Загрузка...
17:59
Բախում՝ Երրորդմասցի Լյովիկի ու մյուսների սպանության գործով դատավճռի հրապարակման ժամանակ

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով մեղադրական դատավճիռը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատական այս նիստին, ռեպլիկներով հանդես գալու ընթացքում, ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը պնդեց, որ երեք ամբաստանյալներին էլ առաջադրված է անհիմն մեղադրանք:

«Մենք արդարացում ենք պահանջում, այլ դատական ակտ այս գործով ապօրինի է լինելու…»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Դիմելով նախագահող դատավորին՝ փաստաբանը նշեց. «Եթե ապօրինի դատական ակտ կայացնեք, ո՞նց եք ձեր գլուխը բարձին դնելու և քնելու… Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք: Հարցը չի վերաբերում 1 տարի ազատազրկմանը: Սա գրպանահատության գործ չէ… Ամբաստանյալների համար ցմահ ազատազրկում են ուզում…. Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում… Վաղ թե ուշ՝ հիմնավորվելու է՝ ովքեր են սպանել, այդ ժամանակ ի՞նչ եք անելու… Մարդկանց կյանքի հետ եք խաղում…»:

Արդարացում պահանջելու հետ մեկտեղ փաստաբանն այնուամենայնիվ անդրադարձավ ցմահ ազատազրկում պահանջած դատախազին՝ նշելով, որ մեղադրանքի մեջ շեշտված է, թե սպանությունների դրդապատճառը կողմերի միջև հաստատված անբարյացակամ հարաբերություններն էին: Այդ դեպքում, ըստ փաստաբանի, մեղադրանքի կողմը պետք է հաշվի առներ նաև տուժող կողմի կատարածները, և դրանք պետք է դիտեր որպես մեղմացուցիչ հանգամանք:

Փաստաբանը հատկապես շեշտը դրեց ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի մասով ապացույցների անբավարարության վրա, քանի որ եթե մյուս ամբաստանյալների գենետիկ նմուշները հայտնաբերվել էին հանցագործության գործիք զենքերի վրա, ապա Սարգիս Գրիգորյանի գենետիկ նմուշները դատագենետիկական փորձաքննությամբ չեն հայտնաբերվել:

Եթե մեղադրանքի կողմը դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը մեղադրանքի հիմնական ապացույցներից մեկն է դիտարկում, ապա ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ դա ծիծաղելի ապացույց է: «Եթե այս գործով կատարված դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը ապացույց է, ապա ես իրավաբան չեմ, համ էլ՝ տղամարդ եմ… Չի կարելի մածունը «սև» անվանել… Ուրեմն դատարանները թող չաշխատեն, քննիչները թող դատավճիռն էլ կայացնեն…»,- ասաց Լուսինե Սահակյանը

Ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», ռեպլիկի կարգով անդրադառնալով մեղադրանքը հիմնավորող ապացույցներին, ասաց. «Ես զարմանում եմ… Ոնց որ ձեռիս մեջ բան չկա, բայց ասեն՝ ձեռիդ մեջ բան կա…»:

Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը՝ «Ծգըլը», հիշեցրեց, որ իր կալանավորման միջնորդության քննության ժամանակ դատարան ներկայացված փաստաթղթերում ճիշտ էր գրված միայն իր անունը, մնացած տվյալները սխալ էին. «Բոլորն էլ ինձ գիտեին, բայց սխալ էին ներկայացրել… Էտի արդար ա՞…»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը իր պաշտպանյալ Սարգիս Գրիգորյանի ելույթի վերաբերյալ ասաց, թե նախաքննական մարմնի համար կարևոր է եղել՝ որ ասեն՝ գործը բացահայտվել է. «Կարևոր չի եղել՝ էս մարդիկ են, էս մարդիկ չեն… Անունը կամ ազգանունը ճիշտ է, թե սխալ…»,- ասաց Լ. Սահակյանը, ապա դիմելով նախագահող դատավորին՝ ավելացրեց. «Մենք հույս ունենք, որ դուք էդ կարևորությունը կհասկանաք»:

Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:

Վահան Հակոբյանն ասաց. «Թող արդարացի վճիռ լինի: Չորս տարի մեր կյանքից գնացել ա, չենք իմանում՝ ինչի համար… Մենք ոչ մեկին չենք սպանել… Կարող ա քսան հոգի կոնֆլիկտ ա ունեցել, մենք իրան (Երրորդմասցի Լյովիկին) ոչ ճանաչել ենք, ոչ էլ ուզել ենք ճանաչել… Ակնկալում եմ արդարացի վճիռ…»:

Ամբաստանյալ Սարգիս Հախանումյանը նույնպես արդարացի դատական ակտ ակնկալեց:

Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը միացավ ընկերներին, ասաց՝ «սաղ շինծու ա»:

Մի քանի ժամ անց դատավոր Արտուշ Գաբրիիելյանը հրապարակեց մեղադրական դատավճիռը: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր ճանաչվեցին խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ապօրինի զենք պահելու համար դատապարտվեցին 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման:

Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվեցին ոչ թե ցմահ ազատազրկման, ինչպես դատախազն էր պահանջել, այլ՝ 18 տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Դատավճռի հրապարակման պահին երեք ամբաստանյալները այլայլված էին, բայց ոչինչ չասացին:

Սակայն դատավճռի հրապարկումից անմիջապես հետո ամբաստանյալների հարազատներից ու կողմնակիցներից մի քանի տղամարդ վերջին հայհոյական խոսքերով հարձակվեցին դահլիճում ներկա՝ տուժող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սևազգեստ մոր ու զոքանչի վրա՝ գոռալով՝ հասա՞ք ձեր ուզածին, սարքեցի՞ք… Կարգադրիչներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ դահլիճից հեռացրին գազազած տղամարդկանց…

Երրորդմասցի Լյովիկի զոքանչը բարձրաձայնեց. «Ցմահը էդ ո՞նց դառավ 18 տարի…»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կայացվեց ակնհայտ ապօրինի դատական ակտ. «Ես չէի էլ սպասում, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը օրինական դատական ակտ կկայացնի, բայց նա ապացուցեց, որ ընդամենը մեղադրականը դակող է…»:

Փաստաբանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի դատավճիռը. «Ինձ համար միևնույնն է՝ քանի տարի ազատազրկում է՝ ցմա՞հ է, թե՞ 18 տարի… Այս գործով միակ օրինական դատական ակտը կլիներ արդարացման դատական ակտը…»:

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 520 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: