Այսօր կառավարության նիստում թեժ բանավեճ է բռնկվել կուտակային կենսաթոշակի հարցով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև։

Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, եւ որ ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին, որով հուլիսի մեկից ներդրվում է կուտակային բաղադրիչը։

Վարչապետը հայտարարեց, որ «Կառավարության անդամները պետք է դեմ չքվեարկեն այս նախագծին։ Ովքեր այս պարտականությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավոր չէ, կառավարության անդամ է. «Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին: Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում մարդկանց բաժանեն սկզբունքայինի և պակաս սկզբունքայինի»։

Պարզվում է՝ ՀՅԴ-ն սկզբունքներ ունի, ավելի ճիշտ՝ Արծվիկ Մինասյանն այդպես է կարծում: Այդ սկզբունքներն են եղել առաջնային, որ ՀՅԴ-ն մաս է կազմել գրեթե բոլոր կառավարություններին, բացի Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Քանի որ այդ ժամանակ սկզբունքը խախտվել էր, ՀՅԴ-ն միացավ Սարգսյանի կառավարության դեմ քառյակի պայքարին, որպեսզի օգնի տապալել եւ տեղ ունենալ նոր կառավարությունում:

Մնացյալ բոլոր դեպքերում ՀՅԴ-ն եղել է կառավարություններում, եւ պետք է նկատել, որ բոլոր վարչապետները նյարդայնանում էին նրա ներկայությունից: Եվ դա չէին էլ թաքցնում: Բանն այն է, որ նախկին նախագահները ՀՅԴ-ին մտցնում էին կառավարություններ հենց վարչապետներին նյարդայնացնելու, նրանց արեալը սահմանափակելու համար:

ՀՅԴ-ն ըստ էության ամոթալի մի դերում էր, որի ներկայությունը կառավարությունում որեւէ իմաստ չուներ, բացի կուսակցական ղեկավարության քվոտաներից:

Եվ հետաքրքիր է, որ վարչապետներին նյարդայնացնում էր եւ է հենց Արծվիկ Մինասյանը: Այդպես էր թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի, թե Նիկոլ Փաշինյանի օրոք: Եվ զարմանալիորեն, անկախ այս վարչապետների անձնական ու քաղաքական որակներից, պատճառները նույնն են: Կամ Արծվիկ Մինասյանն է բավական անհամարժեք, կամ տեղի-անտեղի առաջ է հրում մի բան, որը գոյություն չունի՝ սկզբունքայնություն:

ՀՅԴ-ն լքեց ՀՀԿ հետ կոալիցիան ու միացավ թավշյա հեղափոխությանը, որպեսզի չկորցնի տեղերը կառավարությունում: Այլ մոտիվացիա չկա, եւ դա են վկայում ՀՅԴ-ականների ակնարկները, թե պետք չեն արտահերթ ընտրություններ: Կարծես թե հենց Արծվիկ Մինասյանն էր այդ մասին խոսել:

Այստեղ մեկ այլ հանգամանք կա՝ ՀՅԴ-ն չի անցնի ընտրության նվազագույն շեմը, ինչպես չի անցել վերջին երեք ընտրությունների ժամանակ: ՀՅԴ-ն խորհրդարանում ու կառավարությունում էր հայտնվել ՀՀԿ-ի ողորմածությամբ, իսկ նոր ընտրության դեպքում հովանավոր արդեն չկա:

Ահա այս ֆոնին էլ դրսեւորվել է Արծվիկ Մինասյանի անհամարժեքությունը, որով փաստորեն ուզում էր ցույց տալ, թե ՀՅԴ-ն ավելի սկզբունքային է, քան օրինակ Ելքը, որի մի մասը ժամանակին դեմ էր կուտակայինին:

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքն արդեն երկրորդն է ՀՅԴ-ի հասցեին: Առաջինը խորհրդարանում էր, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ճիշտ է՝ անուղղակի, երբ բոլորին հիշեցրեց, որ առաջնայինը հեղափոխության օրակարգն է, եւ կուսակցությունները լավություն չեն անում ժողովրդին՝ հեղափոխությանը միանալով:

Բայց սա դեռ սկիզբն է, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված դեռ շատ է հիշեցնելու այս մասին: Քանի որ սերն ու համերաշխությունը մի քիչ շուտ էին, դա անխուսափելիորեն ընկալվելու էր այլ կերպ, եւ այդպես էլ եղել է: Ընդ որում, բարդ իրավիճակում դնելով նաեւ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմին:

Նյութի աղբյուր www.lragir.am