, խաբել է նաեւ Սերժ Սարգսյանին, եւ դժվար է ասելը՝ արդյոք այս զեղծարարության կծիկը կբացահայտվե՞ր, եթե վարչապետի պաշտոնում շարունակեր մնալ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ մի առիթով Ալեքսանյանը գործարար մի շրջանակի հետ մասնավոր զրույցում հայտարարել է, թե հոգնել է քաղաքական կրկեսի «մայմուն» լինելուց եւ իր կամքին հակառակ է մասնակցում ընտրական գործընթացներին, «համբալի նման աշխատում», միլիոնները ծախսում է ինչ-որ թղթի կտորի՝ մանդատի համար: Գործարարը նշել է նաեւ, թե իր տարերքը եղել եւ մնում է բիզնեսը՝ փող սարքելը, ու երազում է այն օրը, երբ կկարողանա գլուխը կախ իր «համբալությունն» անել՝ «առնել-ծախել-ընդլայնվել»:

Պատգամավորին պատկանող առասպելական գույքի եւ ունեցվածքի մասին լեգենդներ են պատմվում, որոնց մամուլը քանիցս անդրադարձել է: Սակայն նրա եւ իրեն փոխկապակցված անձանց կարողության մասին միակ՝ հանրության համար հասանելի պաշտոնական աղբյուրը, թերեւս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերն են: Մենք նախորդիվ ներկայացրել ենք նրա՝ 2017-ին ԱԺ պատգամավորի պաշտոնն ստանձնելիս ունեցած գույքի, եկամուտնեի եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Նա յոթ հողամաս, հողին ամրակայված երկու անշարժ գույք եւ արտադրական նշանակության երկու շինություն էր հայտարարագրել, ինչպես նաեւ՝ վեց ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, 335 մլն 190 հազար դրամ եւ 8 մլն 100 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց: Որպես եկամուտ՝ հայտարարագրել էր 2 մլն 204 հազար դրամ աշխատավարձն ու վարձակալության դիմաց երկու տարբեր տեղից ստացված գումարը՝ 400 հազարական դրամ: Ալեքսանյանի՝ 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագիրը նույնպես տպավորիչ է:

Պատգամավորը, պարզվում է, ոչ մի շարժական եւ անշարժ գույք անցյալ տարի ձեռք չի բերել, նրա դրամական միջոցները 342 մլն 197 հազար դրամ են կազմել, այսինքն՝ չնչին են ավելացել նախորդ հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների համեմատ: Սակայն արդեն տարեվերջին Ալեքսանյանի՝ դրամով արտահայտված դրամական միջոցները նվազել են յոթ միլիոնով: Իր՝ դոլարային արտահայտությամբ դրամական միջոցներին Ալեքսանյանը մատով չի կպել՝ 8 մլն 100 հազար ԱՄՆ դոլարն ինչպես որ տարեսկզբին կար, այնպես էլ մնացել է մինչեւ տարեվերջ:

Ուշագրավ է, որ Ալեքսանյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու շահաբաժին, որոնց մասին հիշատակում չկա պաշտոնն ստանձնելիս ներկայացված հայտարարագրում: Այդ շահաբաժիններից մեկը կազմում է 4 մլն 200 հազար, մյուսը՝ 5 մլն 500 հազար դրամ: Նշենք, որ երկու տարբեր շահաբաժնի մասին հիշատակում կա նաեւ նրա 2016 թ. հայտարարագրում: 2017 թ. հայտարարագրում Ալեքսանյանը վարձակալության դիմաց երկու տարբեր տեղերից ստացել է 1 մլն 200 հազար դրամ, որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճար էլ հայտարարագրել է 6 մլն 500 հազար 400 դրամ: Իսկ, ահա, Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, պարզվում է՝ ամուսնուց հարուստ է: Նա 3 մլրդ 995 մլն 300 հազար դրամ եւ 8 մլն 300 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց է հայտարարագրել, որոնք տարեվերջում համապատասխանաբար կազմել են 2 մլրդ 350 մլն դրամ եւ 8 մլն 200 հազար ԱՄՆ դոլար:

Տիկինը հայտարարագրել է նաեւ երեք տարբեր փոխառություն, որոնցից մեկը հարկային տարեսկզբում կազմել է 4 մլրդ 606 մլն 441 հազար 406 դրամ, որից հանձնվել է 1 մլրդ 340 մլն 990 հազար 162 դրամը, վերադարձվել է 52 մլն դրամ: Հարկային տարեվերջում այն կազմել է 5 մլրդ 895 մլն 431 հազար 568 դրամ: Մյուս փոխառության չափը 998 մլն դրամ է, որից հարկային տարվա ընթացքում հանձնվել է 80 մլն, վերադարձվել՝ 200 մլն դրամը: Փոխառությունը տարեվերջում կազմել է 878 մլն դրամ: Մկրտչյանի հայտարարագրի երրորդ փոխառությունը տարեսկզբին եղել է 0, հանձնվել է 845 մլրդ 320 մլն 877 հազար դրամ, որը տարեվերջում կազմել է նույնքան: Օլիգարխի տիկնոջ եկամուտները գլխապտույտ են առաջացնում. դրանք գոյացել են 12 տարբեր տեղերից ստացված՝ վարձակալության դիմաց վճարված գումարներից:

Եկամուտների թվում հայտարարագրվել է նաեւ 4 շահաբաժին՝ 75 մլն դրամ, 24 մլն 35 հազար 700 դրամ, 24 մլն դրամ եւ 151 մլն 575 հազար 953 դրամ: Տիկին Շողերինան նաեւ աշխատանքի դիմաց ստացված վճարն է հայտարարագրել, որը կազմում է, կարելի է ասել, ծիծաղելի գումար՝ 2 մլն 120 հազար 400 դրամ: Նշենք, որ Ալեքսանյանին փոխկապակցված անձանց՝ յոթ զավակների 2017 թ. հայտարարագրերը հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված չեն: Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանի դուստրերից մեկը՝ Աստղիկ Ալեքսանյանը, նույնպես հոր դասերն առած՝ տեքստիլի ոլորտում հաջող բիզնես գործունեություն ծավալող գործարար է:

Նախորդ կառավարությունն առանձնակի բարեհաճ էր դուստր Ալեքսանյանի բիզնեսի նկատմամբ եւ նրան, որպես տնտեսության գերակա ոլորտում ներդրումներ անողի, բացի պերմանենտ հարկային արտոնություններ տալուց, նաեւ անհատույց օգտագործման գույք է նվիրաբերել՝ Արթիկի թիվ 7 դպրոցը: Այդտեղ մինչեւ աշուն կգործարկվի տեքստիլի հերթական արտադրությունը, եթե, իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ չգա:

Նյութի աղբյուր  www.hraparak.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 746 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: