Загрузка...
22:59
ԱԱԾ-ն խփեց տասին. հեռացող համակարգը խառնվեց իրար

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց կոռուպցիայի դեմ խոստացված եւ ազդարարված պայքարի առաջին կոնկրետ տեղեկությունը, որն առնչվում էր Նորֆոլկ ընկերությանը: Ընկերությունը ստեղծել է ՊԵԿ նախկին ղեկավարությունը՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: Դրա շնորհիվ Վարդան Հարությունյանը փաստացի լուծեց Հայաստանում տարիներ շարունակ անլուծելի թվացող «կարգոների» խնդիրը, որոնք իրականացնելով փոքր ու միջին առեւտրով զբաղվողների ապրանքների ներկրումն արտերկրից ու մաքսազերծումը Հայաստանում, աշխատում էին տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ բյուջե վճարում շատ քիչ:

ՊԵԿ այն ժամանակ նոր ղեկավարությունը դե ֆակտո ստեղծեց Նորֆոլկ ընկերությունը, որի դե յուրե հիմնադիրը օֆշորից է, ու «կարգոներից» վերցրեց մաքսազերծման իրավունքը:

Դրա մի քանի ամսի գործունեությունից հետո ՊԵԿ-ը տեղեկատվություն տրամադրեց, թե ինչպես է մեկ ընկերության գործունեության արդյունքը մի քանի անգամ բազմապատկել մաքսազերծումից բյուջե մտնող փողի ծավալը, որը գերազանցում է նախկինում մի քանի «կարգոների» համախառն մուտքագրած փողի ծավալին:

«Կարգոներն» իհարկե պատկանում էին ոչ պատահական անձանց, քանի որ պատահական անձինք հայաստանյան համակարգում չէին կարող առնչություն ունենալ մի քանի տասնյակ միլիոն դոլար տարեկան շրջանառություններին, դա դեմ էր համակարգի տրամաբանությանն ու բնույթին եւ ավելին՝ պատահական անձինք այդպիսի պարագայում կլինեին մահացու վտանգ համակարգի համար: Դա հիմք է տալիս ենթադրել, որ ՊԵԿ այդ գործողությունը չէր կարող լինել առանց ամենաբարձր՝ Սերժ Սարգսյանի հավանության: Համակարգի անվտանգության տրամաբանությունը հուշում էր, որ եթե տասնյակ միլիոն դոլարների շրջանառությամբ մի ոլորտ իքս ընկերություններից վերցվում ու հանձնվում է իգրեկ ընկերությանը, ապա դա կարող է լինել միայն ամենաբարձր մակարդակի որոշմամբ կամ առնվազն հավանությամբ:

Ի դեպ, դրա մասին է վկայում նաեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արձագանքը ԱԱԾ հաղորդագրությանը: Բաղդասարյանը փաստացի չի հերքում, որ տեղի է ունեցել մեղմ ասած օրենքի հետ խնդիր ունեցող գործունեության կազմակերպում: Նա ասում է սակայն, թե պետք է հաշվի առնել նախկին կառավարության շրջանում պայմանավորվածությունները: Այլ կերպ ասած, նա կամա թե ակամա խոստովանում է, որ նախկին, այսինքն նախաթավշյա իշխանության շրջանակում տեղի է ունեցել անօրինական պայմանավորվածություն:

Մյուս կողմից, ամենեւին զարմանալի էլ չէ, որ նախկին կամ նախկին դարձող, հեռացող համակարգը մի անօրինականությունը փորձել է հանգուցալուծել կամ հաղթահարել մեկ այլ անօրինականությամբ՝ «կարգոներին» փոխարինել մեկ « յուրային կարգոյով»: Ինչպես հայտնի արտահայտությունը՝ «նա շան տղա է, բայց մեր շան տղան է»:

Բանն այն է, որ նախկին համակարգի առաջին դեմքերը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի, վերափոխումների անհրաժեշտության մասին, խոշոր հաշվով տողատակում նկատի ունեին ընդամենը առկա համակարգի էֆեկտիվության ու կենսունակության բարձրացումը, ոչ թե փոփոխությունը: Հետեւաբար, ոչ էֆեկտիվ դարձող ստվերային մեխանիզմները փոխարինվում էին ոչ թե օրինական, այլ պարզապես ավելի էֆեկտիվ թվացող ստվերային մեխանիզմներով: Ընդ որում, դա օբյեկտիվ էր, քանի որ հնարավոր չէ համակարգը արմատապես, վերից վար չփոխելով՝ իսկ այդպիսի խնդիր նախկինում դրված չէր, փոխել որեւէ առանցքային գործունեություն օրինական մեխանիզմով, եթե ամբողջ համակարգն ինքը կառուցված է անօրինական մեխանիզմների վրա: Իսկ մաքսային ոլորտը գերկարեւոր ոլորտներից մեկն է:

Դրան զուգահեռ էլ, անկասկած խնդիրը նաեւ ներիշխանական կլանների պայքարի դաշտում էր, որում էլ տեղի է ունեցել ֆինանսական հոսքերի ուղղության վերաբաշխում:

Պատահական չէ, որ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարված գործընթացը, խոշոր բացահայտումների հավաստիացմամբ, սկսում է մաքսային ոլորտից, քանի որ այստեղ է Հայաստանում հին համակարգի հիմնական «ոռոգման ցանցերից» մեկը:

Ու քանի որ այժմ քաղաքական խնդիրը փոխված է, այսինքն կա ոչ թե համակարգի ոչ էֆեկտիվ ստվերային մեխանիզմը ավելի էֆեկտիվ ստվերային մեխանիզմով փոխելու խնդիր, այլ խնդիրը համակարգի փոփոխությունն է, ԱԱԾ-ն ձեռնամուխ է եղել իրավիճակի բացահայտմանը:

Որքա՞ն հեռուն կգնա դա, բավական բարդ է ասել, դա կախված է նաեւ նրանից, թե որքան սկզբունքային կլինի նոր քաղաքական իշխանությունը համակարգի փոփոխության օրակարգի հարցում: Միեւնույն ժամանակ, այստեղ անհրաժեշտ է հստակեցնել թերեւս, որ գլխավոր խնդիրը այդ առումով ոչ թե բանտերը կոռուպցիոներներով լցնելն է, այլ առաջին հերթին նրանց ստիպելը, որ իրենց իսկ գրպանից լցնեն իրենց իսկ ձեռքով դատարկված պետական գանձարանը, այդպես ստանալով տնտեսական համաներման հնարավորություն:

«Նստելու» մեխանիզմը կարեւոր ու աշխատող կարող է լինել, եթե խոսքը վերաբերում է սրանից հետո տեղի ունեցող կոռուպցիոն երեւույթներին, երբ դրանք շարունակվում են արդեն նոր իրավիճակում, անտեսելով այլ կերպ աշխատելու հորդորները:

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ ներկայիս բացահայտումը կարող է ուշագրավ հետեւանք կամ ազդեցություն ունենալ իշխանության ներսում հարաբերությունների վրա, եթե կասկածվող կամ մեղսագրվող հանցանքը տեղի է ունեցել ներքին լայն եւ բարձր պատասխանատվությամբ: Դա նշանակում է, որ հեռացող համակարգի ներսում այժմ կսկսվի փոխադարձ պահանջների ու մեղադրանքների, ու նաեւ շանտաժի ու սպառնալիքների մի լայն գործընթաց, եւ այդ առումով ԱԱԾ-ն խփեց տասին:

Նյութի աղբյուր  www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 839 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2  
Лела
https://drive.google.com/file/d/1ex3RzThBbJqbxY843SNwhc63xil1X5-v/preview

1  
Чимит
https://drive.google.com/file/d/1RwmDzPof9bZKq6gfJ_i0dk5KeQ4kqRbI/preview

Имя *:
Email *:
Код *: