Загрузка...
21:19
ԱԱԾ-ն ճեղքեց շղթան. Թալանի բուն արմատը

 

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Գրիգ ընկերությունում իրականացվող հատուկ գործողությունների եւ ստուգումների մասին, որոնց արդյունքում բացահայտվել է ֆինանսա-փաստաթղթային մեքենայությունների մի հսկա ծավալ, որն ըստ ԱԱԾ-ի օգնել է ընկերության թաքցնել 40 միլիարդ դրամի շրջանառությունն ու դրանից 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ վճարելու փոխարեն վճարել է ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Դա արվել է 461 անհատական ձեռնարկությունների միջոցով, որ ըստ ԱԱԾ ստեղծել է Ալեքս Գրիգը տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալներով, հաճախ առանց այդ քաղաքացիների իմացության:

ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ: Ընդ որում, ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենը զգալիորեն կատարվել է ՊԵԿ նախկին ղեկավարության իմացությամբ: Դարձյալ ըստ ԱԱԾ հայտարարության, նույն երեւույթն առկա է 11 այլ խոշոր առեւտրային ցանցերում, որոնք այդպիսով անհավասար պայման են ստեղծել մյուս՝ ավելի փոքր առեւտրային օբյեկտների համար: ԱԱԾ-ն կոչ է անում 11 ցանցերին ինքնակամ հաշվարկել չկատարված հարկային պարտավորությունները: Որոնք են մյուս ցանցերը, չի մանրամասնվում, թեեւ դժվար չէ կռահել:

ԱԱԾ հայտարարությունը մի կողմից սենսացիա է, մյուս կողմից սակայն դրանից կզարմանան թերեւս քչերը: Վերջին հաշվով, օրինակ ապրիլ-մայիսին հարյուր հազարավոր մարդկանց փողոց էր դուրս բերել ոչ թե այն, որ նրանք վատ են ապրում, այլ այն, որ նրանք գիտեն, թե ինչու է վատ վիճակում պետությունը, գիտեն, որ այդ վիճակը կոռուպցիոն սխեմաների, ապօրինի հարստացման, պետական հովանու ներքո ֆինանսական մեքենայությունների հետեւանք է:

Ըստ այդմ, ներկայում զարմացած են երեւի թե շատ քչերը, կամ ոչ ոք: Ներկայում մարդկանց հետաքրքրում է գուցե երկու հարց՝ լինելու՞ են պատասխան տվողներ, եւ լինելու՞ է չվճարված փողի վերադարձ պետությանն ու հանրությանը: Խոշոր հաշվով, կարեւորը թերեւս հենց դա է, ու նաեւ այն, որ այդօրինակ մեքենայություններն ու սխեմաները բացառվեն հետագայում: Կլինե՞ն կալանավորվողներ, այդ թվում օրինակ օլիգարխներ, գուցե հանրության մի մասի համար պահանջված է, բայց սկզբունքորեն դա էական չէ, որովհետեւ դա իհարկե խնդրի լուծում չէ, եթե իհարկե խոսքը տնտեսական բնույթի հանցագործության մասին է:

Այդ դեպքում պետք է պարզապես վերադարձնել գողացվածը, դրամ առ դրամ, որպես տնտեսական համաներման գին եւ նոր իրավիճակում նաեւ սեփականության անձեռնմխելիության շուրջ օրենքի շրջանակում համաձայնության հիմք:

Մյուս կողմից, իրավիճակը բազմաշերտ է եւ նուրբ, որովհետեւ խոսքը կարծես թե արատավոր եւ փակ շրջանի մասին է: Նախ իհարկե հարկ է հստակեցնել, որ քանի դեռ որեւէ մեկի հանցանքը հաստատված չէ դատարանի վճռով՝ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, անկախ հանրային համոզումներից: Հաջորդիվ, անկասկած է, որ տեղի ունեցածը հնարավոր է եղել քաղաքական հովանու պայմաններում, քաղաքական իշխանության հետ սերտաճածության պայմաններում:

Կոռուպցիոն սխեմաների, մեքենայությունների շուրջ համաձայնությունն ու պայմանավորվածությունը ունեցել է շատ կոնկրետ նպատակ ոչ միայն հարստանալու, այլ նաեւ իշխող համակարգի վերարտադրության եւ պահպանման շուրջ:

Հետեւաբար բավական բարդ է ասել, թե ով է տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն՝ իրականացնո՞ղը, թե՞ քաղաքական հովանավորը, որը ապահովել է իրավապահների եւ արդարադատության անշարժությունը:

Առաջին հայացքից դա կարող է թվալ անկարեւոր խնդիր, բայց քաղաքական հովանու համար պատասխանատուների հանգամանքը գուցե ավելի կարեւոր է, որպեսզի այդ գործում ներգրավված անձանց արգելվի երբեւէ Հայաստանում զբաղվել քաղաքական եւ պետական գործունեությամբ: Ընդ որում, այդ արգելքը թերեւս պետք է կրի հստակ իրավական, օրենսդրական բնույթ՝ հետագայում այդօրինակ քաղաքական հանցավոր համաձայնությունների կանխարգելման հնարավորինս ամուր մեխանիզմներ ստեղծելու համար:

Միեւնույն ժամանակ, այստեղ կա մեկ այլ կարեւոր պահ էլ՝ քաղաքական պատասխանատուների հայտնաբերման եւ բացահայտման մասով: Դա թույլ կտա Հայաստանում զգալիորեն արգելափակել քաղաքականության մեջ խիստ տարածված երեսպաշտությունը, որ հատկապես առկա է իշխանության ամենատարբեր նախկին ներկայացուցիչների շրջանում, որոնք իշխանությունից զրկվելուց կարճ ժամանակ անց կարող են դառնալ ընդդիմություն եւ վերստին հավակնել իշխանության, առավել եւս փրկչի տեսքով:

Այն դեպքում, երբ ներկայում բացահայտվող մեքենայություններն ու կոռուպցիոն սխեմաները ամենեւին էլ նորաբողբոջ չեն, դրանք վաղուց արդեն «հաստաբուն» են եւ ունեն շատ խորը գնացող արմատներ: Իսկ այդ առումով, Հայաստանն ունի ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական մաքրման անհրաժեշտություն, որպեսզի նոր Հայաստանը ազատվի ոչ միայն հին սխեմաներից, այլ նաեւ հին երեսպաշտներից:

 Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 687 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: