Загрузка...
21:36
Աշոտ Փաշինյանն առաջնագծում. սառը ցնցուղ Բաքվի համար կամ Մամեդյարովի նյարդերը տեղի են տալիս

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նրա որդին, անպայման, ծառայելու է Արցախում, սառը ցնցուղ էր Բաքվի համար։ Այնտեղ այս քայլին չէին սպասում։ Անկեղծ ասած` Հայաստանում նույնպես քչերն են հավատում նման բանի։

Միտումները փոխվել են, բայց ակնհայտորեն ոչ Ադրբեջանի օգտին

Ասել, որ երկրի ղեկավարի հիրավի սենսացիոն հայտարարությունը նախատեսված էր միայն ներքին լսարանի համար, չի կարելի։ Արցախյան հակամարտության տրամաբանությունը նման «քայլեր» թույլ չի տալիս։

Այնպես որ, Փաշինյանի այդ հայտարարության ընդհանուր համատեքստում կարելի է խոսել միայն Արցախի հարցում երկրի արտաքին քաղաքական ընթացքը փոխելու մասին։ Ո՞ր ուղղությամբ։ Առայժմ հասկանալի չէ։

Սակայն արդեն սխեմա է գծվում, որի դեպքում բանակցություններում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն այսուհետև սահմանափակված չեն լինի իրենց արտահայտություններում և ձևակերպումներում, ինչպես դա բազմիցս նկատվել է, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները ստանձնում էր չափազանց զգուշավոր Էդվարդ Նալբանդյանը։

Ադրբեջանն իսկապես հույս ուներ, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի փոփոխության դեպքում արցախյան հարցում Հայաստանի դիրքորոշումը կփոխվի Բաքվի համար առավել բարենպաստ ուղղությամբ։

Հենց այդ պատճառով Ապշերոնում շատ ուշադիր հետևել են այն ամենին, ինչ տեղի է ունեցել Հայաստանի փողոցներում և հրապարակներում` թաքուն հույս ունենալով, որ մրցակիցը, որին բանակցությունների սեղանի շուրջ չեն կարողացել ճնշել, ստիպված կլինի հեռանալ։ Սակայն Բաքվի մարտավարների ակնկալիքները չեն արդարացել։

Երևանում իշխանության են եկել էներգիայով լի և մեծատամ գայլերը

Իսկ երբ վարչապետ Փաշինյանը հանկարծ հայտարարել է, որ Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի լիարժեք կողմ, հասկանալի է դարձել, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը նախորդների նման մտադիր չէ ինչ-որ զիջումների գնալ Արցախի հարցում։

Հնարավոր է, որ Հայաստանի ԱԳՆ պահվածքը բանակցությունների սեղանի շուրջ կամ նրա արձագանքը գերտերությունների միջնորդների բազմաթիվ առաջարկներին, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում, անսովոր և ոչ ստանդարտ լինի։

 

Օրինակ` կտարբերվի այն ամենից, ինչին Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին սովորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը։ Սակայն այդ տարբերությունը բոլորովին չի աշխատի Ադրբեջանի օգտին, ինչպես ակնկալում է Բաքուն։

Իսկ երբ հնչել է երկրի ղեկավարի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ շարքային Աշոտ Նիկոլի Փաշինյանը զինվորական ծառայություն է անցնելու արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում, պարզ է դարձել մի այլ բան։

Հայաստանում հին, փորձառու, խորամանկ աղվեսներին փոխարինել են երիտասարդ, աշխույժ, մեծատամ գայլերը, որոնք այն տարիքում են, երբ խորհուրդ չի տրվում մատը նրանց բերանը դնել։

Իրականում տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ապշած են։ Անկեղծ ասած` Փաշինյանից նման բան չէին սպասում նաև համախոհները, նրանք, ովքեր հույս ունեին` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի փոխարեն կգան մարդիկ, որոնք կարող են զիջումների գնալ Արցախի հարցում։

Ծեծված արտահայտությունները նոր մարդկանց հետ բանակցություններում չեն օգնի

Այդ առումով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի արտահայտություններն ավելի քան ցուցադրական են։

Փաշինյանը` իր երկրի դիրքորոշումը ներկայացնելու բոլոր լիազորություններով օժտված մարդը, ասում է. «Այս բանակցային գործընթացը չի կարող լիարժեք համարվել այնքան ժամանակ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիիրավ կողմերից մեկը` Արցախի ղեկավարությունը»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի շուրթերից իսկույն հնչում է դիվանագիտական օղակներում ոչ հարիր, ժխտման կտրուկ ձևակերպում. «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է Լեռնայինն Ղարաբաղի անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին մասնակցել բանակցային գործընթացին, նշանակում է` նա ուզում է վերջ դնել խաղաղ գործընթացին։ Ես ասել եմ` նման բան առաջարկելը ծիծաղելի է»։

Ուրեմն ո՞վ է սպառնում վերջ դնել խաղաղ գործընթացին։ Հավանաբար, Մամեդյարովի նյարդերը տեղի են տվել նման…հանդգնությունից։ Սակայն, իրականում, արցախյան ղեկավարության մասնակցության պահանջը լիովին տրամաբանական է և հիմնվում է ներկա իրողությունների վրա, որքան էլ դրանք հերքվեն Բաքվում։

Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ ենթադրվող և սպասելի երկխոսությունը Բաքվում սկսել են կտրուկ ժխտումներից և նախապայմաններից, արդեն ձեռնտու է Հայաստանի ԱԳՆ–ին։

Թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի իշխանափոխության  սպասումների մեջ հիասթափված Իլհամ Ալիևը նույնպես թույլ է տալիս բացահայտ դիվանագիտական սխալ։ Բավական կտրուկ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այլընտրանք չունի։ Մի խոսքով կրկնում է իր մանտրան, որին բոլորն այնքան են վարժվել, որ արդեն չեն էլ արձագանքում։ Դա նշանակում է, որ Բաքվի փաստարկները վերջանում են։

Եթե ստիպված լինեն բանակցությունների սեղանի շուրջ նստել նոր մարդկանց հետո, որոնք նոր փաստարկներ ունեն` իրենց շահերը պաշտպանելու համար, ապա Բաքվի նախկին, ծեծված մանտրաները կարող են արդեն չաշխատել միջնորդների մոտ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 994 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: